Մի ոսկե մեդալի պատմություն
Հանրակրթական դպրոցների շրջանավարտներին այս տարվանից ԿԳՄՍՆ-ն ոսկե մեդալներ չի շնորհի: Նախարարի այս որոշման մասին դպրոցի տնօրեններն իմացել են մամուլից` որոշման հրապարակումից հետո: Նրանք զարմանում են, որ ԿԳՄՍՆ-ն անգամ իրենց կարծիքը չի հարցրել` թաքուն որոշում է կայացրել: Մեր տեղեկություններով՝ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը բացասական դիրքորոշում են հայտնել, սակայն նախարարությանը դա չի հետաքրքրել` բոլոր փոփոխություններն արվում են վերեւից, եւ դրանք ո՛չ համակարգում են քննարկվում, ո՛չ էլ անգամ նախարարության ներսում:
Բայց ԿԳՄՍ նախարարությունից մեզ հավաստիացրին, որ նախագիծը դրվել է քննարկման, օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ներկայացվել նաեւ տնօրեններին: Մարզպետարանների կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետերից հետաքրքրվեցինք` այդ նախագիծն արդյոք դրվե՞լ է քննարկման, մասնակցե՞լ են իրենք եւ եւ ի՞նչ դիրքորոշում են հայտնել:
Արագածոտնի կրթության վարչության պետ Գալուստ Թադեւոսյանն ասաց. «Ես քննարկմանը չեմ մասնակցել, շրջաբերական էլ չի ուղարկվել: Ճիշտն ասած՝ ուշադիր չեմ եղել»: Իսկ դպրոցի տնօրեններին տեղյակ պահվե՞լ է այդ նախագծի մասին։ «Ես ծանոթ չեմ, որ ծանոթ լինեի, կասեի»:
Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Մարտուն Մանուկյան. «Մենք պաշտոնապես նման փաստաթուղթ չենք ստացել, Ձեր ասած ոսկե մեդալի հետ կապված՝ ոչ մի քննարկում չի եղել: Սովորաբար քննարկումներից առաջ մեզ շրջաբերական է գալիս, ես չեմ ստացել այդ փաստաթուղթը ԿԳՄՍՆ-ի կողմից: Ես ոչնչից տեղյակ չեմ, նախագիծ չեմ տեսել, չեմ կարդացել, քննարկմանը չեմ մասնակցել, նախագծի քննարկմանը մասնակցելու հրավեր չեմ ստացել»: Իսկ Ձեզ ընդհանրապես չէ՞ր հետաքրքրում այդ նախագիծը։ «Ո՛չ, որ վարչության պետը մասնակցել է, իրեն այդ հարցերն ուղղեք»: Իսկ ճի՞շտ եք համարում, որ ուսումնական տարվա կեսին նման նախագիծ է հրապարակվում։ «Ես պետք է հասկանամ խնդիրը, պատճառը, հիմնավորումն ուսումնասիրեմ: Էնպիսի հարց եք տալիս` կասեմ, որ միանշանակ դեմ եմ: Ծանոթանամ նախագծին, հասկանամ պրոբլեմները, նոր Ձեր հարցին պատասխանեմ»:
Գեղարքունիքի կրթության վարչության պետ Կարեն Զազյանը եւս քննարկմանը չի մասնակել, տեղյակ չի եղել, որ նախարարությունն այդպիսի քննարկում է կազմակերպել: Լոռվա կրթության վարչության պետ Արամ Գրիգորյանը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Կլինի՞ մի քիչ հետո զանգեք, մի հատ հասկանամ, որ պատասխանը մոտավորապես չտամ»: Ինչ-որ մեկի հետ պետք է խորհրդակցե՞ք։ «Չէ, վերհիշեմ»: Մոռացե՞լ եք։ «Երեւի»:
Վայոց Ձորի մարզպետարանի կրթության վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինայի հետ խոսել չհաջողվեց, մեր հարցին պատասխանեց վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը. «Վարչության պետը տեղյակ կլինի, ճիշտ ասած՝ իմ ձեռքի տակով չի անցել, ինչումն է խնդիրը»: Քննարկումներ եղե՞լ են մարզպետարանում, տնօրեններին տեղյակ պահե՞լ եք այդ որոշման մասին կամ նախարարությունից շրջաբերական ստացե՞լ եք։ «Չեմ կարող ասել՝ քննարկում եղել է, թե ոչ: Եթե եղած էլ լինի` ես չեմ մասնակցել, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»,- ասաց Գաբրիելյանը:
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանն էլ ասաց. «Չեմ կարող ամսաթիվ ասել, ընդհանրապես խոսակցությանը ծանոթ եմ, որ լինելու էր այդպիսի բան, բայց օր, ժամ չեմ կարող ասել: Ես որոշել եմ ոչ մի լրատվամիջոցի ոչ մի հարցազրույց չտալ հեռախոսով, այս մի քանի ամիսների ընթացքում գլխիս բավականին օյիններ եկան այդ հեռախոսով խոսելու համար: Ես Ձեզ չեմ ճանաչում, զանգել եք, ասում եք, հավատում եմ, խոսում եմ, էդպես էլ զանգեցին, հավատացի ու փորձանքի մեջ ընկա»:
Գրավոր հարցում ուղղեցինք կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին: Հարցերին պատասխանել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Գրել են, որ նախարարի` 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 164-Ն հրամանով փոփոխություն է կատարվել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում», համաձայն որի՝ «հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար մեդալի շնորհման գործընթաց այլեւս նախատեսված չէ», ինչը գիտեինք առանց այս պատասխանի էլ: Մի անիմաստ միտք. «Փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կրթական բարեփոխումների անհրաժեշտությամբ՝ հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձեւավորումը»:
Հարցին՝ եթե օգոստոս ամսին այդ նախագիծն արդեն պատրաստ էր, այն ներկայացվե՞լ է օգոստոսյան խորհրդակցություններում, եւ ինչո՞ւ այդ հաղորդագրությունը չեն տարածել ուսումնական տարվա սկզբին, այլ՝ հունվար ամսին, պատասխանել են. «Ուսումնական տարվա մեկնարկից առաջ կազմակերպված օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն՝ իրավական ակտերի փոփոխությունների մասին, որը պայմանավորված է մի շարք ուղղություններով հստակ կարգավորումներ ունենալու պահանջով: Նշենք նաեւ, որ իրավական ակտի նախագիծը 25.09.2023 թվականին տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչն էլ ապահովել է առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում՝ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Հանրությանը հնարավորություն է ընձեռվել՝ ծանոթանալու տեղադրված նախագծին, հետեւելու դրա հետագա ընթացքին, ներկայացնելու առաջարկություններ, ծանոթանալու նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին»:
Իսկ հարցին, թե նախարարն օգոստոսին շրջանավարտներին ոսկե մեդալով պարգեւատրելիս նշել էր, որ «ոսկե մեդալը մոտիվացիա է՝ առաջ գնալու, նոր հաջողություններ գրանցելու եւ իրենց նպատակներին հասնելու համար», արդյոք նման որոշմամբ չե՞ն կոտրում աշակերտների երազանքը` ոսկե մեդալ ստանալու, առհասարակ հարկ չեն համարել պատասխանել:
Կարծիքներ