Վարչապետն ընտրվում է խորհրդարանի միջոցով եվ խորհրդարանում

Վարչապետն ընտրվում է խորհրդարանի միջոցով եվ խորհրդարանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2.5 տարվա հարմարվողական լռությունից հետո վերջապես դիրքորոշում հայտնեց՝ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը պետք է հեռանան։ Իհարկե, նրա խոսքում դժվար է ուղիղ քննադատություն տեսնել՝ ուղղված Փաշինյանին ու նրա թիմին։ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը, երբ բանը բանից անցել է, դեռ դիվանագիտություն է խաղում՝ մի կողմից պահանջում է վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը, մյուս կողմից այդ նույն վարչապետի միջնորդությամբ կառավարության անդամների նշանակման հրամանագրեր է ստորագրում։  

Մենք մի քանի հարց ենք ուղղել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ գրավոր պատասխաններ ենք ստացել, որոնք նրա անունից ուղարկել է մամուլի հետ կապերի վարչությունը։ 

- Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր ուժերը ժամանակ են տվել հրաժարական տալու, սակայն նա չի կատարում այդ պահանջը, եւ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ են սկսվել։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ վտանգներով է սա հղի, ի՞նչ կոչ ունեք հղելու թե՛ Փաշինյանին, թե՛ ընդդիմադիր ուժերին ու ժողովրդին։ 

- Օրեր առաջ հղած իր ուղերձում նախագահ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ Ձեր նշած հարցադրումներին: Նախագահն այսօր էլ այն համոզման է, որ յուրաքանչյուր գործողություն պետք է լինի Սահմանադրությանը, օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ: Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից՝ յուրաքանչյուր ոք պետք է մտածի պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին: Յուրաքանչյուր անզգույշ եւ չմտածված քայլ կարող է էլ ավելի խորացնել ճգնաժամը: 

- Դուք մի կողմից հայտարարում եք, որ Փաշինյանի կառավարությունը պետք է հեռանա, մյուս կողմից Փաշինյանի միջնորդագրով այդ նույն կառավարության անդամների նշանակման հրամանագրեր եք ստորագրում։ Սա ինչպե՞ս կբացատրեք, արդյոք Ձեր հայտարարությունն ու կատարած գործողություններն իրար չե՞ն հակասում։ 

- Հանրապետության նախագահը շարունակում է եւ շարունակելու է իր սահմանադրական պարտականությունների կատարումը՝ անկախ երկրում ստեղծված իրավիճակից: Նախագահն իրավունք չունի արգելակել պետական համակարգի բնականոն գործունեությունը, համակարգ, որը ներառում է ոչ միայն կառավարությունը: Վարչապետի կողմից ներկայացվող նոր պաշտոններում նշանակման հրամանագրերը հանրապետության նախագահը ստորագրում է պետական մարմինների անխափան գործունեությունն ապահովելու տրամաբանությունից ելնելով, չնայած մնում է իր այն տեսակետին, որ այսօր անհրաժեշտ է նոր՝ ազգային համաձայնության/տեխնոկրատ կառավարության ձեւավորում: Նախագահը խոսել է ոչ թե առանձին նախարարների, այլ կառավարության հրաժարականի մասին: Պետությունն ինչքան էլ ճգնաժամային վիճակում լինի, այսօր կարիք ունի պաշտպանության նախարարի, այլ նախարարների, որոնց լավ կամ վատ նախարար լինելը որոշում է ոչ թե նախագահը, այլ՝  վարչապետը, նրա ընտրությունն է: 

Պետական համակարգը պետք է շարունակի աշխատել, ընդ որում, նույնիսկ այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարական տա: Երկիրը պաշտպանության նախարարի կարիք ունի, եւ պետք է այդ նախարարությունը շատ ակտիվ աշխատի, սա վերաբերում է նաեւ մյուս նախարարություններին: 

- Հայաստանի տարբեր կառույցների ղեկավարներ, համայնքապետեր, հասարակական-քաղաքական անվանի գործիչներ, խոշոր գործարարներ եւ բարերարներ հայտարարություններով են հանդես գալիս՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս միտումը շարունակվելու դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ ռիսկեր է պարունակում երկրում պետական կառավարման համակարգի գործունեության տեսանկյունից, եթե վարչապետը հրաժարական չտա, եւ ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը, եթե նա կամովին հրաժարական չտա, իսկ այս գործընթացը շարունակվի։ 

- Վարչապետի եւ կառավարության հրաժարականն ու նոր վարչապետի ընտրությունը բացառապես իրավական գործընթացներ են: Երբ նախագահը խոսում է կառավարության հրաժարականի մասին, դա չի նշանակում, թե նոր վարչապետը պետք է ընտրվի որեւէ՝ ընդդիմադիր կամ ներկայիս իշխանությանը պաշտպանող հանրահավաքի միջոցով: Բոլորն էլ՝ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, պետք է հասկանան, որ ընտրությունը կատարվելու է Ազգային ժողովում՝ ԱԺ խմբակցությունների կողմից, ինչպես նշված է Սահմանադրության մեջ, ինչպես նախատեսված է համապատասխան ընթացակարգով: Մյուս կողմից, ոչինչ չի խանգարում որեւէ մեկին բարձրաձայնել, որ իր կամ իրենց թեկնածուն այսինչ գործիչն է: 

Վարչապետն ընտրվում է խորհրդարանի միջոցով եւ խորհրդարանում: Բայց այս ամենը պետք է տեղի ունենա երկխոսության, հանդուրժողականության եւ ազգային համաձայնության մթնոլորտում՝ բացառելով որեւէ բռնություն կամ բռնության սպառնալիք: