Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 20 տարի է անցել

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 20 տարի է անցել

Ուղիղ  20 տարի առաջ Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակները խաղաքարտերի նման փլվեցին՝ եղբայրական գերեզման դառնալով 3000 մարդու համար։ Սա համարվում է համաշխարհային պատմության ամենամահաբեր ու աշխարհը ցնցած ահաբեկչությունը։ Դրանից հետո աշխարհի շատ երկրների իշխանություններ արմատապես վերանայեցին ազգային անվտանգության շուրջ իրենց հայացքները, իսկ ԱՄՆ-ը սկսեց ահաբեկչության դեմ իր երկարամյա պայքարը։ Նաև՝ սեպտեմբերի 11-ը շրջադարձային դարձավ շարքային մարդկանց կյանքում․ յուրաքանչյուր ամերիկացի հիշում է, թե այդ օրը որտեղ էր գտնվում։

Բայց առավել ծանր էր այն մարդկանց համար, ովքեր այդ ճակատագրական օրը կամ աշտարակներում էին, կամ առևտրի կենտրոնի մոտակայքում։ Հրաշքով փրկվելով մահից՝ նրանք մինչ օրս տանջվում են ցավագին հիշողություններից, պայքարում ծանր հիվանդությունների դեմ, վախենում ինքնաթիռներից և բարձր շենքերից։ Բարեգործական հիմնադրամների անդամ և փաստաբան Էնն Մարիա Պրինցիպեն, որը սեպտեմբերի 11-ին գտնվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերին մոտ, «Լենտային» պատմել է իր պատմությունը։

«Չգիտեմ, թե ինչպես փրկվեցի»

Ես Էնն-Մարի Պրիցիպեն եմ և ես կարողացա փրկվել 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։ Ես փոքրիկ բիզնես ունեի՝ մոդելային գործակալություն և զբաղված էի Նյու Յորքում նորաձևության շաբաթի անցկացման կազմակերպչական հարցերով։ Այս առավոտ սովորականի նման աշխատանքի էի գնում։ Հիշում եմ՝ հիանալի եղանակ էր։ Ես արդեն մտել էի առևտրի կենտրոնի կողքի շենքը և առաջին ինքնաթիռը չէի նկատել։Միայն լսեցի որոտի պայթյունին նմանվող կտրուկ ձայնը, որով ինքնաթիռը մխրճվեց աշտարակի մեջ։ Դուրս եկա փողոց և ինչ-որ մեկն ասաց, որ շենքին ինքնաթիռ է մխրճվել։ Մտածեցի, որ պարզապես դժբախտ պատահար է։ Իսկ հետո հայտնվեց երկրորդ ինքնաթիռը։ Այնպիսի տպավորություն էր, որ այն ուղիղ իմ գլխի վրայով թռավ։ Երբ այն բախվեց երկրորդ աշտարակին, հասկացա, որ այդտեղ ոչ մի պատահականություն չկա։ Այն իսկական հարձակում էր։ Գիտե՞ք, թե ինչն էր ամենասարսափելին։Ահայտությունը։ Եվ թեև այդ ամենը կատարվում էր մեր աչքի առաջ, մենք չէինք հասկանում, թե ինչ էր դա։ Գուցե ինքնաթիռի ներսում կենսաբանական զենք կա՞ր։ Գուցե անգամ ռադիոակտիվ։ Այդ պահին ոչ ոք չգիտեր ճշմարտությունը, բացառությամբ ինքնաթիռի ներսում գտնվող մարդկանց։
Ես քարացել մնացել  էի, բացարձակապես որևէ բան չէի կարողանում անել կանգնած մնալուց ու նայելուց բացի։ Երկնաքերերի պատուհաններից ինչ-որ բաներ էին ընկնում։ Հետո հասկացա, որ մարդիկ են․․․Շուրջբոլորս քաոս էր, իսկ ես կանգնած էի մնացել՝ նայելով այրվող շինություններին և նույնիսկ չէի մտածում, որ նրանք կարող են փլուզվել։ Իսկ նրանք քանդվում էին խաղալիքից տնակների նման, գրեթե միաժամանակ, իսկ հողը ոտքերիս տակ ցնցվում էր։ Եվ միայն այդ պահին ուշքի եկա և հասկացա, որ պետք է փախչել։ Շուրջս ահավոր ձայն էր, ինչ-որ բան դղրդում էր ու ընկնում։ Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչպես կարողացա փրկվել։

Հետո՝ կատարյալ մեկուսացում և անգիտություն։ Ծխի պատճառով ոչինչ չէր երևում, որևէ մեկի հետ կապ հաստատելը նույպես անհնար էր, քանի որ բջջայինները աշտարակներում էին։ Չէին աշխատում ո՛չ ռադիոն, ո՛չ հեռուստացույցները, և սա էլ ավելի էր խորացնում խուճապը։ Ինչ-որ մեկն ասաց, որ օդում այլ ինքնաթիռներ էլ կան, և նրանք, իրապես, թռնում էին մեր գլխավերևով, դրանք ինչ-որ արագընթաց ինքնաթիռներ էին։

Ի՜նչ իմանայինք՝ դրանք ամերիկյա՞ն, թե՞ այլ ինքնաթիռներ էին։ Ես սարսափած էի և որոշեցի այդտեղից հնարավորինս հեռու տեղ գնալ։

Գնացի թաղամասի արևմտյան ուղղությամբ դեպի ստորին Մանհեթեն։ Համընդհանուր խուճապի մեջ ինչ-որ մարդկանց հաջողվում էր առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին։ Կամ հանգստացնել այն մարդկանց, որոնց ինքնազգացողությունը վատացել էր․․․

Այո, այդ օրը մարդկանց կողմից բավականաչափ բարություն ի ցույց դրվեց։
Ի վերջո, որոշեցի նավ նստել․ կայանում արդեն էվակուացիա էր, մարդկանց տարհանում էին նավակներով։ Տուն հասնելը տևեց մի քանի ժամ, քանի որ տրանսպորտային համակարգը փաստացի կաթվածահար էր, ճանապարհները փակ էին, իշխանություններն էլ չգիտեին, թե ինչ է կատարվում և ցանկանում էին այնպես անել, որ որևէ մեկը էլ չտուժի․․․ Ընտանիքիս հետ հանդիպեցի շատ ավելի ուշ, մոտ՝ ժամը 18-ին, այսինքն՝ ահաբեկչությունից 9 ժամ անց։ Այդ ժամանակ տեղեկացանք, որ մի ինքնաթիռ էլ մխրճվել է Պենտագոնի շենք։

Մտածել այն մասին, թե  այդ ահաբեկչական ակտերը ոորքան մարդկային կյանքեր խլեցին, անտանելի էր։ Մենք հասկանում էինք, թե մոտավորապես որքան մարդ եղած կլիներ երկվորյակ աշտարակներում․ ամեն օր այնտեղ աշխատանքի էր գնում 50 հազար մարդ։ Արդյունքում պարզվեց, որ զոհվել է 2996 մարդ, ներառյալ ահաբեկիչները։ Բայց այդ մասին իմացանք հետո, իսկ սեպտեմբերի 11-ի երեկոյան ես մեծ դժվարությամբ էի շնչում, ամբողջ մարմնով դողում էի։ Չէին օգնում անգամ տրանկվիլիզատորները։

Այդպես անցավ գիշերը։ Հաջորդ օրը որոշեցի գնալ այնտեղ, չէ՞ որ իմ գրասենյակը դրանց շատ մոտ էր։ Ուզում էի իմանալ, թե դրա հետ ինչ է եղել։ Բարեբախտաբար, շենքը կանգուն էր։ Չնայած, շատ ահավոր տեսք ուներ․ կոտրված ապակիներ, ամենուր՝ բեկորներ, մոխիր և փոշի։ Փոշին ամենուր էր, ես բառացիորեն խեղդվում էի գրասենյակ տանող ճանապարհին քայլելիս։ Շուրջբոլորը՝ բեկորներ, ապակու կտորներ, մեռած թռչուններ․․․ Չեմ էլ ուզում մտածել, որ հնարավոր է՝ նրանց կոխկրտած լինեի։

Մանհեթենում ամենուր զինվորականներ էին՝ զենքով և հատուկ տեխնիկայով և հսկա գնդացիրներով․ Նյու Յորքը վերածվել էր ռազմական գոտու։

Ամեն ինչ այնքան ոչ ռեալ էր թվում ու սարսափելի․ բրեզենտի վրաններում փրկարարները տեղափոխում էին վիրավորներին, ամենուր՝ փոշի, շնչելու օդ չկար, որովհետև շենքերի բեկորները շարունակվում էին այրվել... Քչերը գիտեն, որ այդ տեղանքում դեռ մի քանի ամիս շարունակ հրդեհներ էին , այնպես որ, բոլորը, ովքեր այդ թաղամաս էին ընկնում, օրերով հազում էին։ Ես այնքան էի շնչել այդ նյութերը, որ հետագայում մաշկիցս մոխրագույն գույնի ինչ-որ նյութ էր արտաթորվում։ Դա այն փոշին ու մոխիրն էր, որը մենք ակամայից կուլ էինք տվել։

Ողբերգության հաջորդ իսկ օրը բոլորը հասկանում էին՝ պետք է վերադառնալ Մանհեթեն, զբաղվել աշխատանքով, ցույց տալ աշխարհին, որ մեք չենք ընկրկում։  Ցավոք, այդ քաջության ու դիմացկունության դիմաց ստիպված էինք շատ մեծ գին տալ՝ հազարավոր ամերիկացիների կյանքեր։

Դեռ երկար ժամանակ օդի պարունակության մեջ կային վտանգավոր, մարդկանց համար մահացու նյութեր և շատերը հետագայում բախվեցին դրա սարսափելի հետևանքներին՝ ուռուցքային հիվանդությունների զարգացում, շնչառական խնդիրներ, և այլն։ Ես ինքս էլ ունեցա․ 2018-ին իմ մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ և ես շարունակում էի աշխատել Կոնգրեսում՝ իմանալով ախտորոշումս։