Չկա չարիք՝ առանց բարիքի

Չկա չարիք՝ առանց բարիքի

Հերթական սփյուռքահայը զարմացած հարցնում է` բա ասում էիք հայաստանցիները վատ են ապրում, քանի օր է՝ այստեղ ենք, ամենուր քեֆ-ուրախություն է, ռեստորան-սրճարաններ մտնել չի լինում` տեղ չկա, հանգստյան տները լեփ-լեցուն են, ամեն օր հարսանիքներ, ծնունդ-կնունքի արարողություններ, փողոցներում թանկ մեքենաներ, մարդիկ՝ թանկ հագուստներով: Պատասխանում եմ` նախ, եկեք ուրախանանք, եթե մեր ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է, եւ սկսել են լավ ապրել: Ապա եկեք վերլուծենք՝ ինչքանով է դա այդպես: Ծանրաբեռնված են միայն Երեւանի կենտրոնի ռեստորան-սրճարանները, կենտրոնից մի փոքր հեռանում ես` պատկերը փոխվում է: Հանգստյան տները շատ չեն, եւ մեկ շնչին ընկնող մահճակալների քանակով հաստատ զիջում ենք ցանկացած երկրի: Եվ այս ծանրաբեռնվածությունն էլ հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այնպես որ, գործ ունենք «չկա չարիք՝ առանց բարիքի» իրողության հետ:

Հարյուր հազար տուրիստը Ֆրանսիայի ու Իտալիայի համար կաթիլ է, իսկ Հայաստանի համար՝ սոցիալ-տնտեսական եւ դեմոգրաֆիական իրավիճակը փոխող գործոն: Մենք, անշուշտ, քաղաքական առումով տուժել ենք այս աննախադեպ էսկալացիայից ու ռուս-ուկրաինական պատերազմից, բայց տնտեսական առումով շահել ենք` Հայաստանում հյուրընկալելով այդ եղբայրասպան պատերազմից փախած ու Հայաստանում հանգրվանած այլազգի հյուրերին: Հյուրընկալ տանտերեր լինենք եւ օգտվենք այս նպաստավոր վիճակից: Դրանից մեր երկիրը միայն շահելու է: Քաղաքակիրթ ու հյուրընկալ երկրի իմիջը մեզ այսօր շատ բան կտա: Կընդգծի մեր առավելությունները հարեւան ագրեսորի նկատմամբ եւ ժողովրդավարական երկրներին ի ցույց կդնի, թե Հարավային Կովկասում որ պետությունը կարող է իրապես վստահելի գործընկեր լինել իրենց համար: