Մենք միայն չենք դատապարտում, այլ ուզում ենք տեսնել գործողությունների պլան

Մենք միայն չենք դատապարտում, այլ ուզում ենք տեսնել գործողությունների պլան

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպություններն օրերս բաց նամակով դիմել են Եվրոպական Միության հայաստանյան գրասենյակին, ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպաններին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման եւ ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ. «Ադրբեջանական կողմն այս եւ պարբերաբար իրականացվող գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է յուրաքանչյուր անհատի՝ կրթություն ստանալու իրավունքը։

Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30 հազար երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաեւ ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան եւ միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձեւով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում»։

Նամակը ստորագրվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Այբ», «Ես», «ԿԱԶԱ», «ՌեԱրմենիա», «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Շիրակացի ճեմարանի, Հայ կրթական հիմնարկության, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության եւ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության կողմից։ Հեղինակները կոչ են արել միջազգային կառույցներին ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին՝ իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր եւ կանխել խտրական վերաբերմունքը։ Պահանջել են նաեւ անհապաղ հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ ակնկալվող գործողությունների քննարկման նպատակով։

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Շամամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց նամակին դեռ որեւէ պատասխան չեն ստացել։ Հարցին, թե ՄԱԿ-ն ինչ լծակներ ունի եւ ինչպես կարող է ազդել իրավիճակի վրա, Գեւորգյանն ասաց․ «Իր լծակն իր կոնվենցիաներն են ու դրանց պարտավորությունների շրջանակը յուրաքանչյուր պետության կողմից։ Հետեւաբար, այդ կոնվենցիաների խախտումը հենց իր պատասխանատվությունների շրջանակում է։ Տվյալ դեպքում, անկախ նրանից՝ Արցախը որպես պետական միավորում, ՄԱԿ-ի կողմից ճանաչված է, թե ոչ, այնտեղ ապրում են մարդիկ, որոնք էթնիկ պատկանելություն ունեն՝ հայեր են, իսկ ՄԱԿ-ն էթնիկ պատկանելություն ունեցող խմբերի ու ազգերի դեպքում էլ կոնվենցիաներ ունի, որ պետք է կատարվեն, ու յուրաքանչյուր պետություն դրա տակ ստորագրել է։ Այսինքն՝ կրթության շարունակականության իրավունքի խախտումն ուղիղ իրենց պարտավորությունների տակ է մտնում, եւ իրենց քայլերից պետք է լինի այն, որ իրենք ամեն տեսակ լծակով նպաստեն, որ առաջին հերթին ճանապարհը բացվի, երկրորդ հերթին՝ ավելի լայն հնարավորություններ ստեղծվեն այդ երեխաների կրթության ապահովման համար»։

Շամամ Գեւորգյանն ընդգծում է՝ սա բաց նամակ-պահանջ է, որը շարունակական է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը կա․ «Ոչ մեկի համար նորություն չէ, որ այս խնդիրը դեռ երկար է գոյություն ունենալու։ Սա մեկանգամյա գործողություն չէ եւ սկիզբն է՝ միասնական ձայնով հանդես գալու այն կազմակերպությունների կողմից, որոնք գործողություններ են տանում Արցախում եւ բարոյական, գաղափարական պատասխանատվություն են կրում քաղաքացիական ձայն արտահայտելու, պահանջ ներկայացնելու, գործողությունների պլան տեսնելու։ Պետք է պահանջել, որ գործողություն արվի, այսինքն՝ մենք միայն չենք ասում՝ դատապարտում ենք, այլ ուզում ենք տեսնել գործողությունների պլան, որո՞նք են ձեր գործողությունները»։

«Մեկ ձայն»-ի տնօրենը չի բացառում, որ հանդիպման առաջարկին պատասխան չստանան, բայց նկատում է՝ իրենք մի նամակով չեն սահմանափակվելու, եւ եթե քաղաքակիրթ տարբերակով խնդրին լուծում չլինի, հնարավոր է՝ բողոքի այլ միջոցների դիմեն՝ ակցիաներ իրականացնեն․ «Սա կրթական կառույցների ոչ թե դիրքորոշումն է, այլ պահանջի նամակը, ու սա ընդամենը սկիզբն է՝ պարտադրելու այն կոնվենցիաների ու առաքելությունների կատարումը, որը պարտավոր են անել ՄԱԿ-ը եւ իր տարատեսակ կառույցները»։