Ինչի մասին են այդքան երկար խոսել Ժնեւում

Ինչի մասին են այդքան երկար խոսել Ժնեւում

Այսօր երեկոյան ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ ժնևյան հանդիպման երկրորդ ռաունդը: Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունում նշված է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. «2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։ Արտգործնախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: 

Քաղաքագետ էդգար Էլբակյանը «Հրապարակի», հետ զրույցում նշեց, որ պատահական չէ, որ հանդիպումները տևեցին 2 օր՝ վերջին՝ Բրատիսլավայում արձանագրված դեպքերի ֆոնին, երբ կողմերը միմյանցից տրամագծորեն հեռու դիրքորոշումներով հանդես եկան։ Ըստ որում, սա ոչ միայն ինքնին փաստն էր, այլև ուղեկցվեց դիվանագիտական որոշակի լարումով․ ադրբեջանական կողմն անգամ դա հասցրեց անձնային մակարդակի՝ Մամեդյարովի հայտնի տեսահարցազրույցի արդյունքում։ Էլբակյանն ասում է, որ ակնհայտ էր, որ երբ տարին սկսվում էր նման մեկնարկային դիրքերից, պետք է տեղի ունենար որոշակի վերամերձեցում, ինչը հնարավոր չէր անել առանց քննարկումների։ «Սա՝ կողմերի մասով։ Իր հերթին հստակ շահագրգռվածություն ունի նաև համանախագահությունը որպես ինստիտուտ և պետք է հիշել, որ նրանց համար ևս տարին հոբելյանական էր՝ 25-րդը և հասկանալի է, որ նրանք ևս և՛ միջազգային, և 2-3 երկրների հասարակությունների կենտրոնում են լինելու՝ այն հարցադրմամբ, թե համանախագահությունը քարռորդ դար ինչո՞վ է զբաղված եղել։ Այսինքն՝ բոլորին էլ իրականում պետք էր աշխատանք, քննարկումներ»,-ասում է քաղաքագետը։ 
Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում «հարցերի լայն շրջանակ», քաղաքագետն ասում է, որ այս մասին տեքստը արժանահավատ ու բնական է։ Նաև, որովհետև բանակցային տրամաբանությունը հենց դա է հուշում։ Որ բոլոր կողմերը գոնե վերբալ՝ խոսքի մակարդակով ինչ-որ բան ստացած, պետք է գնան տուն։ «Բնական է, այնտեղ չի կարող քննարկվել միայն մեր հայկական կողմին կամ՝ կողմերին, ձեռնտու թեմաներ և չքննարկվի ադրբեջանական թեմաներ։ Եթե շատ կոնկրետացնենք, ապա եթե հայկական կողմը պնդում է, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցայի գործընթացին, ապա բնական է, որ նույն բանակցային սեղանի շուրջ ադրբեջանական կողմը պետք է խոսի իր այսպես կոչված՝ ԼՂ ադրբեջանական համայնքի մասին՝ այս կամ այն ձևով։ Եվ բնական է, որ նման քննարկումները կարող են երկար տևել։ Ինչու եմ կենտրոնանում այս երկար-կարճի վրա, որովհետև դա հանրային խոսույթում քննարկման առարկա դարձավ։ Մինչև պարզվեց, որ դրանք, առհասարակ, 2 օր են տևելու»,-մեկնաբանում է քաղաքագետը։ Այն, որ դրանք երկար են տևել, նա համարում է լավ նշան՝ ասելով․ «Պետք է նկատի ունենալ հակառակ պարագան՝ եթե կարճ է տևում, ուրեմն կամ տապալվել է, կամ կողմերից մեկը վերջնագիր է ներկայացրել ու թողել, դուրս է եկել»։ 
Դավիթ Շահնազարյանը Ժնևյան բանակցությունների մասին ասել է․ «Առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»: 

Էդգար  Էլբակյանը չի մեկնաբանում այս կամ այն գործչի ասածը՝ հատկապես, որ նա չի մատնանշել աղբյուր, սակայն սկզբունքորեն չի բացառում, որ բանակցային սեղանին կարող է քննարկվել ամեն-ամեն բան։ Այդ թվում այն, ինչում հայաստանյան դիսկուրսում ներկաները մեղադրում են նախորդ իշխանություններին։ 
«Այո, բանակցային սեղանին կարող է նաև դա քննարկվել, որովհետև առկա բանակցային սեղանին առկա միակ փաստաթուղթն է՝ հայտնի Մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որին, իհարկե, որոշ չափով մարտահրավեր նետվել է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Զոհրաբ Մնացականյանի կողմից, եթե հիշենք 2019-ի մարտին Ստեփանակերտում Փաշինյանի ծավալուն ելույթը։ Որ այդ սկզբունքներն ու տարրերը վերագնահատման կարիք ունեն»,-նշեց Էդգար Էլբակյանը։ Իհարկե, նա էլ չի հերքում, որ այս պահին սեղանին առկա միակ փաստաթուղթը Մադրիդյանն է։ 

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ևս խոսել էր այս մասին՝ հայտնելով․ «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը և որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում ․․․Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ և ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար և Լաչին) և ադրբեջանցի փախստականների վերադարձ»: Սամվել Բաբայանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Իսկ եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարն անընդունելի է համայն հայության և հատկապես արցախցիների համար: 

Մեկ այլ կարևոր մեջբերում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայից, որն ասել է․ «Խորապես հիասթափված եմ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից», քանի որ, նրա խոսքով, կամ դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը: «10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին: Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում: Դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ»,- ասաց Մեթյու Բրայզան: Գնահատելով Մադրիդյան առաջարկները՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք, Մեթյու Բրայզան ասել է, որ առաջարկները մշտապես կարելի է փոփոխել, բարելավել սկզբունքները, բայց, վերջիվերջո, հակամարտությունն ունի էություն: «Կա քաղաքական գործարքի սահման, կոպիտ ասած, և դա հնարավոր չէ փոխել, քանի որ ընդհանուր առմամբ մի քանի տարբերակներ ու կարգավորման մոդելներ են հնարավոր: Բոլոր այդ մոտեցումները հաջողություն չեն ունեցել, և, ի վերջո, կողմերը համաձայնել են, որ բազային գործարքը կարող է լինել հետևյալը, որ տարածքները օրինականորեն վերադարձվում են Ադրբեջանին, Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակն ընդունվում է հետևյալ կերպ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ և չի կարող մշտապես լինել Ադրբեջանի մաս, որ քվեարկությունն ապագայում սկզբունքորեն կարող է այնպես լինել, որ Ղարաբաղը կարող է և չլինել Ադրբեջանի կազմում: Դա հսկայական կոմպրոմիս է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, և առանց դրա՝ ես գործարքի հնարավորություն չեմ տեսնում: Հնարավոր չէ գործարք, եթե Հայաստանն ասի, որ երբեք որևէ հող չի վերադարձնելու Ադրբեջանին, այդ պարագայում Բաքվի հետ հնարավոր չէ որևէ խոսակցություն-բանակցություն, քանի որ դա անընդունելի է Բաքվի համար: Նույնը նաև այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ չի պատկերացնում այլ կարգավիճակ Ղարաբաղի համար, քան Ադրբեջանի կազմում, այս դեպքում էլ հնարավոր չէ բանակցել Հայաստանի տեսանկյունից: Ես վախենամ, որ մենք ներկայումս գտնվում ենք նմանատիպ փակուղում, և առանց գործարքի ընկալման հնարավոր չէ դրանից դուրս գալ»,-ասել է նա։ 

Էդգար Էլբակյանն այս պահին բուն բանակցային գործընթացին ուղղված ռիսկեր չի տեսնում։ Բայց նաև նշում է, որ մեր հասարակությունը բանակցային գործընթացից խիստ գերագնահատված սպասելիքներ ունի, և ակնհայտ է, որ այդպիսիք չպետք է ունենա։ Եվ առավելագույնը, որ մենք կարող ենք ակնկալել, դա բանակցային տրամաբանության հնարավորինս հայանպաստ ընկալումն ու վերաֆորմատավորումն է։ Եվ ինքնին բանակցությունների շարունակման փաստի ուժով՝ սահմանային լարվածության, առավել ևս՝ պատերազմական գործողությունների վերսկսման կանխում։