2022 թվականին մահացած հայտնի մարդիկ

2022 թվականին մահացած հայտնի մարդիկ

2022 թվականը լի էր հայտնի մարդկանց կորստով․ պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, գիտնականներ եւ այլք, ովքեր այս տարի հրաժեշտ տվեցին կյանքին։ Հեռացողների մեջ շատ էին պետության երբեմնի ղեկավարներն ու առաջնորդները՝ Գորբաչով, Օլբրայթ, Շուշկեւիչ, Կրավչուկ, Եղիսաբեթ II, մարդիկ, որոնք խորհրդանշում են ոչ միայն մի երկիր, այլեւ ամբողջ հասարակություն ու դարաշրջան։ Ներկայացվող ցանկը, իհարկե, ամբողջական չէ։

Սիդնի Պուատիե․ լեգենդար սեվամորթ օսկարակիրը

94 տարեկանում մահկանացուն կնքեց Սիդնի Պուատիեն․ նա առաջին սեւամորթ տղամարդն էր, որն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն դերասան անվանակարգում։ Ճանաչված դերասանը նաեւ քաղաքացիական իրավունքների պաշտպան էր։ Նա 2009 թվականին պարգեւատրվել է Նախագահական ազատության մեդալով՝ նախագահ Բարաք Օբամայի կողմից։ ԱՄՆ-ի եւ Բահամյան քաղաքացին 1997-2007 թթ․ եղել է նաեւ Ճապոնիայում Բահամյան դեսպանը: Պուատիեն Հոլիվուդի ամենասիրված հայտնիներից է:

Լյուկ Մոնտանյե․ նոբելյան մրցանակակիրը

2022 թ․ փետրվարին, 89 տարեկանում վախճանվեց ֆրանսիացի վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն: Նա Ֆրանսուազա Բարե Սինուսիի հետ կիսել է բժշկության եւ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը ՁԻԱՀ-ի վերաբերյալ բացահայտումների համար, սակայն հետագայում գիտական համայնքից հեռացվել է իր «տարօրինակ» տեսությունների համար: Մոնտանյեն առաջիններից էր, որ պնդում էր՝ նոր կորոնավիրուսը լաբորատոր ծագում ունի: 

Մադլեն Օլբրայթ․ ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը

Մարտին ստացվեց 84-ամյա Մադլեն Օլբրայթի՝ ԱՄՆ առաջին կին պետքարտուղարի մահվան բոթը։ Հենց նա էր, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ղեկավարեց Արեւմուտքի արտաքին քաղաքականությունը։ Օլբրայթը Բիլ Քլինթոնի վարչակազմի կենտրոնական դեմքն էր։ Սկզբում նա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, այնուհետեւ դարձավ երկրի գլխավոր դիվանագետը։ Նա հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին, պնդում էր, որ դաշինքը միջամտի Բալկաններում ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցնելուն, ձգտում էր նվազեցնել միջուկային զենքի տարածումը եւ պաշտպանում էր մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն աշխարհում: Ամենաուշագրավը, հավանաբար, Բալկաններում բռնությանը վերջ տալու նրա ջանքերն էին, նա վճռորոշ դեր է խաղացել, որ 1999թ․ Քլինթոնը միջամտի Կոսովոյում:

Պատրիկ Դեմարշելյե․ աստղային լուսանկարիչը

2022-ի մարտի 31-ին, 78 տարեկանում մահացավ նորաձեւության ոլորտի աստղային լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն։ Հայտնի է, որ ֆրանսիացին աշխատել է աստղերի հետ՝ լուսանկարել է Բրիթնի Սփիրսին, Քիթ Ռիչարդսին, արքայադուստր Դիանային, Ժան Պոլ Գոտյեին, Գվինեթ Փելթրոուին եւ այլոց։ Դեմարշելյեն աշխատել է Vogue-ի, Elle-ի, Glamour-ի, Marie Claire-ի, Harper's Bazaar-ի հետ եւ նկարահանել գովազդներ Chanel-ի, Versace-ի, Calvin Klein-ի եւ Armani-ի համար:

Վլադիմիր Ժիրինովսկի․ Ռուսաստանի նվիրյալ զավակը

Ապրիլին, 76 տարեկանում վախճանվեց Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Խոսելով գործընկերոջ մահվան մասին՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել էր․ «Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացումը»։ Ժիրինովսկին 1993-ից Պետդումայի պատգամավոր էր, 2000-2011 թթ․ եղել է Դումայի նախագահի տեղակալ, 6 անգամ մասնակցել է ՌԴ նախագահական ընտրություններին։ Նա հայտնի էր նաեւ հայ ժողովրդի հանդեպ առանձնակի համակրանքով, հաճախ հանդես էր գալիս հայամետ դիրքորոշումներով եւ քննադատում էր Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականությունը։

Մինո Ռայոլա․ Մխիթարյանի ու մյուս աստղերի գործակալը

2022-ին մարզաշխարհը ծանր կորուստ կրեց․ 54 տարեկանում մահացավ հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Իտալացի գործակալը մոտ 4 ամիս թոքերի հետ կապված խնդիրներ ուներ եւ բժիշկների վերահսկողության տակ էր՝ Միլանում։ Մինո Ռայոլան ներկայացնում էր Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Զլատան Իբրահիմովիչի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։

Լեոնիդ Կրավչուկ․ Ուկրաինայի առաջին նախագահը

2022-ի մայիսին, 88 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից մահկանացուն կնքեց հետխորհրդային Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը: Մահվանից մեկ տարի առաջ նախկին նախագահը ենթարկվել էր սրտի վիրահատության, որը բավական ծանր էր անցել: Կրավչուկը 1991-94 թթ․ զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: 1991-ի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Բորիս Ելցինը եւ Ստանիսլավ Շուշկեւիչը ստորագրեցին հայտնի «Բելովեժյան պայմանագիրը», որով վերջ դրվեց Խորհրդային Միությանը:

Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյան․ ԱՄԷ միլիարդատեր նախագահը

2022 թ․ մայիսին, տեւական հիվանդության հետեւանքով, 73 տարեկանում կյանքից հեռացավ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը։ Նրա մահվան կապակցությամբ երկրում հայտարարվեց 40-օրյա սուգ, դադարեցվեցին մասնավոր ոլորտի, նախարարությունների, գերատեսչությունների աշխատանքները։ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2004-ից։ Մինչ այդ երկիրը ղեկավարում էր նրա հայրը՝ Զայեդ ալ-Նահյանը՝ ԱՄԷ հիմնադիրը։ ԱՄԷ-ի երկրորդ նախագահը համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը, Forbes պարբերականի գնահատմամբ, 15 միլիարդ դոլար էր, իսկ ընտանիքի անդամների ունեցվածքը՝ 150 միլիարդ դոլար:

Սինձո Աբե․ ճապոնական կառավարության վետերանը

Հուլիսին ողբերգական դիպվածի զոհ դարձավ Ճապոնիայի նախկին վարչապետ, Ճապոնիայի քաղաքականության վետերան Սինձո Աբեն՝ Ճապոնիայի ամենաերկար վարչապետը: 67-ամյա գործչի վրա մահափորձ կատարեցին նախընտրական ելույթի ժամանակ։ Նրա վրա կրակած անձն իսկույն ձերբակալվեց, իսկ ցուցմունք տալիս հայտարարեց, թե ցանկացել է սպանել քաղաքական գործչին՝ նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ Սինձո Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 եւ 2012-2020 թվականներին, հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: 2006-ին դարձել է Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ 

Միխայիլ Գորբաչով․ ԽՍՀՄ միակ եւ նոբելյան մրցանակակիր նախագահը

2022 թ․ օգոստոսին, ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 91 տարեկանում մահկանացուն կնքեց ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Մարդ, ով աշխարհում առավել շատ հայտնի էր որպես անձ, որը դադարեցրեց սառը պատերազմը եւ հետխորհրդային տարածաշրջանում ընկալվում էր որպես գործիչ, որը փլուզեց ԽՍՀՄ-ը եւ քայլեր չձեռնարկեց հետխորհրդային երկրների էթնիկ հակամարտությունները կանխելու ուղղությամբ։ 1985-ին, զբաղեցնելով ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր (54 տարեկան)։ Նա բարեփոխումներ սկսեց ԽՍՀՄ-ում՝ «Վերակառուցում» («Պերեստրոյկա») անվան տակ։ Հետագայում հենց այս «պերեստրոյկան» են ոմանք համարելու ԽՍՀՄ փլուզման պատճառը։ 1990-ին նա Խաղաղության նոբելյան մրցանակ ստացավ՝ Արեւմուտքի եւ ԽՍՀՄ միջեւ հարաբերություններում խաղաղության ներդրման համար։ Հայ հանրությունը Գորբաչովին մեղադրում է արցախյան առաջին պատերազմի հրահրման, չկանխարգելելու մեջ։ Իր վերջին հոդվածներից մեկում նա անդրադարձել էր կատարել արցախյան հիմնախնդրին․ «Ես համարում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը հայերի եւ ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ նրանց օգնել՝ կայունացնել իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական խնդիրների լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»։

Եղիսաբեթ II. աշխարհի ամենաերկարակյաց միապետը

2022 թ․ սեպտեմբերին, Բալմորյան ամրոցում 97 տարեկանում վախճանվեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Նա աշխարհի ամենատարեց եւ ամենաերկարակյաց ղեկավարն էր․ գահ էր բարձրացել 1952-ին՝ 25 տարեկանում: Նրա մահվամբ ավարտվեց մի ամբողջ դարաշրջան։ Շատերը թերահավատ են, թե նրան փոխարինելու եկած 73-ամյա որդին՝ Կառլ III-ը, որին վերապահված է ՄԹ եւ 14 այլ թագավորությունների՝ Ավստրալիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի թագավոր լինելը, կկարողանա հավասարվել մոր փառքին:

Վլադիմիր Մակեյ․ Բելառուսի ԱԳ նախարարը, ում ընդունում էր Արեվմուտքը

Նոյեմբերին 64 տարեկանում հանկարծամահ եղավ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Նա Բելառուսի ԱԳ նախարարի պաշտոնում էր 2012-ից եւ համարվում էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավոր զինակիցը։ Մակեյին, ի դեպ, համարում էին Մինսկի ամենահմուտ ներկայացուցիչներից մեկն աշխարհում, քանի որ նա կարողանում էր հաջողությամբ բանակցել Բելառուսի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված արեւմտյան ուժային կենտրոնների հետ։ Փորձառու դիվանագետի մահվան պատճառն առայսօր տարբեր քննարկումների առիթ է դարձել․ ոմանք չեն բացառում, որ նրան թունավորել են։ Մահվանից շատ քիչ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 23-ին, Վլադիմիր Մակեյը մասնակցում էր Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ցզյան Ցզեմին․ Չինաստանի նախկին նախագահն ապրեց 96 տարի

Նոյեմբերի վերջին, 96 տարեկանում մահացավ Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը: Նա Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում 1989-ից մինչեւ 2002-ը, իսկ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը՝ 1993-ից մինչեւ 2003-ը։

Ստանիսլավ Շուշկեվիչ․ անկախ Բելառուսի առաջին ղեկավարը

Անցնող տարվա մայիսին, 88 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլաու (Ստանիսլավ) Շուշկեւիչը։ Մահվան պատճառը COVID 19-ի հետեւանքով առաջացած բարդություններն էին։ Շուշկեւիչը 1991-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների՝ Բորիս Ելցինի եւ Լեոնիդ Կրավչուկի հետ Բելառուսում ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ փլուզման մասին։ 1991-1994 թթ․ նա զբաղեցրել է Բելառուսի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը՝ դառնալով անկախ Բելառուսի առաջին ղեկավարը։ Իսկ 2020 թվականի իրադարձություններից հետո Շուշկեւիչը բազմիցս կոշտ քննադատություն է հնչեցրել Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին եւ դատապարտել ցուցարարների դեմ նրա գործողությունները։

Արա Ալոյան