Հիպերտոնիկների քանակն է շատացել, շաքարային դիաբետի «կրիզները», պսիխոզները, ինքնասպանությունները

Հիպերտոնիկների քանակն է շատացել, շաքարային դիաբետի «կրիզները», պսիխոզները, ինքնասպանությունները

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի սրտաբանների միության անդամ Արմեն Աստվածատրյանի հետ:


- Պարոն Աստվածատրյան, նորմա՞ եք համարում, որ մինչ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը շատանում են, կառավարությունը հանում է կարանտինն ու սահմանափակումները։

- Այդ հարցն ինձ ուղղում եք որպես քաղաքացո՞ւ, թե՞ որպես բժշկի։

- Որպես բժշկի։

- Որպես բժիշկ՝ ոչ, բայց որպես քաղաքացի՝ այո, որովհետեւ ես հասկանում եմ, որ այլ տարբերակ չկա։ Բացատրեմ՝ ինչու։ Հանրապետությունը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, եւ, ըստ իս, ամենասկզբից պետք չէր մտցնել այդ կարանտինային սահմանափակումները։ Ինչպես արեցին Շվեդիայում, այս երկրի մոդելն էր պետք օգտագործել։ Բացի այդ, ես չեմ համարում, որ կորոնավիրուսն այնպիսի ծանր հիվանդություն է, որպեսզի բոլորը կանգնեն ականջների վրա։

- Բերում եք Շվեդիայի օրինակը, որտեղ սկզբնական լավատեսությունը, որ կար, այլեւս չկա։ Ի վերջո, Շվեդիան մահացու ելքերով երկրների եթե ոչ առաջին, բայց  «առաջատար» հորիզոնականներում է։

- Դուք խոսում եք բժշկի հետ, ես հասկանում եմ, դա հասկանալու համար պետք է տարիներով Բժշկական ինստիտուտում սովորել, բայց այդ տվյալները նայելիս պետք է հաշվի առնեք, որ կա «летальность» (մահաբերություն) հասկացություն եւ «смертность»` մահացություն։ «Летальность»-ը Շվեդիայում բարձր է, ինչը նշանակում է, որ մարդկանց այն քանակից, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, իրենց մահացությունը բարձր է, բայց կա ընդհանուր մահացություն, որը հաշվարկվում է այլ կերպ՝ մեկ միլիոն բնակչության հաշվարկով։ Եվ եթե չեմ սխալվում՝ Շվեդիան 270 էր՝ մեկ միլիոն բնակչության հաշվարկով։ Այսինքն, եթե համեմատում եք առաջատար մյուս 10 երկրների հետ, օրինակ՝ Շվեդիան, իսկ Բելգիան, որտեղ մտցրել են կարանտին, իրենց մոտ մահացությունը 600-ից բարձր է։ Այսինքն՝ մոտ երեք անգամ բարձր է երկրից, որն առհասարակ ոչ մի կարանտին չի մտցրել։ Մի փոքր բացատրեմ․․․ Շվեդիայում կորոնավիրուսը շատ քիչ են ստուգում․7 դեպքից մեկը հայտնաբերվում է, այդ յոթից մեկը մահանում է, այդ յոթից մեկը դառնում է մոտ 12 տոկոս, բայց եթե իրենք իրենց թեստավորումը տասնապատիկ ավելացնեն, միեւնույն է, իրենց մահացությունը նույնն է մնալու։ Այսինքն՝ այդ տոկոսն իջնելու է։

- Իսկ Ձեզ՝ իբրեւ բժշկի, չի՞ հուսահատեցնում այն, որ երեկ մարդիկ թափվել էին փողոցներ, սրճարաններ։

- Բոլորովին։ Հիվանդությունն ունի 2 տոկոսանոց մահացություն։ Իսկ երբ մարդիկ երեք ամիս չեն աշխատում, մենք ունենում ենք շատ ավելի բարձր մահացության ցուցանիշ։ Դուք չե՞ք կարծում, որ հիպերտոնիկների քանակն է շատացել, շաքարային դիաբետի «կրիզները», պսիխոզները, ինքնասպանությունները․երկու օր առաջվա սարսափելի դեպքն ինչի՞ հետեւանք է (խոսքը երկու երեխաների հետ պատուհանից նետված տղամարդու մասին է՝ Ա․Դ․)։ Ես համոզված եմ, որովհետեւ արդեն 3 ամիս է՝ իմ աշխատանքում պսիխոզներով եմ զբաղվում։ Մարդիկ սրտի նոպաներ են ունենում, վախենում են դիմել բժշկի։ Կամ մարդիկ, որ աշխատանք են կորցրել կամ աշխատավարձ չեն ստանում, էդ մարդկանց քանակը պետք չէ՞ հաշվել։ Մեզ ինչո՞ւ է թվում, որ կորոնավիրուսից մահացած մարդիկ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ինֆարկտից մահացածները, քան ինսուլտով հիվանդները, չարորակ ուռուցքներով հիվանդները։  

- Այսինքն՝ այդ օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված՝ մյուս հիվանդները հետին պլա՞ն են մղված։

- Դա օբյեկտիվ չէ, դա ստիպված է, այս հիմար իրավիճակի պատճառով, որը ոչ միայն Հայաստանում է միայն, այլեւ ողջ աշխարհում։

- Բայց չէ՞ որ եթե բոլորը վարակվեն, ապա մահճակալները չեն հերիքի․․․

- Եթե բոլորը վարակվեն, մահացության տոկոսը կլինի 2 տոկոս։ 2 տոկոս մահացություն ունեցող հիվանդության համար երկրագունդը չեն կանգնեցնում։ Մենք այնպիսի ֆինանսական ճգնաժամի մեջ ենք մտնում, որ այդ 2 տոկոսը ծիծաղալու է լինելու։ Մենք տարիներով այդ իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկ սրա պատճառով մահացությունն ո՞վ է հաշվելու։ Ուզում եմ հիշեցնել, որ Նոբելյան մրցանակները Շվեդիայում են տրվում, ու, ինչ՝ Շվեդիայի բժիշկներն այնքան հիմար են, որ այսքանը չե՞ն հասկանում։ Իրենք սթափ հաշվել են, որ «եթե մենք պատերազմում ենք հիվանդության դեմ, որի անունը «կորոնավիրուս» է, մենք ո՞նց կարող ենք պատերազմը հաղթել առանց կորուստների։ Պատերազմը միշտ էլ հաղթում են կորուստներով։ Ցավալի կորուստներով։ Բան չունեմ ասելու։

- Պարոն Աստվածատրյան, վերջին շրջանում այդ պատվաստանյութի դեմ ու համաշխարհային դավադրությունների մասին խոսում են համաշխարհային գիտնականներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, բժիշկներ։

- Այդ չիպավորմա՞ն մասին եք խոսում։ Դա այնքան ծիծաղելի է, դա ուղղակի հիմարություն է։ Տա Աստված, այդ պատվաստանյութը ստեղծեն, այն նորմալ աշխատի։ Իսկ այդ չիպերի մասին խոսողները ․․․ մենք բոլորս, երկրագնդի մարդիկ արդեն շատ վաղուց «կալպակի տակ ենք»։ «Սմարթֆոնից» լավ չիպ գոյություն չունի։ Լավ, ենթադրենք, ի՞նչն է հետաքրքրելու «գերկառավարությանը»։ Թե ես տանն ինչ տռուսիկո՞վ եմ ման գալիս։ Ի՞նչն է հետաքրքրելու էդ համաշխարհային կառավարությանը։ Ծիծաղելի է, էլի․․․ անգամ Բիլ Գեյթսի էդ հեքիաթը․ Բիլ Գեյթսի շնորհիվ Հայաստանը 20 տարի է՝ անվճար ստանում է վակցինաներ։ Փոխանակ էդ մարդուն շնորհակալություն ասենք, ինչ կեղտ ասես չենք լցնում։