«Հրապարակ». Ղազինյանը մտադիր է ակտիվանալ, բաց ո՛չ փողոցային պայքարով

«Հրապարակ». Ղազինյանը մտադիր է ակտիվանալ, բաց ո՛չ փողոցային պայքարով

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լքած եւ պատգամավորի մանդատը վայր դրած, իր քաղաքական ակտիվությունն այս պահին միայն ֆեյսբուքյան գրառումներով ապահովող Արթուր Ղազինյանը մտադիր է աշնանը նորովի ակտիվանալ։ Ղազինյանը, ով «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն է, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է տարբեր շրջանակների հետ, ցանկանում է նոր թիմ ձեւավորել՝ ներգրավելով քաղաքականության մեջ ոչ այնքան հայտնի, բայց իրենց ոլորտներում կայացած, պրոֆեսիոնալ անձանց եւ նոր ծրագրով ու առաջարկներով հանդես գալ։ Նա հույս ունի, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար կուտեն, նաեւ կսպառեն իրենց, եւ դաշտում տեղ կազատվի նոր ուժի եւ անձամբ իր համար։

Ղազինյանը չհերքեց սույն տեղեկությունները, բայց չցանկացավ այս պահին շատ փակագծեր բացել․ «Քաղաքական գործունեությամբ շարունակում եմ զբաղվել, չեմ հեռացել պրոցեսներից, առաքելությունս ստանձնել եմ ու չեմ հրաժարվել, շարունակելու եմ պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության լավ ապագայի, ուժեղ ապագայի, իսկ ինչ որ Դուք ասում եք՝ դրանք ընդամենը միջոցներ են, մեթոդներ են, գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործիքներ են, որոնք քննարկման փուլում են գտնվում»։

- Այսինքն՝ նմանատիպ պրոցես, քննարկումներ կան այսօր։

- Իհարկե, կան։

- Իսկ ի՞նչ շրջանակների հետ եք այդ քննարկումներն անցկացնում։

- Եկեք հիմա ես չբացեմ փակագծերը, չբացեմ շրջանակները, ժամանակը կգա՝ ամեն ինչ կիմանաք։

- Մենք տեղեկացանք, որ Դուք Արման Թաթոյանին առաջարկ եք արել՝ միանալ Ձեզ, դեռ չի պատասխանել։ Դիտարկե՞լ եք Թաթոյանի տարբերակը։

- Դիտարկում ենք բոլորի տարբերակը, իսկ առաջարկ առայժմ որեւէ մեկին չի արվել։

- Ձեր կուսակցության անդամները շարունակո՞ւմ են պահպանել կապը կուսակցության հետ կամ անդամությունը։

- Եթե Դուք նկատել եք, կուսակցությունն այս պահին ակտիվ փուլում չէ, որովհետեւ երկրում քաղաքական կյանքը կուսակցականություն չի ենթադրում, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր վիճակում, որպեսզի մտածենք կուսակցական գործունեության մասին։

- Նկատի ունեմ՝ ձեր կուսակցության ռեուրսներո՞վ եք այդ ամենը կազմակերպելու, քանզի «Մեկ Հայաստան» կուսակցության կազմում կային անդամներ, ովքեր կոնկրետ ոլորտային մասնագետներ էին, թե՞ դրսից եք մարդկանց ներգրավելու։

- Բոլոր մասնագետներին, պրոֆեսիոնալներին, գիտելիք, հիմք, գաղափար, փորձառություն, միտք, ստեղծագործական ներուժ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ պետք է պատրաստ լինի իր գիտելիքով, իր մտքով, իր գաղափարով, իր փորձառությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

- Հիմա ձեր կուսակցության անդամները պատրա՞ստ են, իրենց այդ հարցով դիմե՞լ եք։

- Ունեցել ենք քննարկումներ գրեթե բոլորի հետ, ու բոլորն էլ պատրաստակամ են՝ ծառայել, աշխատել, ստեղծագործել, մտածել եւ ինչ-որ լուծում առաջարկել էս իրավիճակում։ Ժողովուրդն իրավունք ունի ունենալ առաջարկ, ունենալ իրեն հուզող հարցերի լուծման բանալիներ, ունենալ իր կյանքը փոխող կոնկրետ մեխանիզմներ, որպեսզի կարողանա ընտրություն կատարել։

- Իսկ աշնանն ի՞նչ ձեւով եք պատրաստվում ակտիվանալ՝ փողոցային պայքարո՞վ, թե՞ այլ տարբերակով։

- Էս փուլում փողոցային պայքար չենք նախատեսում։

- Համարում եք, որ անարդյունավե՞տ է։

- Հիմա մենք կարծում ենք, որ պետք է ավելի շատ կենտրոնանանք առաջարկների, լուծումների դաշտում։

- Առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

- Էս պահին վերջնական որոշում ունենք՝ մասնակցելու Սիսիանի ընտրություններին։ Ցուցակ ունենք արդեն կազմած։