Ի՞նչ են հասցրել անել պաշտպանության եվ սոցապահովության նոր նախարարները

Ի՞նչ են հասցրել անել պաշտպանության եվ սոցապահովության նոր նախարարները

Մեկ ամիս էլ դեռ չի անցել հետպատերազմյան շրջանում ամենակարեւոր երկու նախարարների նշանակումից, եւ հասկանալի է, որ նրանք սարեր շուռ չեն տվել: Բայց պատերազմում պարտությունը պետք է որ մոբիլիզացներ կառավարիչների ուժերը, եւ նրանք ինչ-ինչ արդյունքներ պետք է արդեն ունենային:

Այս օրերին շատերի մոտ հստակ կարծիք կա, որ Սյունիքի եւ Վարդենիսի կողմից մենք նոր տարածքներ ենք կորցնում, պետական սահմանը պաշտպանվում է բացառապես կամավորական խմբերի կողմից: Սա է, թերեւս, պատճառը, որ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 10-ին այցելելով պատերազմում մեծ կորուստներ ու անհաջողութուններ ունեցած 5-րդ բանակային կորպուս, խոսել է Սյունիքի պաշտպանության մասին:

Ըստ կորպուսի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությունը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները, չի համապատասխանում իրականությանը, եւ որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջեւ դրված խնդիրները։

Դեկտեմբերի 6-8-ը 134 զինծառայողի մարմին է դուրս բերվել դեպի Ջաբրայիլ, Կարաբեյլի, Վանք, Կուբաթլու տանող ճանապարհից, մի շարք այլ ուղղություններից: Ըստ ՊՆ պաշտոնական կայքի, մարտական դիրքերում հերթափոխ է իրականացվել: Սակայն դեռ ոչ բոլոր զինծառայողներն են ստացել նախարարի խոստացած 10-օրյա արձակուրդը: «Իմ տղան ծառայում է «Եղնիկներում»: Այնտեղ է եղել ամբողջ պատերազմի ընթացքում, բայց մինչ օրս հետ չի եկել: Սկզբում ասում էին՝ դեկտեմբերի 1-ից արձակուրդ կուղարկեն, հիմա էլ ասում են՝ երեւի մինչեւ ամսի 22-ը կմնա»,- ասում է զինվորների ծնողներից Ն․-ն: Նրա զինծառայող որդին զանգահարել եւ մորը տեղեկացրել է, որ լավ է․ «Մեծ փոփոխություն կա․ ոչ թե գետնին ենք պառկում, մամ, այլ ադյալների վրա, վրանների մեջ»:

Այս օրերին ակտիվություն է տիրում ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցապահովության եւ վետերանների հարցերով վարչությունում: Այն եւս նոր ղեկավար ունի՝ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյան, որը նախկինում մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետն էր: «Այս մեկ ամսում ՊՆ-ն, մեր վարչությունն իր սովորական գործն է արել: Աշխատում ենք ընտանիքների հետ, նախապատրաստում ենք նրանց թղթերը, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնան, հաշմանդամության գործընթացներն են ընթանում, որը հիմնականում իրականացնում է սոցապնախարարությունը, իսկ մենք այն դեպքերում, երբ զինծառայողն անցնում է հոսպիտալի ընթացակարգերով. ուղղորդում ենք նրան բժշկասոցիալական փորձաքննության»,- ասաց Ալիկ Ավետիսյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքն այնքան ծանրաբեռնված է տարատեսակ դիմումներով, որ անընդհատ կախում է: Զարուհի Բաթոյանին փոխարինած Մեսրոպ Առաքելյանը մեզ ասաց, որ փոխել է նախարարության առաջնահերթությունները՝ շեշտադրումը արցախահայության խնդիրների վրա է դրել: «Մենք ունենք գույքը կորցրած անձանցից յուրաքանչյուրին 250 հազար դրամի աջակցություն, ունենք հաստատված ծրագիր, որը շուտով կգործարկվի եւ որը վերաբերում է այն քաղաքացիներին՝ ՀՀ-ում եւ Արցախում, որոնք կացարան են տրամադրում բնակարան կորցրած արցախցիներին: Չափահաս անձին՝ 30 հազար դրամի, Արցախում բնակվողներին՝ 45 հազար դրամի չափով: Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, վիրավորների, հասցված ավերածությունների մասով երկու միջոցառում ենք նախաձեռնել՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակելի տներ կորցրածների համար փոխհատուցում ենք նախատեսել, որն ընթացքի մեջ է, եւ առաջիկայում այդ մարդիկ փոխհատուցումները կստանան: Իսկ զոհերի եւ վիրավորների համար՝ զոհերի ընտանիքներին՝ 5 մլն, 1-3 մլն՝ հաշմանդամություն ստացածների: Ունենք վերջին նիստում հաստատված նախագիծ, որով անհետ կորած զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին աջակցություն է նախատեսվում 300 հազար դրամի չափով, ամեն ամիս, մինչեւ այդ անձանց ճակատագրի պարզումը: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենք են հայտարարել այդպիսի դեպքերի մասին»:

Նախարարը հավելեց, որ հաշմանդամության հետ կապված վիրավոր զինծառայողների մասով նախկինում գործող կարգում փոփոխություն է կատարվել: «Առաջ պետք է դիմում գրվեր ու փաստաթղթեր ներկայացվեր, իսկ հիմա մեր աշխատակիցներն իրենք են այցելում բուժհաստատությունում կամ տանը գտնվող զինծառայողներին ու տեղում իրականացնում բժշկասոցիալական փորձաքննություն»: 

Մեսրոպ Առաքելյանը խոստանում է, որ քաշքշուկներ չեն լինի: Իրենք որոշ թերություններ են արձանագրել ամենաշատ շահառուներ ունեցող միջոցառման իրականացման ընթացքում: Դա վերաբերում էր աշխատավարձ չստացող, զորակոչի տարիքի տղամարդ չհանդիսացող արցախցիներին, որոնք միանվագ օգնություն են ստանում՝ 68 հազար դրամ, այդ թվում՝ անչափահաս երեխաները։ «Այդտեղ արդեն 80 հազարից ավելի դիմում ունենք ստացած: Ընթացքում որոշ խնդիրներ ունեինք, օրինակ, երեխաների գրանցման հետ կապված, ու մենք դա ընթացքում արագ կարգավորեցինք: Չգրանցված երեխաները հիմա կարող են գրանցվել ցանկացած անձնագրային բաժանմունքում: Եթե թերացումներ են լինում, արագ կարգավորում ենք: Նաեւ ակտիվ համագործակցում ենք Արցախի կառույցների հետ, քանի որ շահառուների մի հատված իր բնակությունը շարունակում է Արցախում»:

Նախարարը վստահեցնում է. փոխհատուցման համար նախատեսված գումարները չեն պակասի․ «Փաստացի արդեն մի քանի տասնյակ հազար քաղաքացի ֆիզիկապես իր գումարը ստացել է ու շարունակում է ստանալ: Յուրաքանչյուր միջոցառման տակ կա հաստատված ֆինանսական աղբյուր: Հետեւաբար, խնդիր չկա: Աշխատում ենք, որ որեւէ ուշացում չունենանք»: