Ոչ մի զղջում ու նահանջ

Ոչ մի զղջում ու նահանջ

Այսօր բոլորին մեկ հարց է հուզում՝ ի՞նչ է լինելու շարունակությունը։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյան չէ՝ ո՛չ նրա խելամտությունն ու զգուշավորությունն ունի, ո՛չ էլ այնքան «մերժված» է, որքան նա՝ 2018-ի ապրիլին, ինչը նշանակում է, որ հեշտ չի զիջելու։

Այս ամենին գումարած՝ նաեւ իշխանական վայելքներից հրաժարվելու միտք չունի, համառ է ու մի քիչ էլ «գողական»՝ մինչեւ վերջ դիմադրելու է եւ կամովին հրաժարականը նույնացնելու է «կոտրվելու», պարտության հետ։ Ուստի խիստ լավատես են նրանք, ովքեր կարծում են, թե նման փաստաթուղթ ստորագրած եւ մեր երկիրն այս վիճակին հասցրած իշխանությունը եւ նրա պարագլուխը հանգիստ հեռանալու են՝ ստանձնելով կատարվածի պատասխանատվությունը։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ է փնտրում ու անգամ զավեշտալի արդարացումներ բերում, թե ինչպես, ինչու եւ ում պատճառով եղավ այս ամենը, նա միանգամայն անկեղծ է՝ հենց այդպես էլ մտածում է։

Նա կարծում է, որ ինքն իրոք որեւէ այլընտրանք չուներ եւ ոչ մի սխալ բան չի արել՝ ո՛չ երկու տարի առաջ, ո՛չ այսօր, ուստի միանգամայն արժանի է, որ եւս մի 3-5-10 տարի մնա իշխանության ղեկին։ Նա իրեն ներշնչել է, որ այս երկրում վարչապետի աթոռին իրենից ավելի արժանի որեւէ մեկը չկա, եւ բոլոր նրանք, ովքեր այսօր պահանջում են իր հրաժարականը, սրիկա են, «նախկին», լափամանից զրկված, աթոռակռիվ տվող։

Նա գեթ մեկ վայրկյան իսկ չի կասկածում իր ճշմարտացիությանը եւ չի ափսոսում կատարվածի, ըստ այդմ՝ նաեւ չի ցավում մեր զոհերի, կորուստների, ավերածությունների համար։ Գուցե անգամ թեթեւության զգացում ունի՝ Արցախի բեռից ազատվելու համար։ Իսկ սահմանները բացելու, հարեւանների հետ առեւտուր եւ տնտեսական կապեր ստեղծելու թեզը հենց ինքն է շրջանառության մեջ դրել։