«Հայրենի եզերքի կարոտը սրտումս»

«Հայրենի եզերքի կարոտը սրտումս»

Ժամանակը եւ իրադարձությունները մեր օրերում արագ են առաջ վազում ու փոխվում։ Իսկ մեր անհանգիստ տրամադրությունները եւ ապրումները մեզ ավելի շատ տանում են հուզականության գիրկը։ Այս պայմաններում երբեմն շատ իրողությունների մասին էլ մոռանում ենք, բայց մարդկային առանձին կերպարներ ոչ միայն քեզ սթափեցնում են, այլեւ ձգտում հավատի ծառ տնկել բոլորի համար։ Իսկ այդ մարդ-անհատականությունը 90 տարին բոլորող Վլադիմիր Օհանյանն է, երկար տարիներ Հայաստանի պետավտոտեսչության համակարգում աշխատած, պաշտոնավարած, բարի հետք ու անուն թողած գնդապետը։

Նա մինչեւ հիմա էլ պահում, փայփայում է իր ծառայողական հագուստը, որն ընկերների ու մերձավորների խնդրանքով հագնում է տարեկան մեկ անգամ՝ իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 12-ին։ Ու հետո կրկին այն կախում է  ցուցափեղկում, որը մերձավորներն են ստեղծել իր բնակարանի սենյակներից մեկում։ Ցուցափեղկի հարթակներում ու դարակներում Վլադիմիր Օհանյանի կյանքի պատմությունն է, որը սկսվել է Լոռվա աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում՝ Դեբեդ գետի հովտում գտնվող նախկին Շահալի, այժմ՝ Վահագնի գյուղում։

Այստեղից էլ շատ մեծեր են սերվել, որոնց մասին միշտ էլ սիրով է պատմում Վլադիմիր Օհանյանը, օրինակ՝ նրանց թվում են ժամանակին Հայաստանի ղեկավար (Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար) Անտոն Քոչինյանը եւ Գուսան Զաքարյանը։ Երկուսին էլ ճանաչել է մոտիկից ու տարիներ առաջ ներկա էր, երբ գյուղի դպրոցի բակում տեղադրվեցին նրանց կիսանդրիները՝ պետական-կուսակցական գործչի 100-ամյակի եւ ճանաչված գուսանի 90-ամյակի առթիվ։ Այդ օրը ոգեւորված էր գնդապետը, հիշում էր իր առաջին հանդիպումն Անտոն Քոչինյանի հետ, երբ քաղաքի թաղամասերից մեկից տարել, կառավարական ամառանոց էր հասցրել հասարակական տրանսպորտի սպասող նրա ծնողներին: Իսկ Գուսան Զաքարյանի հետ հանդիպումները բազում էին՝ ինչպես Լոռվա ձորերում, բնության գողտրիկ անկյուններում, այնպես էլ Երեւանում, երբ նրա այցելությունը Վլադիմիր Օհանյանի տուն վերածվում էր հայոց երգի ինքնատիպ երեկոյի:  

«Որքան տարիքդ առաջ է գնում, այնքան քեզ ավելի է ձգում քո ծննդավայրը,- ասում է Վլադիմիր Օհանյանը։- Կուզեի իմ ծննդյան օրը նշել հայրենի Վահագնիում, պապենական տանը։ Բայց դա, ցավոք, հնարավոր չէ այսօր: Չէի ցանկանա անհարմարություններ պատճառել հարազատներիս։ Եվ ընդհանրապես, եթե առողջությունս թույլ տար, տարվա մեծ մասը կուզենայի անցկացնել Լոռվա բնաշխարհում։ Մեծ կարոտ ունեմ այդ ամենի նկատմամբ»։  

Բարեբախտաբար, տարիներ առաջ ես առիթ եմ ունեցել թումանյանական աշխարհում տեսնել նրան. կարծես մանուկ ու երիտասարդ էր դարձել՝ այն ժամանակ 85 տարեկան Վլադիմիր Օհանյանը։ Հանգիստ չէր ուզում նստել: Հիշողության ձայնով անընդհատ ուզում էր տարբեր տեղեր գնալ: Երբ սար էինք բարձրանում, պարզապես նրա հետեւից պետք էր վազել։ Երբ Դեբեդի ափ էինք իջնում, գիտեր, թե ինչպես պետք է արագ շրջանցել քարերը եւ առաջինը հայտնվել ջրի մեջ։ Իսկ անտառում գիտեր, թե որ ծառը որտեղ է աճում։ Ու ամեն տեղ գնալիս մի նոր պատմություն էր հնչում՝ իր հիշողության ձայնով ու ամենայն մանրամասներով։ Հայրենի բնաշխարհն իրեն այնքան էր ձգում, որ մի անգամ  էլ որոշել էր իր մանկության սարին այցի գալ  ուղղաթիռով։ 

«Շատ տարիներ առաջ էր, ես հանրապետության պետավտոտեսչության պետի տեղակալն էի, ու ի պաշտոնե ուղղաթիռով այցելություններ եւ ուսումնասիրություններ էինք կատարում տարբեր տարածաշրջանների ավտոճանապարհներին։ Հերթական այցելությունը Լոռի էր, նաեւ՝ այն ժամանակվա Կիրովական քաղաք,- պատմում է Վլադիմիր Օհանյանը։- Եկանք, գործերը վերջացրինք, օրը թեքվում էր դեպի արեւամուտ, պիտի հասցնեինք Երեւան վերադառնալ։ Սովորականի նման գյուղ գնալ չէինք կարող։ Իսկ սա՞ր։ Դրական եղավ օդաչուի պատասխանը։ Ու Երեւան թռչող ուղղաթիռը վայրէջք կատարեց մեր գյուղի սարի լանջին՝ Սիս Բերդի մոտ, որտեղից ես հնարավորություն ունեցա իմ մանկության սարի կածաններով գնալ-հասնել աղբյուրի մոտ ու խմել ինձ համար աշխարհի ամենասառնորակ ու համով ջուրը։ Վերջին անգամ 5 տարի առաջ եմ գնացել այդ կողմերը։ Այս տարի էլ էի ուզում գնալ, չկարողացա։ Ամեն տարի կուզենամ գնալ իմ մանկության արահետներով»։ 

Երբ հանդիպում ենք Վլադիմիր Օհանյանին, նրան դժվար է վերադարձնել հայրենի եզերքից։ Տարբեր պատմություններ է հիշում, վերջին անգամ, թե ինչպես են թուրքերը հասել իրենց գյուղ՝ հեռավոր 1918 թվականին, եւ ցանկացել առեւանգել իր Աղաջան պապի երկու գեղեցկատես դուստրերին, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ նա կարողացել է ճիշտ պահին իր ձեռքը վերցնել սուրը եւ ասկյարներին դուրս շպրտել իրենց բակից: Միայն Ղարաքիլիսայի ճակատամարտն է կոտորածից փրկել լոռեցիներին։  

«Անցած դարի այդ ժամանակահատվածում շատ խառը օրեր են եղել Լոռվա ձորերում. ե՛ւ թշնամի թուրքեր, ե՛ւ սով, ե՛ւ հիվանդություններ,- ասում է Վլ․ Օհանյանը,- բայց մեր ժողովուրդը կարողացավ թոթափել այդ բոլորը ու վերընձյուղվել, ոտքի կանգնել։ Հիմա էլ հանգիստ օրեր չեմ ունեցել, հավատացեք՝ միշտ հուզմունքը խեղդել է, արցունքն էլ աչքերիս է եղել ամեն մի հերոս զինվորի նահատակման հետ։ Ես չէի ուզենա 90-ականների Արցախյան հերոսամարտից հետո տեսնել այն, ինչ կատարվեց հիմա։ Բայց ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք վերագտնել մեզ ու կրկին վերընձյուղվել»: Լռում է, կրկին խեղդում են զգացմունքները։  

Օգտվելով դադարից՝ ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Օհանյանին՝ իր հայրենակիցների, իրեն ճանաչողների անունից՝ 90-ամյա հոբելյանի առթիվ, եւ ասել, որ ինքն իր ետեւում ավելի շատ ապրած տարիներ ունի, որոնց ընթացքում ծառայել ու նվիրվել է իր ժողովրդին, միշտ ձգտել քարը քարի վրա դնել, արարել ու ստեղծել, բարձր պահել մարդկային արժեքները, միշտ մոտ ու հարազատ մնալ հայրենի եզերքին։ Նա նման խոհեր եւ մտորումներ է արտահայտել «Հայրենի եզերքի կարոտը սրտումս» գրքում, որը դրվել է ընթերցողի սեղանին տարիներ առաջ. «Ծննդավայրը մարդու համար ամեն ինչ է: Ե՛վ սկիզբ, ե՛ւ արմատներ, ե՛ւ հիշողություն, թանկ մասունքներ ու երանելի վայրեր: Ամեն ինչ: Երբ տարբեր առիթներով գյուղ եմ գալիս, ես ինձ ավելի ուժեղ եւ հզոր, ավելի ճկուն եւ առողջ եմ զգում, չնայած ուսերիս ապրած  տասնամյակներ ունեմ»: 

«Հիմա էլ շատ հիշողություններ ու ասելիք ունեմ, որոնք տեղ չեն գտել նախորդ գրքում: Դա էլ թողնենք հաջորդ հոբելյանի համար»,- կես կատակ, կես լուրջ ասում է Վլադիմիր Օհանյանը: Մեզ միայն մնում է սպասել նրա հաջորդ հոբելյանին, իսկ այժմ մաղթել ամենայն բարիք: 

 

Սերգո ԵՐԻՑՅԱՆ  

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր