«Հրապարակ». Հայրենիքը սպանեց նրան

«Հրապարակ». Հայրենիքը սպանեց նրան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունների (CCAF) համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը, թե ՀՀ իշխանություններն արգելել են իր մուտքը Հայաստան, մի քանի օր անց էլ դեռ պարզաբանված չէ։ ՀՀ պատկան մարմինները՝ «դուխով» իշխանությունները, սկսվել եւ բացատրություն չեն ներկայացնում, թե ինչու են Փափազյանին պերսոնա նոն գրատա ճանաչել։ Լուռ է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, թեպետ թվում էր, թե առաջինը հանդես կգա պարզաբանմամբ, թե ինչու են իր երկրի քաղաքացուն, առավել եւս՝ Ֆրանսիայի իշխանությունների համակրանքը վայելող, Մակրոնի հետ մտերիմ Մուրադ Փափազյանին հայտարարել անցանկալի անձ ու օդանավակայանից հետ ուղարկել Ֆրանսիա։ Երեկ դեսպանատնից մեր հարցերին չպատասխանեցին՝ պահանջեցին գրավոր հարցում։ Սպասում ենք մեր հարցման պատասխանին։ Կառավարության լրատվության վարչությունից ընդհանրապես չպատասխանեցին մեր զանգերին։ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ասաց, որ խնդիրն արտգործնախարարության տիրույթում չէ։ 

Մինչ Նիկոլ Փաշինյանը կհրահանգի ենթակա մարմիններին՝ պարզաբանում տալ Փափազյանի հետ կատարվածի պատճառների մասին, ակտիվ հայ հանրությունը տարբեր  վարկածներ է առաջ քաշում։ Ըստ Փափազյանի՝ նախօրեին Հայաստան ժամանելուց հետո իրավապահները նրան արգելել են դուրս գալ օդանավակայանից եւ ուղեկցել են դեպի հետադարձ թռիչքի օդանավ։ «Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության եւ Հայ դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելն ուղղակի ցավ է պատճառում ինձ»,- գրել է Փափազյանը: Ավելի ուշ, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա հայտնել է, որ դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն։ «Իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետեւ, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձեւով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կա՛մ անձնագիրն է կեղծ, կա՛մ վիզա չունի, կա՛մ խնդիր է երկրի անվտանգության համար։ Պետք է պատճառ լինի: Այդպես վարվել բարեկամ երկրի քաղաքացու հետ՝ լուրջ հարց է, լուրջ սխալ է, չեմ կարծում, որ Փաշինյանը հաշվի է առել սա՝ ինձ սեւ ցուցակ ներառելով: Ես գիտեմ, որ պերսոնա նոն գրատա եմ Թուրքիայում, Ադրբեջանում, բայց երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր ՀՀ-ում պերսոնա նոն գրատա կլինեմ: Իսկապես: Ես ամեն օր վտանգի մեջ եմ Ֆրանսիայում Թուրքիայի եւ ադրբեջանցիների կողմից, որովհետեւ քաղաքական եւ Հայ դատի գործիչ եմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այսպիսի ձեւով կվարվի որեւէ ղեկավարություն իմ հանդեպ»,- ասել է Փափազյանը:

Փափազյանի կարծիքով՝  Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ խնդիր ունի, նա չի հանդուրժում ընդդիմության գոյությունը Հայաստանում ու սփյուռքում, նա ուզում է պատժել ընդդիմությանը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Վարկածներից մեկի համաձայն էլ՝ իբր Փափազյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Նիցցա այցի ընթացքում նրան չի աջակցել, կազմակերպչական աշխատանքներ չի տարել, ինչն էլ պատճառ է դարձել Փափազյանի մուտքն արգելելու համար։ Մեկ այլ պատճառ են նշում․ ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Մուրադ Փափազյանը Փարիզի քաղաքապետի հետ այցելել էր Հայաստան, նրանք Գորիսում հանդիպել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո Նիկոլ Փաշինյանը չեղարկել էր Փարիզի քաղաքապետի հետ նախապես պլանավորված հանդիպումը։ Տեղեկություններ կային, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է նման պահանջ ներկայացրել, քանի որ հանդգնել են հանդիպել Արցախի ղեկավարի հետ, մինչդեռ իրենք համարում են, որ Արցախն այլեւս գոյություն չունի։ 

Ոմանք հիշեցին, որ ամիսներ առաջ ինչ-որ համաժողովի մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունել էր վարչապետը։ Նրանք Երեւանից լուսանկարներ էին հրապարակել՝ հայտարարելով, թե այն իրենց պատմական հայրենիքն է, եւ շուտով վերադառնալու են։ ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձ եւ չվտարեց, այլեւ լռեց։

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԱԾ ղեկավարին հարցում է ուղարկել՝ ինչո՞ւ է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար անցանկալի անձ համարվում: Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ (եթե ոչ մտերիմ, ապա՝ անդամ) Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան, արդյո՞ք Սամսոն Օզարարատը Հայաստանի համար ցանկալի անձ է համարվում։ Ի դեպ, Աննա Հակոբյանի՝ Նիցցա կատարած վերջին այցը կազմակերպել էր եւ նրան շարունակ ուղեկցում էր թրքահպատակ եւ թրքամետ Օզարարատը, ում Աննա Հակոբյանը «մեծ հայրենասեր» էր անվանել, չնայած Նիցցայում նրան ճանաչում են որպես համայնքը պառակտած, հայ առաքելական եկեղեցուն վնասած անձի։

ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ։ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանը, ով արդեն 80-ն անց է, ղեկավարում է Փարիզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ Նա տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում է, քանի որ ողջ կյանքում պայքարել է Հայ դատի, հայության իրավունքների համար։

«Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին, թուրքերը պատրաստվել են պայթեցնել՝ մեքենայի տակ ռումբ տեղադրելով (1985 թվականի մայիսի 1-ին), որը խանգարվել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում»։ Մանուկյանի խոսքով, ահաբեկչության այս փորձից հետո՝ 37 տարի անց, Հանրի Փափազյանի որդին՝  Մուրադ Փափազյանը, արդեն թուրքական թիրախում ու հայկական իշխանությունների ձեռքով «սպանվեց»… «Կների ինձ ընկերս, բայց իր պաշտած, ողջ կյանքը նրան նվիրած, նրանով ապրած, նրա անկախությունը երազած, դրանով ուրախացած, ազատագրման ամեն պահը կյանքի մաս զգացած, հետո արդեն կորստյան ցավը սգացած հայորդին սեփական հայրենիք մուտք գործելու արգելքի մասին տեղեկանալով՝ մեռնում է, նահատակվում է։ Այսօր հայրենիքը սպանեց նման հայ մարդու»։

Մանուկյանը վստահ է՝ Փափազյանին չեն թողել մտնել Հայաստան, քանի որ նա Թուրքիայի թշնամին է ու ողջ կյանքը պայքարել է թուրքական ուրացման, ցեղասպան քաղաքականության դեմ։ «Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ։ Նա վերջին օրերին ակտիվ քննադատում էր հայկական շրջանակներում, իշխանության մեջ, նիկոլական ընտանիքում թուրքական շահերը սպասարկող Սամսոն Օզարարատի դերակատարումն ու ներկայությունը։ Նա Ֆրանսիայի իշխանությունների ամենաբարձր օղակներում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքն իրացնելու մասին, որը նեղացնում էր Նիկոլին ու Ալիեւին»։

Մինչդեռ իշխանական քարոզչամեքենան թեզ է տարածում, թե Մուրադ Փափազյանը կազմակերպել է Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան դեմ բողոքի ցույցը, որի ժամանակ քար են նետել նրա մեքենայի ուղղությամբ։ Իսկ իր ուղղությամբ նետված ոչինչ Փաշինյանը չի մոռանում (Արթուր Ղազինյանի նետած շշի պատճառով Սահմանադրությունը ոտնահարեցին եւ ընդդիմությանը չտվեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչից էլ սկսվեց խորհրդարանական ճգնաժամը)։

Նշենք, որ մեկ էլ 30 տարի առաջ՝ 1992 թվականի հուլիսի 29-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթից հետո Հայաստանից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսման հրամանագիր է ստորագրել։