Տարեմուտ՝ թունելից առաջ

Տարեմուտ՝ թունելից առաջ

Դժվար չէ հասկանալ, որ Արցախի վրայից «թռած» Նիկոլ Փաշինյանը գտնվում է Հայաստանի վրայից «թռնելու» վրա: Արցախի հարցով բանակցությունների սեղանից մի կողմ քշված Հայաստանի իշխանություններին շուտով մի կողմ կքշեն նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններից: ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովում եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) բանակցությունների անհնարինությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու չունեն ո՛չ Մոսկվան, ո՛չ Բաքուն:

Եվ ահա ես զարմանում եմ, որ Արարատ Միրզոյանը զարմանում է, որ Լավրովը զարմացել է: Լավրովը, ինչ է, բաց տեքստո՞վ պիտի ասեր, որ Հայաստանին, այս դեպքում՝ Արարատ Միրզոյանին, հեռացրել ենք Արցախի հարցով բանակցություններից: Լուրջ քաղաքական գործիչն ու դիվանագետը պարզապես ափսոսանք է հայտնել Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա չժամանելու պատճառով: Այդքան բան: Մինչդեռ մենք գիտենք, որ Մոսկվայից մերժված Արարատ Միրզոյանն այս օրերին հուսահատ ջանքեր է գործադրել այլ մայրաքաղաքներ մեկնելու, որոնք, ավաղ, նույնպես փակ են եղել նրա համար:

Ամփոփելով 2022 թվականի անցուդարձը՝ Սերգեյ Լավրովը եւս մեկ հայտարարություն արեց. «2022 թվականին պարզ դարձավ, թե համաշխարհային հարթակում ում հետ կարելի է պայմանավորվել, եւ ով վստահություն չի առաջացնում։ Իրավիճակը համաշխարհային հարթակում վերջնականապես եւ անդառնալիորեն պարզվել է: Ռուսաստանը տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ով ինչ մտադրություններով ու ծրագրերով է փորձում հետայսու գործել։ Բացի այդ, պարզ դարձավ, թե ում հետ կարող է երկիրը բանակցել, իսկ ում հետ վստահելի հարաբերություններ ունենալն անհնար է: Նման երկրներին այսուհետ չի կարելի վստահել»:

Լավրովը, իհարկե, նկատի ունի «համաշխարհային հարթակում» լուրջ դերակատարում ունեցող երկրներին, որոնք այս ընթացքում գործել են ՌԴ շահերին հակառակ, բայցեւ չի բացառվում, որ այդ շարքում են նաեւ ՌԴ երեկվա որոշ դաշնակիցներ, որոնք, ինչպես դա ժամանակին արեց Սահակաշվիլիի Վրաստանը, Արեւմուտքի խոստումներին տրվելով, հայտնվել են հակառուսական գծի մեջ: Եվ Հայաստանը, պատկերացրեք, դրանցից մեկն է: Չեմ կարող պնդել, բայց ՌԴ երկրորդ մայրաքաղաքում Փաշինյանի՝ ընտանյոք հանդերձ հայտնվելը գուցեեւ խոսում է այն մասին, որ նա փորձում է վերականգնել ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության սասանված վստահությունն իր նկատմամբ: Ռուսները դա կգնահատեն, անշուշտ, բայց նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ եթե Նիկոլին հրավիրեն եռակողմ բանակցությունների, նա դարձյալ չի ներկայանա Ալիեւի հետ միեւնույն թուղթը ստորագրած:

Իսկ ի՞նչ է սպասվում այս բեռով 2023 թվական թեւակոխող Հայաստանին առաջիկա մեկ տարում: Անձամբ Նիկոլին ոչինչ չի սպառնում, եթե նա չփորձի հեռանալ Պուտինի զոնտիկի տակից: Նրան հատուկ հանձնարարություններ Ռուսաստանը չի տալու: Միակ բանը, որ կպահանջվի նրանից, դա հանգիստ տեղը նստելն ու արտաքին քաղաքականության մեջ քիթը չխոթելն է: Արարատ Միրզոյանին, որքան էլ դա զարմանալի թվա իրեն, հավանաբար, կթողնեն իր պաշտոնում, քանի դեռ վերջնականապես չի փակվել հայ-թուրքական սահմանի «բացման գործընթացը»: Թուրքերի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Միրզոյանն ու Ռուբինյանը հրաշալի զույգ են այն իմաստով, որ նրանց կարելի է հարմար պահին հեռացնել եւ վիժեցնել Թուրքիայի հետագա առաջխաղացումը դեպի Ադրբեջան եւ Միջին Ասիա: Ո՞վ կանի դա… Իհարկե՝ Ռուսաստանը, իհարկե՝ Նիկոլի ձեռամբ:
Հետո կգա արդեն ԵՄ արեւելյան գործընկերությունից Հայաստանին հրաժարեցնելու պահը: Չի բացառվում, որ Հայաստանը դառնա Եվրամիության առաջին արեւելյան գործընկերը, որ հրաժեշտ կտա այդ անիմաստ «ընկերակցությանն» ու սկիզբ կդնի դրա քայքայմանը: Հարցին, թե ով կարող է նման բան պարտադրել ինքնիշխան Հայաստանին, միանգամից պատասխանեմ՝ իհարկե, Ռուսաստանը, իհարկե, Նիկոլի ձեռամբ:

Իսկ վերջում էլ կգա Արեւմուտքից պարտք վերցրած գումարները վերադարձնելու ժամանակը: Ինչքա՞ն է վերցրել Նիկոլի կառավարությունը: Եթե չեմ սխալվում՝ մոտ 5 միլիարդ: Չեմ ուզում մտածել, որ դա Արցախի դիմաց Ալիեւի առաջարկած 5 միլիարդն է, որ Հայաստանին (Նիկոլին) է տրվել «լեգիտիմ» ճանապարհով: Բայց ինչ էլ լինի, այդ գումարը ենթակա է վերադարձման, որովհետեւ, նախ, Արեւմուտքը երբեք ձրի փող չի տալիս, եւ, ապա՝ Նիկոլին չի հաջողվել Ադրբեջանին նվիրել Արցախն ու Ռուսաստանին դուրս մղել ադրբեջանական խողովակաշարերի նկատմամբ հետաքրքրություններ ունեցող երկրների ցանկից: Ո՞վ է փակելու այդ պարտքը:

Մենք եւ մեր սերունդնե՞րը: Ծը… Դրա համար մենք պետք է պետություն ունենանք, իսկ մենք պետություն չունենք: Մենք նույնիսկ այնպիսի իշխանություն չունենք, որ «դուխով» ստանձնի այդ պարտքն ու սպասարկի այն: Իսկ հրաժարվելու դեպքում էլ երկրի դեֆոլտ են հայտարարելու: Ռուսաստանը կփակի՞ այդ պարտքը կամ՝ Չինաստանը: Եսիմ: Կարծում եմ՝ ողջ խնդիրն այս պահին փաթեթավորման մեջ է. նայած թե ինչպես կփաթեթավորեն Հայաստանն ու ինչ հանդիսավորությամբ կնվիրեն նոր պարտապանին: