«Կուզեի հանդիպել այն պաշտոնյային, «ում վզին դրած» է Արտյոմիս սպանության գործը»․ ինչու է գործով դատախազն ազատվել պաշտոնից

«Կուզեի հանդիպել այն պաշտոնյային, «ում վզին դրած» է Արտյոմիս սպանության գործը»․ ինչու է գործով դատախազն  ազատվել պաշտոնից

 «Ոչ մեկն էլ կարծում եմ չի մոռացել  հայտնի ձայնագրությունը՝ «Վզին դրած» լինելու կամ «Գործին գառանտ» կանգնելու փաստերը: Դրանից առավել ինչը՞ կարող է բնութագրական լինել այս երկրի  դատաիրավական  համակարգին: Կուզեի հրապարակայնորեն հանդիպել այն պաշտոնյային, ում վզին դրած է Արտյոմիս սպանության գործը... »,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է Գյումրիում դաժանաբար սպանված  25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ «Կյանքի իրավունք   ՀԿ-ի  նախագահ Ռուզան Ադանալյանը : Որդու մահից անցել է շուրջ 7 տարի, սակայն մինչև օրս դատապարտված անձինք չկան: Քրեական գործում առկա տվյալների համաձայն ՝ սպանությունը կատարվել է խմբի կողմից: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Սաշայի Մարտիրոսյանին:

«Պետություն կոչվածը  յոթ տարի շարունակ  չի կատարում  իր պոզիտիվ պարտականությունը, իսկ համակարգի ներկայացուցիչները տարված են մարդկային կյանքի,արյան առքուվաճառքով:  Ինչ խոսք  «յուղոտ» գործ է այս գործը,սպանության պատվիրատուն՝ հարուստ վաշխառու,ով տարիներ շարունակ և մինչև օրս առատորեն բավարարում  է  ամբողջ համակարգին:

  Դեպքից հետո նշանակվել են թվով-3 ՀՀ գլխավոր դատախազներ,գործով փոխվել են թվով-5 դատավորներ,սակայն մինչև օրս միմյանց հերթափոխելով  համառորեն շարունակում են կոծկել սպանության  իրական շարժառիթն ու դեպքի հանգամանքները:Վերջերս էլ նոր  դատավորի է փոխանցվել գործը, ի դեպ՝ կրկին Մարալիկի նստավայրի դատավորի»,-շարունակում է տիկին Ադանալյանը՝ վստահ լինելով, որ քրեական հետապնդման մարմինների, դատախազի, քննիչի, փաստաբանի, այլ  անձանց  միջամտություն չհանդուրժող, արդարամիտ դատավորներին  նման գործերը չեն էլ մակագրվում:

 «Որդուս սպանության  գործն այնպիսի կատեգորիայի գործ է, որը բարդ է,կրել է հանցավոր նախաքննության ծանր հետևանքները,ունի զգայնություն, ներկայացնում է հանրային հետաքրքրություն,ապա դրանով էլ պայմանավորված՝ մակագրվում է այնպիսի դատավորների, ովքեր ի սկզբանե  հասանելի են  կողմերին, մասնավորապես՝ պաշտպանական կողմին, մեղադրողին: Արտյոմի  սպանության քրեական գործը կրկին Մարալիկի նստավայրի դատավորի մակագրելն արդեն իսկ  փաստում է, որ կասկածի  տակ է դրված և  բացակայում է  դատարանի անկախության երաշխիքը:  
Ինչևէ, ասեմ, որ  որդուս սպանության գործով  որպես մեղադրող էր հանդես  գալիս ՀՀ գլխավոր դատախազության «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության» ավագ դատախազ՝ Գրիգոր Ամիրյանը:Բացի այն փաստից, որ նա առանձնապես ծանր հանցագործությունների գործերով մասնագիտացված դատախազ չէր, դատական նիստերի ժամանակ բախվելով իմ կողմից  դատարանին ներկայացրած խմբակային սպանությունը մերկացնող փաստերին՝ երբեմն, իբր ինձ հակադարձելու առիթով պարբերաբար հայտարարում էր․  «Տուժողի իրավահաջորդն ուզում է, որ ես տանեմ գործը վերաորակման,բայց ես դա չեմ անի, չեմ տանի...»:
Նշեմ, որ հանցագործության մասին հաղորդում է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին՝ գործով նախկին դատավոր Նարեկ Բեգլարյանի և ամբաստանյալի պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ գործի կանխատեսված ելքով փոխհամաձայնեցված գործողությունների, ընդհուպ մինչև ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի կալանքը որպես խափանման միջոց  գրավով փոխելու, արդարադատությանը խոչընդոտելու, հարցաքննվող վկաներին ուղղորդելու և այլնի մասին, վկայակոչվել  են հավաստի տվյալներ,մասնավորապես՝օրինական ճանապարհով ձեռք բերված  ձայնագրություններ, օրով-ժամով ֆիքսած հեռախոսային հաղորդագրություններ և այլն: 
 ՀՀ գլխավոր դատախազության «Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունից» դեռևս փետրվար ամսվա առաջին տասնօրյակին  տեղեկացել էի, որ  դատախազ Գրիգոր Ամիրյանի  նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:    Խնդրել էի որպես կողմ ինձ ևս ներգրավել ծառայողական քննությանը, հնարավորություն ընձեռնել ներկայացնելու  համապատախան փաստեր, ապացույցներ,որոնք  դեռևս չեն պահանջվել:
Ու հանկարծ, ընդամենը երկու օր առաջ՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին գործուղված՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ՝ Վ.Դաշտոյանի պաշտոնական տեղեկատվությամբ հայտնի է դարձել, որ դատախազ Գրիգոր Ամիրյանն իր դիմումի համաձայն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 Մինչև օրս քրեական վարույթ չի նախաձեռնվել, մինչդեռ դատախազ Գրիգոր Ամիրյանի և մեղադրյալի պաշտպանի  հաղորդագրությունների վերծանումները  բացառապես հնարավոր է ստանալ քրեական վարույթի շրջանակներում:
   Ի դեպ, որդուս  գործի քննության վրա  Գրիգոր Ամիրյանի թողած ծանր հետևանքների կապակցությամբ դեռևս ծանրակշիռ փաստեր կան ներկայացնելու գլխավոր դատախազին: »,-խոսքը եզրափակում է սպանված երիտասարդի մայրը :
 Հիշեցնենք նաև, որ Ռուզան Ադանալյանը օրեր առաջ  ակցիա էր իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Հանցագործության մասին,  ինչպես  նաև, մեղադրող Գրիգոր Ամիրյանի վերաբերյալ  բանավոր հաղորդում և կից փաստաթղթեր  էր  ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրել միջոցներ ձեռնարկել: