Ստրելկովը մի բան էլ մեղմ է ասել

Ստրելկովը մի բան էլ մեղմ է ասել

Նախկինները լավ չեն արել, որ լուրջ պաշտպանական կառույցներ չեն ստեղծել Արցախում, մոռացել են «գնել» «Իսկանդերի» արկերը՝ գուցե խնայողության նկատառումներով: Բա էն սիմպատիչնի, NATO-ում ժամանակին ՀՀ ներկայացուցիչ տղեն ինչո՞վ էր զբաղված երեք տարվա ընթացքում: Թե՞ զբաղված էր «Իսկանդերի» չափից ավելի ուռճացված «փուչիկը» պայթեցնելով:

ՌԴ ռազմական գործիչ Իգոր Ստրելկովը գթասրտություն է դրսեւորել՝ ասելով, թե հայ գեներալները պետք է զրկվեին իրենց ուսադիրներից ու դառնային շարքային զինվորներ: Նա, անշուշտ, կարող էր ավելի կոշտ ասել, թե որեւէ մեկն արժանապատիվ չգտնվեց ու ինքնասպան չեղավ: Նրան զարմացրել է, որ օդում ադրբեջանցիների բացարձակ գերազանցության պայմաններում идиотские контратаки են ձեռնարկել հայ զինվորականները: Մինչդեռ այդ ուժերը պետք էր օգտագործել պաշտպանական նոր բնագծեր կազմակերպելու համար: 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ հայտարարել էր.  «Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: …այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլեւ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպա-նության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով»: 

Դոնբասը գրավող Ստրելկովը, հավանաբար, Արայիկ Հարությունյանից «մի փոքր» լավ է հասկանում ռազմական գործը: Ու եթե նա ասում է, որ Արցախի օդն ընդհանրապես պաշտպանված չի եղել, ապա ստացվում է, որ ԱՀ նախագահը ստել է: Այլապես թող դատի տա նշված ռազմական գործչին՝ իրեն զրպարտելու համար: Воздух Арцаха полностью защищен»,- այսպես էր հայտարարել ԱՀ նախագահը: Մի՞թե սա եղել է ծածկագրված ազդանշան. «Воздух Арцаха не защищен»…
Այս նախաբանի եւ հրապարակման նպատակն այլ է:

Մի առիթով գրել էինք. «Մերթընդմերթ մայրաքաղաքի երկնքում թռիչքներ են իրականացնում ռազմական օդանավերը: Ինչպե՞ս կարելի է մեկ միլիոնանոց քաղաքի վրայով այդքան ցածր բարձրության վրա թռիչքներ կատարել… Կասեն, թե օդաչուները բարձրացնում են իրենց պատրաստականության մակարդակը: Այդ դեպքում հարց՝ որտե՞ղ է օգտագործելու այդ մակարդակը: Միամիտ հարց է, չէ՞: Կասեն՝ պատերազմի ժամանակ: Հարց՝ ո՞ւմ հետ պատերազմի ժամանակ: Իսկ 2020 թվականին ինչո՞վ էին զբաղված:

Այսօր՝ 2021-ի սեպտեմբերին, Երեւանի երկնքում կրկին աղմկում են ռազմական օդանավերը, խժռում պետական բյուջեն, հարկատուների վճարած հարկերը: Դադարեցրեք, անհարմար է եւ անիմաստ: Ձեզ ո՞վ կթույլատրի ավիացիա օգտագործել: Օգտագործելու դեպքում էլ, «պարսատիկներով կիջեցնեն» գետնին: Գուցե ռազմական օդանավերն այդ վարժանքներով ուղե՞րձ են հղում, ծածկագրված. «Воздух Армении полностью защищен»։

ՀԳ. Կարծես, հակառակորդը ճիշտ էլ վերծանել է «օդային ուղերձը». թուրք-ադրբեջանական ինքնաթիռները, առայժմ քաղաքացիական, ազատ թռչում են Հայաստանի երկնքում: Բարի գալուստ, «եղբայրներ»:

Գագիկ Վարդանյան