Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Երկրորդ

Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Երկրորդ

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայկական կինոն վերցվեց պետական հսկողության ներքո։ Այն դարձավ նոր իշխանության քարոզչական գործիքներից մեկը, որով իրականացվում էր այսպես ասած՝ «ժողլուսավորություն»։ Այստեղ հիշատակելի են Մոսկվայից ժամանած Ա․ Լեմբերգի տեսակադրերն այն մասին, թե ինչպես են Հայաստանում հաստատվում խորհրդային կարգերը։ 

Հայաստանի խորհրդայնացումից գրեթե անմիջապես հետո Երեւանում եւ Գյումրիում բացվում են կինոթատրոններ, հանրապետության շրջաններում կինոցուցադրությունների համար ստեղծվում են շարժական հատուկ հարմարանքներ։ 1923 թվականին ձեւավորվում է Հայաստանի «Պետկինոն», 1924-ին՝ «Պետֆոտոկինոն»։ Հենց այդ ժամանակ էլ «Պետֆոտոկինոն» սկսում է «Խորհրդային Հայաստան» վավերագրական կինոնկարի նկարահանումները՝ Դ․ Դզնունու, Պ․ Ֆլոյանի եւ Ե․ Չուբարի սցենարով։ Կամաց-կամաց պետական հովանու ներքո, ձեւավորվում է հայկական կինոարտադրությունը։ 

«Խորհրդային Հայաստանը» ունենում է մեծ հաջողություն։ Պատմում են, որ մարդիկ մի քանի անգամ են գնացել դիտելու քարոզչական այս կինոնկարը, որ պատմում էր այն մասին, թե ինչպես է բուռն կերպով ստեղծարար կյանքով ապրում երիտասարդ հայկական խորհրդային հանրապետությունը։ Կինոնկարի վերաբերյալ կազմակերպվում են քննարկումներ, անցկացվում միտինգներ։ «Խորհրդային Հայաստանի» հանդեպ հատկապես մեծ էր սփյուռքահայության հետաքրքրությունը։ 

Բանն այն է, որ խորհրդային պետությունից դուրս արժանահավատ տեղեկությունները դժվարությամբ էին կարողանում հասնել դրսում ապրողներին, եւ «Խորհրդային Հայաստանը» ըստ էության, լցնում էր այդ տեղեկատվական պակասը։ Տեւական ժամանակ այն հետաքրքրությամբ դիտվել է Փարիզում, Կահիրեում, Մարսելում, Նյու-Յորքում, Բեյրութում, Ալեքսանդրիայում եւ այլ քաղաքներում, ուր կային հայեր։  

Արդեն 1925 թվականին ստեղծվում է հայկական առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Նամուս»՝ ըստ Ալ․ Շիրվանզադեի համանուն վիպակի։ Այն նկարահանում է Համո Բեկնազարյանը։ Բեկնազարյանն արդեն բավական փորձ ուներ կինոնկարների նկարահանման։ Հիշենք, որ «Վրացական պետկինոարդում» նա արդեն նկարահանել էր «Հայրասպանը», «Աթոսյան վանքը», «Նաթելլան», որոնցում գովերգվում էին արեւելյան էկզոտիկան եւ վերջինիս ավանդական ընկալումները։ «Նամուսում», սակայն Բեկնազարյանը հիմնվում է հայ դասական գրականության մեջ ձեւավորված սոցիալական քննադատության ավանդույթների վրա։

«Նամուսը» հետաքրքիր է նաեւ նրանով, որ վերջինիս նկարահանումներում ներգրավված են եղել այն ժամանակների ամենից հայտնի հայ արտիստները՝ Հասմիկը, Ա․ Խաչանյանը, Հ․ Ներսեսյանը, Ն․ Մանուչարյանը, Ա․ Ավետիսյանը եւ այլոք։ Դերասանական այս աստղաբույլը հայկական կինոյում հաստատեց դերասանական խաղի իրապաշտական ավանդույթը, որը մշակվել էր տասնամյակների ընթացքում՝ շնորհիվ Սունդուկյանի, Օստրովսկու, Շիրվանզադեի, Գոգոլի, Պարոնյանի եւ Մոլյերի դրամատուրգիական ժառանգության։ 

Արամ Յանին
Լուսանկարը՝ Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից