Ինչո՞ւ է ՌԴ առողջապահության նախարարը վերջին պահին չեղարկել Հայաստան այցը

Ինչո՞ւ է ՌԴ առողջապահության նախարարը վերջին պահին չեղարկել Հայաստան այցը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր սկսվել է Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը, որի վերաբերյալ նախօրեին հաղորդագրություն էր տարածել նախարարությունը՝ հրավիրելով լուսաբանման։ Հոկտեմբերի 18-ին տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ համաժողովին ներկա է գտնվելու ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Նշվում էր, որ երկու երկրների առոջղապահության նախարարները հանդես կգան ճեպազրույցով ու կպատասխանեն լրագորղների հարցերին։ Սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, նախարարությունը խմբագրեց իր հայտարարության տեքստը՝ նշելով, որ ճեպազրույց կտան ոչ թե նախարարները, այլ նրանց տեղակալները։ Պարզվեց՝ ՌԴ առողջապահության նախարարը չի ժամանել Հայաստան։ Վերջին պահին կա՛մ փոշմանել է, կա՛մ ինչ-որ բան է տեղի ունեցել, և նրա այցը չեղյալ է համարվել։ Փոխարենը Հայաստան է ուղարկել իր տեղակալներից մեկին՝ Տատյանա Սեմյոնովային։ 

Նշենք, որ այս համաժողովն առաջին անգամ չէ, որ անցկացվում է Հայաստանում՝ արդեն հինգերորդ տարին է՝ մի տարի Հայաստանում է ընթանում, մյուս տարին՝ Ռուսաստանում, և նախկինում մշտապես ՌԴ-ից հենց նախարարն է ժամանել Հայաստան՝ հանդիպելով Լևոն Ալթունյանի, նրանից առաջ՝ Արմեն Մուրադյանի հետ։ Հիմա, չգիտես ինչու, որոշվել է, որ տեղակալը գա, ինչը հարուցել է ոլորտի ներկայացուցիչների տարակուսանքը։ Ոմանց կարծիքով՝ սա խոսում է ՌԴ-ի կողմից որոշակի վերաբերմունքի մասին Հայաստանի կամ նախարարի հանդեպ։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովին առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան ներկաներին է փոխանցել առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը: Իսկ թե որոնք են եղել այդ «որոշակի հանգամանքները», չի նշվում։ Արսեն Թորոսյանն էլ իր ելույթում ափսոսանք է հայտնել՝ դարձյալ հղում անելով «որոշակի հանգամանքներին», որոնք, ըստ Թորոսյանի, «վերջին պահին թույլ չեն տվել Վերոնիկա Իգորովնային թռչել, ինչպես նախատեսվել էր նախապես»։ 

Փորձեցինք նախարարությունից հասկանալ՝ որն է եղել այցի չեղարկման պատճառը, սակայն նախարարությունից էլ նույն պատասխանը տվեցին՝ հղում անելով նախարարի խոսքերին։ Մնում է հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ հենց այս իշխանությունների դեպքում են նման «հանգամանքներ» ի հայտ գալիս այլ երկրների, ի մասնավորի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։