Մեր ազգը նախագահի թեկնածուին պիտի գտնի իր հոգեւորական քաղաքացիներից դուրս

Մեր ազգը նախագահի թեկնածուին պիտի գտնի իր հոգեւորական քաղաքացիներից դուրս

Նախօրեին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի հնարավոր նախագահի թեկնածու տեսնում է հոգեւոր աշխարհից որեւէ սրբազանի։

Այս ելույթից հետո բուռն քննարկումներ սկսվեցին հայկական սոցիալական ցանցերում, որոնք ավելի շատ բացասական բնույթի էին։

«Հրապարակը» թեմայի շուրջ զրուցել է գրականագետ Սերժ Սրապիոնյանի եւ Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի հետ։

«Երկակի մոտեցում ունեմ Ռոբերտ Քոչարյանի երեկ՝ ասուլիսի ժամանակ արված նախագահի թեկնածուի առաջարկի մասով։ Մեկն այն է, որ այս գնացող նախագահն ինձ համար կամային մարդ չէր։ Այն հրահանգները, որ իրեն տրվում էին պալատից, անմիջապես կատարում էր կամ ձեւական հետաձգումներ անում։ Բոլորիս աչքի առաջ է եղել նրա, մեղմ ասած, անհեթեթ գործունեությունը։ Հիմա անձնավորում են ամեն ինչ, մեր ժողովուրդը դրան սովոր է։ Այս անձնավորումից ելնելով էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եթե դուք ուզում եք, որ այս ժողովրդի ինքնությունը շատ լավ ճանաչող եւ հասկացող, այդ ինքնությունը գնահատող, այդ ինքնության համար պատրաստ մարտնչող մարդ լինի ձեր նախագահը, որը գոնե նախագահին սահմանադրորեն տրված իրավասություններն ինչ-որ չափով կարող է օգտագործել, մի սրբազան բերեք, դրեք»»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Գրականագետը նշեց, որ ինքը Քոչարյանի ասածի մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում, եւ հավելեց, որ մեր սրբազանների մեջ կան մարդիկ, որոնք քաղաքացիական իրենց դիմագիծը երբեք չեն կորցնում։ Օրինակ բերելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյան Սրբազանին՝ ասաց, որ վերջինս ժողովրդի ուզած քաղաքական գործչից էլ ավելի պետական հարցերով մտահոգ հոգեւորական է։

«Այսօր ամբողջ համացանցն այս թեմայի շուրջ լցված է Հայաստանից դուրս ապրող հայերի բացասական քոմենթներով։ Այնտեղից այստեղ դաս են տալիս մեկին, որի ամբողջ գիտակցական կյանքն անցել է այս շահերի նվիրվածությամբ։ Մեր պատմության մեջ որքա՜ն հոգեւորականներ կան, որոնք իրենց վրա վերցրած են եղել նախագահի պարտականությունները։ Խրիմյան Հայրիկի գործունեությունը, Վազգեն Առաջինը, ով խորհրդային վատ տարիներին ինչպես էր պահում եկեղեցին եւ իր ժողովրդի միասնականությունը։ Այսօր մեզ ի՞նչն է շատ պակասում՝ հենց միասնականությունը։ Ինչո՞ւ, հենց նեղվում ենք, մի քիչ խնդիրներ ենք ունենում միասնականության, ազգային գաղափարաբանության շուրջ համախմբվելու, վազեվազ գնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած առաջարկը պետք է դիտել իբրեւ խորհրդանիշ, իբրեւ միտք։ Եվ եթե ժողովուրդն ամենակատարյալին է որոնում, նրան պետք է գտնել իրենց հավատավոր համարող մարդկանց մեջ։

«Դա ինչ մի աղմկելու բան է։ Այս արհեստական աղմուկը, մանավանդ այս իշխանական թեւի ներկայացուցիչների կողմից, դերասանական մի բեմականացում է, անտեղի մի բան, եւ դրան չպիտի լուրջ վերաբերվել։ Այստեղ ավելի շատ խնդիրը վերաբերում է նախագահի սահմանադրորեն սահմանափակ հնարավորություններին՝ ի շահ հայի եւ հայության, ի շահ ազգի, ի շահ պետականության կիրառելու, եւ դրա լավագույն թեկնածուն կարող է լինել իր հոգեւոր համոզմունքներով այնպիսի մեկը, որը հեռու կլինի բիզնեսից, ամեն ինչից, որը, վերջին հաշվով, իր կյանքի ամենակարեւոր որակի վրա խաչ է քաշել, գնում է կուսակրոնության, սա արդեն ինքնազոհում է։ Մարդու տեսակի համար էր ասում, ոչ թե ասում էր՝ գնացեք եպիսկոպոս բերեք, դրեք նախագահ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց գրականագետը։
Սրապիոնյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունների վերաբերմունքը Մայր Աթոռի հանդեպ մանրամասնորեն մտածված հակահայկական ծրագիր է։ Վերջինիս խոսքով, իշխանությունները թշնամական վերաբերմունք են ցույց տալիս եկեղեցական բոլոր կառույցների նկատմամբ։ «Նույնիսկ խորհրդային տարիներին այսպիսի հալածանք չի եղել, ինչպես այսօր, մեղմ ասած՝ հակազգային երեւույթների կողմից է արվում։ Ես այդ համոզմունքն ունեմ, որովհետեւ իրենք են այդ համոզմունքին ինձ բերել։ Իրենց վերաբերմունքը, արհամարհական արտահայտությունները հայոց եկեղեցու նկատմամբ, պատմական առաքելության վերաբերյալ, դրա վկայությունն են»։

«Նրանք ուղղակի պղծեցին Մայր Աթոռը, երբ Վեհափառին իբրեւ ինստիտուտ, իբրեւ կառույց բերեցին անձնավորեցին, ինչպես ամեն ինչն են անձնավորում։ Եվ Վեհափառի հանդեպ ցույց տվեցին, մեղմ ասած, անբարոյական մոտեցում։ Նրանք հստակ հաշվարկել են, որ եթե խոսքը վերաբերում է Մայր Աթոռին, ապա մեր ժողովրդի գրեթե բոլոր խավերի մեջ Մայր Աթոռի վերաբերմամբ կա հստակ ընդգծված համակրական վերաբերմունք։ Եվ մեր հույսը միշտ եղել է եկեղեցին, անկախ նրա հայրապետական աթոռը զբաղեցնող անձից»,- նշեց Սրապիոնյանը։
Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանեսն էլ կարծում է, որ մեր ազգը ներուժ ունի եւ իր պատշաճ թեկնածուին պետք է գտնի հոգեւորական քաղաքացիներից դուրս։

«Քաղաքական դաշտում թող քաղաքական ուժերն իրենց նախընտրած թեկնածուին ընտրեն։ Ես հոգեւորականներին տեսնում եմ իրենց հոգեւոր ծառայության մեջ։ Աստված տա՝ մեր բանակը, պետությունը հզոր լինեն, եւ մենք՝ բոլոր հոգեւորականներս, զբաղվենք Աստծո ծառայությամբ։ Քաղաքական դաշտում պետք է քաղաքական կայացած գործիչներ լինեն, որպեսզի լուրջ տնտեսություն, արդյունաբերություն, պետականություն ունենանք։ Իհարկե, նվազագույն ներգրավվածությամբ մնացած հարցերում, բնականաբար, այս երկրի քաղաքացիներ լինելով՝ հոգեւորականները կարող են ազգային տարբեր հարցերում իրենց մոտեցումներն ունենալ։ Այնուամենայնիվ, ես եկեղեցին տեսնում եմ Աստծո խոսքի քարոզչության, հոգեւոր սպասավորության մեջ, ծիսաարարողական կյանքում, մանավանդ, որ մեր ազգի ներկա վիճակը, կարծում եմ, հոգեւոր, բարոյական արժեքների անկումային փուլում է»,- ասաց հոգեւոր հովիվը։