«Հրապարակ». Փորձում են ձախողել օգոստոսի 23-ի միջոցառումը. նիստերի դահլիճի նորոգում են սկսել

«Հրապարակ». Փորձում են ձախողել օգոստոսի 23-ի միջոցառումը. նիստերի դահլիճի նորոգում են սկսել

Oգոստոսի 10-ին Հանրապետության հրապարակում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրեց նոր ծրագիր, որով Նիկոլ Փաշինյանը պետք է մինչեւ սեպտեմբերի 21-ը դադարի լինել ՀՀ վարչապետ։ «Պետք է սկսվի նոր շարժում՝ անկախության շարժում, այն պետք է մեկնարկի 2022թ․ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը եւ ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։ Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր Ղազարյանը։

Նրա պնդմամբ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու սահմանադրական երեք ճանապարհ գոյություն ունի։ Առաջինը նրա գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից։ Երկրորդն իրավական ճանապարհն է, որը, ըստ նախին պաշտոնյայի, ցավոք, մինչեւ հիմա գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետեւանքով։ Իսկ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երրորդ տարբերակն օգոստոսի 2-ից հետո է ծագել, երբ լրացել է վարչապետի պաշտոնում նրա վերընտրվելու մեկ տարին, եւ ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունի անվստահություն հայտնել նրան։

Ղազարյանը, հիշեցնենք, նաեւ դիմել է առաջին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են, խնդրել է, որ օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են պետության հիմնադիր փաստաթուղթը՝ ՀՀ անկախության հռչակագիրը։ Ի դեպ, ԳԽ-ն ունեցել է 271 պատգամավոր, որից 114-ն արդեն մահացել են։

Տեղեկացանք, որ Ղազարյանին կառավարության նիստերի դահլիճի տնօրինությունից փոխանցել են, թե Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող նիստերի դահլիճը չեն կարող տրամադրել, քանի որ շինարարություն է ընթանում։ «Իրականում վերանորոգվում է ոչ թե դահլիճը, այլ մուտքի հատվածը՝ հարակից մայթը։ Իրենք ասում են, որ դահլիճը չեն կարող տրամադրել հենց մայթը վերանորոգելու պատճառով։ Նույն սկզբունքով կարող են ասել, որ իրենք հիմա Իջեւանում ասֆալտապատում են անում, դրա համար նիստերի դահլիճը չեն կարող տրամադրել։ Իմ նշածների մեջ տարբերությունն իրոք մեծ չէ։ Այո, հստակ ասել են, որ չեն տրամադրելու, բայց դա հանրահավաքի հետ կապ չունի։ Նիստն անցկացնելու ենք «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։ Վերանորոգումը սկսել են վերջին շրջանում։ Երեկ ես անցնում էի ու նկատեցի, որ ավազը բերել ու լցրել են հենց անմիջապես մուտքի դիմաց։ Իհարկե, դիտավորություն կա, դա ակնհայտ է, ինչն էլ վկայում է, որ մեզ մոտ ամեն բան պլանավորվածից ավելի լավ է ստացվում»,- ասաց Էդգար Ղազարյանը։