Այսքան մահ ու ավեր վրադ, ո՞նց ես ապրելու, տղա

Այսքան մահ ու ավեր վրադ, ո՞նց ես ապրելու, տղա

Երկրաշարժի զոհերի ոգեկոչման օրը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Սա քմահաճ ու ինքնաբավ պահվածք չէր հոգեւոր հովվի կողմից, սա Նիկոլի քաղաքական եւ բարոյական կշռի չափն էր:  

Բաքվում հաղթանակի շքերթի ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը Ադրբեջանի պատմական տարածքներն են: Հայտարարում էր, որ Շուշին իրենց Շուշան քաղաքն է, եւ ունեցավ քաղաքը, որովհետեւ Նիկոլը Հայաստանի վարչապետն էր: Վստահ է, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանն էլ կունենա, քանի դեռ Նիկոլը վարչապետ է: Եվ պատրաստվում է նոր պատերազմի, մինչեւ Նիկոլը կհեռանա: Սա սեփական հասարակությանը տոնական փուչիկ մատուցել չէր, սա Նիկոլին շքերթի հրապարակով որպես ռազմագերի անցկացնել էր սեփական հասարակության առջեւով, նաեւ՝ աշխարհի:  

Նույն Ալիեւը նույն հրապարակում հայտարարում է, որ քոչվորների հետ չպետք է խոսվի առեւտրային, դիվանագիտական հարաբերությունների մասին: Սա Անդրանիկ Քոչարյանին եւ ՔՊ-ին պատասխան չէր` թշնամուն չափազանց քրիստոնեաբար ընդառաջ գնալու եւ շատ սիրելու համար: Սա Նիկոլին շքերթի հրապարակից դուրս շպրտել էր` մեռածի վրա տապանաքար դնելու պես: Իրական քոչվորը մեզ է քոչվոր ասում եւ այդպես մատուցում աշխարհին, որովհետեւ Հայաստանի վարչապետը Նիկոլն է:  

Էրդողանը` երկրի վրա իր գործն արած, դիմում է երկինք` ոգեկոչելով մեռելներին, թե փառավորվում է հիմա Էնվեր փաշայի հոգին` տեսնելով հայերի նկատմամբ տարած այս հաղթանակի զորահանդեսը: Էնվերը Հայոց ցեղասպանություն իրագործածն է, գլխավոր հրեշներից մեկը: Մենք չենք պնդում, որ այս պատերազմը ցեղասպանություն էր, թուրքն է խոստովանում: 1915-ին պետություն չունեինք, հիմա` մինչեւ վերջերս, հաղթանակած բանակով պետություն էինք: Այս նոր ցեղասպանությունը տեղի ունեցավ, Նիկոլ, երբ դու ՀՀ վարչապետ էիր եւ դեռ: Այսպես գրվեց մեր պատմության նոր էջը քո ստորագրությամբ:  

Խոսում են շուրջ 5 հազար զոհի մասին այս պատերազմում` հիմնականում 18-20 տարեկան: Գրեթե մի ամբողջ սերունդ է ոչնչացվել` վաղվա Հայաստանը: Ամեն օր հրապարակում ծնողներ են հավաքվում ու աղերսում` պահանջելով իրենց որդիներին՝ ողջ կամ մեռած, մի հույս տվող լուր են ուզում: Մոտ 40 հազար տեղահանվածներ կան Արցախից, որ վառել են սեփական տները եւ այսօր բնավեր ու շվար չգիտեն ինչ անեն: Վերջապես Արցախ ենք կորցրել` արյունով ազատագրած ու քառորդ դար ամրացրած: Հայաստանն է խարխլվել, բաց է թշնամու առաջ, միայն թե ցանկանա: Սա ո՛չ քրոնիկոն է, ո՛չ էլ բարոյական նկարագիր, սա նոր էջից սկսելու պատմությունն է Նիկոլ Փաշինյանի:  

Այսքան մահ ու ավեր վրադ, ո՞նց ես ապրում եւ ապրելու, տղա, ո՞նց ես շարունակում պաշտոնավարել: Ընդունենք, որ ժողովուրդը դեռ ուշքի չի եկել այս ցնցումից եւ չի ասում` գնա, իսկ դու ո՞նց ես մնում: Քո վաստակած ամոթը մեր ամոթն է, եւ մենք չենք կարողանում գիշերը քնել, դու ո՞նց ես քնում: Մեկ րոպե մենակ մնացե՞լ ես քեզ հետ եւ ի՞նչ ես ասել քեզ: Անկախ հանգամանքից` կգնաս թե կմնաս, ո՞նց ես ապրելու քեզ հետ, ո՞նց ես խաղաղություն գտնելու քո մեջ: Անգամ սատանան հաշտ չէր լինի իր հետ՝ այսքանն իրագործելուց հետո: Բայց դու երկրի լիարժեք տեր ես զգում քեզ եւ ժողովրդի ընտրյալ: Իսկ Աստծուն հավատո՞ւմ ես:  

Հուսիկ Արա