Նիկոլի, արծաթի եվ տասը պատվիրանների մասին

Նիկոլի, արծաթի եվ տասը պատվիրանների մասին

Մինչ Աստծո 10 պատվիրաններին եւ Նիկոլի վարքագծին անցնելը, թույլ տվեք ներկայացնել աստվածաշնչյան 10 մնասի (արծաթի) առակը: Եվ, ուրեմն՝ մի ազնվական գնում է հեռու երկիր, որ թագադրվի եւ վերադառնա: Նա կանչում է իր 10 ծառաներին, տասը մնաս տալիս նրանց եւ ասում՝ բանեցրեք, մինչեւ գամ: Քաղաքացիները, սակայն, ատում էին այդ ազնվականին եւ նրա հետեւից պատգամավորներ են ուղարկում, թե չենք ուզում, որ դու թագավոր լինես մեզ վրա: Բայց այնպես եղավ, որ ազնվականը թագադրված վերադարձավ եւ հրամայեց կանչել իր ծառաներին, որպեսզի իմանա, թե նրանք ինչ են շահել իր տված արծաթից: Եվ առաջին ծառան եկավ ու ասաց.

« Տեր, քո մնասը շահեց տասը մնաս»: Եվ թագավորն ասում է՝ իմ լավ ու բարի ծառա, որովհետեւ այն քչերից ես, որ հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Եվ երկրորդ ծառան առաջ եկավ ու ասաց. «Տեր, քո մնասը հինգ մնաս շահեց»։ Դու էլ հինգ քաղաքի վերա իշխանություն ունեցիր՝ ասաց թագավորը: Իսկ երրորդ ծառան վերադարձնում է մնասը. «Տեր, ահա քո մնասը, որ վարշամակի (թաշկինակ) մեջ պահել եմ, որովհետեւ վախենում էի քեզնից, որովհետեւ դու խիստ մարդ ես, վերցնում ես՝ ինչ որ քոնը չէ, եւ հնձում ես՝ ինչ որ դու չես ցանել»:

- Քո խոսքերի համար դատում եմ քեզ, չար ծառա,- ասում է թագավորը,- եթե դու գիտեիր, որ խիստ մարդ եմ, որ վերցնում եմ այն, ինչ իմը չէ, եւ հնձում եմ այն, ինչ ես չեմ սերմանել, ապա ինչո՞ւ իմ մնասը չտվեցիր սեղանավորներին, որպեսզի ես գայի եւ շահով հետ առնեի այն:
Եվ թագավորը կանգնածներին կարգադրում է՝ ծառայից հետ վերցնել մնասն ու տալ 10 մնաս ունեցողին: Եվ թագավորին ասում են. «Տեր, բայց նա արդեն 10 մանաս ունի»:

- Այ, դրա համար եմ ձեզ ասում, որ ամեն ունեցողին կտրվի, իսկ չունեցողից հետ կվերցվի այն, ինչ ունի: Իսկ հիմա այստեղ բերեք բոլոր նրանց, ովքեր չէին ուզում, որ ես թագավորեմ, եւ իմ աչքի առաջ սպանեք,- զայրացած ասում է թագավորն ու առաջ գնում, որ բարձրանա Երուսաղեմ:
Սա է այն առակը, որ Փաշինյանը հիշել է մեր Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ եւ վերջում, որպես ընդհանրացում, ոչ հայերեն մի հիմարություն բացականչել. «Եվ, հետեւաբար, ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»: Ով բան հասկացավ, թող բացատրի, իսկ ես անցնեմ բուն ասելիքին:

Եվ այսպես՝ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, Փաշինյանը: Ինչու եմ անցյալ ժամանակով հարցնո՞ւմ: Նախ՝ ստորեւ շատ խիստ բաներ եմ ասելու նրա մասին, եւ ապա՝ եթե ներկա ժամանակով ասեմ՝ կարող են քրեական գործ հարուցել իմ դեմ՝ նախորդ գործը դեռ չփակված: Ես հո կրկնահանցագործ չե՞մ: Պայմանավորվեցի՞նք: Եվ, ուրեմն. ոչ, Փաշինյանը բարոյական մարդ չէր: Նա մի շարքային սագագող էր, որ իրեն համեմատում էր Աստծո հետ: Կարդացեք Աստծո առաջին պատվիրանը. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3)»: Իսկ ինչ էր ասում Փաշինյանը. «Ես եմ ձեր տեր վարչապետը, ինձնից բացի այլ վարչապետ չպիտի լինի ձեզ համար»: Հաջորդիվ նա արդեն ոտնձգություն է կատարել երկրորդ պատվիրանի դեմ՝ նույնանալով Տիրոջ հետ. «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4)»: Ուզեցել է ասել՝ ես եմ, որ կամ, եւ ոչ մի քաղաքական ուժի մեջ ինձ փոխարինող մի փնտրիր:

Երրորդ պատվիրանը մեզ հորդորում է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես (Ելից. 20:7)», սակայն չի ասում, թե ինչ կլինի մեզ հետ, եթե Աստծո անունը թեկուզ զուր տեղը արտասանենք: Փաշինյանի պարագայում, սակայն, ամեն ինչ հստակ էր առաջին օրվանից: Նրա անունն ավելորդ անգամ տալը, նրան քննադատելը պիտի հետապնդվեր օրենքով եւ հետապնդվեց: Բանտերում հայտնվեցին մարդիկ, որ հաճախ էին տալիս նրա անունը եւ նրան մեղադրում ազգակործան պատուհաս դառնալու մեջ:

Հաջորդ երկու պատվիրանների մասով շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ դրանք ավելի շատ Փաշինյանի անձնական կյանքին են վերաբերում, որն ինձ չի հետաքրքրում: Փոխարենը գիտեմ, թե Փաշինյանն ինչպես է պղծել 6-րդ (մի սպանիր), 7-րդ (մի շնանա), 8-րդ (մի գողանա), 9-րդ (քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի տուր) եւ 10-րդ (ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր) պատվիրանները: Նա սպանել է, նա շնացել է, նա գողացել է, նրա տված սուտ վկայություններով մարդիկ են ընկել դատարանների դռները, նա մերձավորների (առնվազն մտերիմների) ունեցածի վրա միշտ էլ աչք է ունեցել:

Այս պահի ձեր տրամադրությունից զգում եմ, որ ինձ հետ համաձայն չեք հատկապես 7-րդ պատվիրանի հարցում, այն է՝ մի շնանա: Դուք իրավացի եք, իհարկե, բայց հարցն այն է, որ ես, ի տարբերություն ձեզ, շնանալը Նիկոլի պարագայում այլ կերպ եմ հասկանում: Որքան էլ զարմանալի թվա, ես դա չեմ կապում նրա արտաամուսնական հերոսությունների հետ: Արդեն ասացի, որ Փաշինյանի անձնական կյանքն ինձ երբեք չի հետաքրքրել: Ես պարզապես չգիտեմ՝ ուրիշ ինչ խոսքով բնութագրել այն մարդու արարքը, որ համաձայնում է սեփական երկիրը փրթիկ-փրթիկ անել, դավաճանել, ստել, քանդել, ոչնչացնել, պղծել, բարոյազրկել, միայն թե դառնա կամ մնա վարչապետ ու վայելի իշխանության բարիքները: