ԳԱԱ-ում քվեարկությունից հետո գիտաշխատողները նոր նախագիծ են մշակել 

ԳԱԱ-ում քվեարկությունից հետո գիտաշխատողները նոր նախագիծ են մշակել 

Տեղեկացրել էինք, որ ակադեմիան «հանրաքվե» է անում․ գիտաշխատողները փակ-գաղտնի քվեարկում են՝ պատասխանելով մեկ հարցի․ ուզո՞ւմ են մնալ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծով նախատեսվում է ինստիտուտները հանել ԳԱԱ կազմից եւ միավորել բուհերի հետ։

Այսօր տեղի է ունեցել նաև Պատմության ինստիտուտի քվեարկությունը։ Ինչպես «Հրապարակին» փոխանցեց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, բոլոր ինստիտուտները ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել են ակադեմիայում մնալու օգտին։

Հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, երբ ակադեմիայի աշխատակիցների քվեարկությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանի տեղ չդնի, Աշոտ Մելքոնյանն ասաց՝ չեմ կարծում, որ այդքան անխոհեմ կգտնվեն, որ վարչական եղանակով պարտադրվի մի բան, որը կարող է կործանարար լինել։

Աշոտ Մելքոնյանի, նաև մյուս տնօրենների համար հստակ չէ` նախարարությունն ուզում է ակադեմիայի ինստիտուտները միացնել բուհերի՞ն, թե՞ այլ կառույցի, քանի որ ասաց՝ չեմ կարող ասել։

Ի դեպ, նույն պատասխանը տվեցին այլ տնօրեններ ևս։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմել ենք նաև ԿԳՄՍ և սպասում ենք նախարարի խորհրդական Սմբատ Կարաբեկյանի պատասխանին։ Ամեն դեպքում, Մելքոնյանը տեղեկացրեց, որ քանի որ օրենքի նախագիծը բազմաթիվ խութերով է, ակադեմիայի աշախատակիցներն առաջարկում են փոփոխություններ անել օրենքում։ Նախագիծը մշակված է և այս երկու օրը կներկայացվի նախարարություն։ Այլ մանրամասներ Մելքոնյանը չհայտնեց, քանի որ շտապում էր այլ նիստի։