Նիկոլ Փաշինյանը Լավրովին պատասխանելու «չունի»

Նիկոլ Փաշինյանը Լավրովին պատասխանելու «չունի»

Մի քանի շաբաթ Նիկոլ Փաշինյանը համառորեն լռում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին առ այն, որ Արցախի կարգավորման հարցում բանակցությունների սեղանին փուլային տխրահռչակ փաթեթն է դրված: Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարարի արած հայտարարությանն այս ընթացքում պատասխանեցին իշխանական օրենսդիրները, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն նրանց լղոզված պատասխաններից հստակություն չմտցվեց:

Զոհրաբ Մնացականյանն անցած շաբաթ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում, ըստ էության, չհերքեց բանակցությունների մասին տեղեկությունը, ինչը տեւական ժամանակ համառորեն հերքում էր գործող իշխանությունը, ի դեմս վարչապետի, ասելով, թե բանակցություններ չեն լինի, քանի դեռ այդ սեղանին չի վերադարձել Արցախը: Չհերքեց նաեւ Լավրովի գաղտնազերծած տարբերակը, ասելով միայն՝ ուրիշ բան, որ «հիմա այդ հարցը թափ տալու կարիք չկա»: Սակայն հանրությունը սպասում էր, որ ժողովրդի վարչապետը, խոստմանը համաձայն, որեւէ գաղտնիք չի պահելու իր ժողովրդից եւ առանցքային հարցերի շուրջ խոսելու է բաց ու թափանցիկ, գուցե ոչ հրապարակներում, ինչպես խոստացել էր, բայց գոնե իրեն հարմար ցանկացած ֆորմատում։ Կասի, թե ինչի մասին էր խոսում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը, իրականում ինչ է տեղի ունենում, որի մասին ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյակ չեն եւ տեղեկացան Լավրովի խոսքից: 

Սակայն Նիկոլ Փաշինյանը երեկ էլ այս հարցի հետ առերեսման ժամանակ չբացահայտեց իրականությունը: Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Փաշինյանն իր ելույթում շրջանցեց արտաքին քաղաքականության հատվածը, հիշեցրեց նաեւ Լավրովի անարձագանք մնացած հայտարարության մասին, ինչին ի պատասխան՝ վարչապետը մի լղոզված պատասխան տվեց՝ կրկնելով նախկինում հայտնած մտքերը: Նախ ասաց, թե ոչ ոք այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքը։ «ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային եւ թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն,- ասաց նա՝ շարունակելով։- Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես եւս երկու կարեւոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե: Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձեւակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ո՛չ պակասեցնելու, ո՛չ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»: 

Նրա այս հայտարարությունից հետո շատ քաղաքագետներ արձանագրեցին, որ Փաշինյանը չասաց ամենակարեւորը, օրինակ՝ այն, որ այսօր փուլային կամ լավրովյան պլան չի քննարկվում: Փաշինյանի անորոշ պատասխանները նոր հարցադրումներ ու կասկածներ առաջ բերեցին, շատերն այդուհետ համոզված պնդեցին, որ սեղանին, իսկապես, փուլային տարբերակն է: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հավելյալ փորձեց ճշտել՝ կա՞ այդպիսի փաստաթուղթ կամ՝ բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ: Բուն պատասխանից առաջ Փաշինյանն ուշագրավ խմբագրում կատարեց իրեն հարց ուղղած պատգամավորի խոսքում՝ ասելով, թե ինքը Լավրովի հայտարարությանը չի անդրադարձել, այլ անդրադարձել է իր հայտարարություններին, որոնք արել է 2018 թվականից ցայսօր. «Ես մեր դիրքորոշումն եմ արտահայտել եւ ասել, որ այն գոյություն ունի՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող այլ դիրքորոշումներից: Ձեր ասած հարցին ես նախկինում բազմիցս անդրադարձել եմ, ինձ ոչ թե դժվար է այդ նույն պատասխանները կրկնել, այլ ես կարծում եմ, որ բանը մի անգամ են ասում: Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»: «Բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ, եթե ոչ՝ ասեք, թող բոլորը հանգստանան»,-  պնդեց պատգամավորը։

«Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ուրեմն ես նախկինում բազում անգամներ հանգստացրել եմ անհանգստացողներին, հիմա եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում… ես չեմ կարող 24 ժամ… հարյուր անգամ հանգստացրել եմ»,- եզրափակեց Փաշինյանը՝ իր պատասխանով մեկ անգամ եւս ցուցադրելով հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների բնույթը եւ իր արհամարհանքը Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետի հայտարարության նկատմամբ: