15 տարի առաջվա դեպքի պատճառով դատավորին լիազորություններից զրկելն առնվազն անհասկանալի է
Հայաստանի Վետերան դատավորների ՀԿ-ն հայտարարություն է տարածել դատաիրավական համակարգում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.
«Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։
ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք անում․
- Տուրք չտալ պատեհապաշտությանը,
- Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
-Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։
-Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց»։
Մենք մի քանի հարց են ուղղել Վետերան դատավորների միության նախագահ Գագիկ Սարգսյանին:
- Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք կարծում, որ դատավորներն այսօր անկախ չեն: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Եթե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ենթադրվում է, որ առաջին հերթին իրավական համակարգը, դատարաններն անկախ են եւ ծառայում են միայն օրենքին:
- Կարգապահական վարույթներն են այդ մասին փաստում, եթե ուշադրություն դարձնեք, ապա ամեն ինչ ակնհայտ երևում է:
- Կոնկրետ ո՞ր գործի շրջանակներում եք եկել այդ եզրակացությանը:
- Տարբեր:
- Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Գուցե դուք և՞ս միանաք այդ ակցիաներին:
- Փաստաբանները գործադուլ են անում, իսկ մենք թոշակառու մարդիկ են: Ի՞նչ իմաստ կունենա մեր մասնակցությունը: Գործադուլն է ակցիայի իմաստը: Կասեն` պարապ մարդիկ են, գնացել, կանգնել են այնտեղ:
- Առաջներում հիշո՞ւմ եք նման դեպքեր, երբ ԲԴԽ-ն նման աննախադեպ քանակի վարույթներ հարուցեր եւ այսքան դատավորների լիազորություններից զրկեր, մանավանդ` կարծիք արտահայտելու համար:
- Ոչ, նման բան չի եղել: Արդարադատության նախարարությունը միշտ էլ միջնորդություններ ներկայացրել է, սակայն դատավորի գործունեությունը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է, կամ նկատողություն է արվել ուղղակի, կամ էլ այլ բան, սակայն ոչ լիազորություններից զրկել:
- Իսկ ի՞նչն է պատճաոռը, որ զրկում են դատավորներին լիազորություններից:
- Մանրամասներ չեմ կարող ասել: Սակայն կարող եմ ասել, որ ցանկացած պրոցես առանց քննարկման առաջ են տանում, չկա քննարկում, կարծիքներ չեն արտահայտվում:
- Իրավիճակը փոխելու ելք տեսնո՞ւմ եք:
- Իշխանությունից է կախված, ուրիշ որևէ մեկը չի կարող ինչ-որ բան անել:
- Իսկ փաստաբանների ակցիան ի՞նչ կարող է փոխել:
- Որևէ մեկը չի կարող փոխել որևէ բան, եթե պետությունը չունի փոխվելու ցանկություն:
- Ի՞նչ է ցանկանում պետությունը` դատավորներին իր ձեռքին խաղալի՞ք դարձնել:
- Բոլոր ժամանակներում էլ պետությունը փորձել է դատական իշխանությանը դարձնել իր ձեռքի խաղալիքը: Գրեթե բոլոր երկրներում էլ այդպես է: Եվրոպայում էլ` Լեհաստանում էլ է նույն բանը կատարվում, Իսրայելում ևս: Փորձում են դատական անկախությունը վերացնել: Այսօր Հայաստանում այդ ցանկությունը շատ մեծ է:
- Ինչո՞ւ:
- 15 տարի առաջվա դեպքի պատճառով այսօր դատավորին իր լիազորություններից զրկում են: Սա առնվազն անհասկանալի է: Իշխանությունների ձեռքերն ազատ են այս առումով: Մարդուն չեն կարող պատժել նման հին գործի շրջանակներում:
Կարծիքներ