Երեք մատների կոմբինացիան ընկալելու խնդիրը

Երեք մատների կոմբինացիան ընկալելու խնդիրը

«Մարդ քիչ է մնում գժվի՝ տեսնելով, թե ինչ հսկայական ռազմական օգնություն է ստանում Ուկրաինան Արևմուտքից: Իսկ 2020-ին օգնության փոխարեն արևմտամետ Նիկոլին և նրա միջոցով մեզ բոլորիս երեք մատների կոմբինացիա ցույց տվեցին»: Ծանոթանալով արևմտյան երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության (պատերազմի առաջին 2 ամսում՝ 12 մլրդ դոլարի) չափերին՝ մեկ-երկու օր առաջ ֆեյսբուքում նման գրառում էի արել: Ինչն ընդամենը 2020 թվականի պատերազմ տեսած հայ մարդու հոգու ճիչ էր:

Ու զարմացել էի, թե ինչպիսի ագրեսիվ վերաբերմունքի էր արժանացել բևեռականների կամ դրանց համախոհների կողմից թե՛ այդ գրառումը և թե՛ իմ ընկերներից մեկի կողմից հումորային արձագանքը: Որն, ի դեպ, ընդհատումներով շարունակվեց մեկ-երկու օր: Ինչը կրկին անգամ համոզեց ինձ, որ ես ճիշտ էի այն ժամանակ, երբ հոդված էի գրում նիկոլամերձների (կամ նիկոլապաշտների) նույնանման մտածողության մասին: Խոսքը գնում է «ով ինձ նման չի մտածում՝ նա օտար է» (մեղմ ասած) երևույթի մասին: Թև, անկեղծ ասած, հատկապես նիկոլապաշտների մտածելու ունակության հանգամանքը խիստ կասկածահարույց է: Եվ ինչն է հետաքրքիր՝ բևեռականները չեն համաձայնվում, որ այդ հատկանիշով խիստ նման են նիկոլականներին և նույն տեսակի վերաբերմունք են դրսևորում: 

Ընդհանրապես, մեր ազգաբնակչության համար խիստ ուսուցողական 2020 թվականի պատերազմից հետո արևմտյան կողմնորոշումը պահպանած շրջանակները կարող են լինել թե՛ հականիկոլական և թե՛ Նիկոլի հետ քննարկումներ իրականացնողներ: Խոսքը վերաբերում է սըր Արթուրի, օ՜, կներեք, «փրկիչ» Նիկոլի «կլոր սեղանի» շուրջ ամիսը մեկ բազմող կուսակցապետերին: «Ռուսահպատակների» (մեջբերում եմ արևմտամետների օգտագործած առավել բարեկիրթ բառը) շրջանում ես չգիտեմ մեկին, ով կլիներ նիկոլական՝ չասած Նիկոլի կողքին բազմելու մասին: Որովհետև եթե դու անհանգստանում ես քո պետության ապագայի վերաբերյալ, ապա այն դեպի անդունդ գլորող մեկի հետ ճանապարհ գնալու ցանկություն ունենալ ուղղակի չես կարող: Չես կարող և վերջ:

Որպեսզի որոշներին պարզ լինի, թե ինչու եմ այսօր «ռուսահպատակ» (թեև ես այդպես չեմ կարծում), մեկ անգամ էլ կրկնեմ բազմաթիվ անգամ ասվածը. 2020 պատերազմից հետո արևմտամետ մնալը խոսում է նոր առաջացած իրականությունը գնահատելու անկարողության մասին: Ի դեպ, 20-րդ դարում անգլիացի պետական գործիչ Ուիլյամ Չերչիլն է ասել, որ հնարավոր չէ մշտապես ունենալ նույն դիրքորոշումն այս կամ այն երևույթի մասին: Դրանից 2500 տարի առաջ նույն միտքն է արտահայտել չինացի քաղաքական գործիչ, փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսը: Ինչ մնում է ինձ, ապա պատերազմից առաջ, վերջին 20 տարին իմ կարծիքներում եղել եմ արևմտամետ: Եվ հավատում էի, որ արևմտյան քաղաքակրթության կողմից ընդունված սկզբունքների համաձայն՝ ագրեսորին անհրաժեշտ է դիմակայել ամեն գնով: Հատկապես, եթե եղել է նման խնդրանք, այն էլ՝ ինքն իրեն ժողովրդավարական համարող երկրի ղեկավարի կողմից: Դա, բնականաբար, տեղի չունեցավ, և համարյա պատերազմի վերջին արևմտյան մեկ-երկու երկիր դադարեցրին թուրքական անօդաչուների առանձին մասերի մատակարարումը: Բայց դա անուղղակի օգնության խիստ ուշացած ակցիա էր:

Ինչ մնում է Ռուսաստանին, որի հետ մեր երկիրն ունի փոխօգնության պայմանագիր, ապա փորձագետներն արձանագրել էին Կասպից ծովի արևելյան ափերի և այնուհետև Իրանի վրայով ռուսական ռազմա-տրանսպորտային օդանավերի թռիչքները դեպի Հայաստան: Ի դեպ, դա արձանագրել էր նաև Իլհամը՝ մերձկասպյան թյուրքախոս երկրների ղեկավարներին մեղադրելով համամահմեդական գործին դավաճանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Իսկ թե ինչու հենց այդ երթուղիով հարցի պատասխանն էլ է ուսանելի՝ վրաց կառավարության կողմից չէր հանվել ռուսական ռազմական ավիացիայի թռիչքի արգելքը Վրաստանի օդային տարածքով: Չնայած, ի դեպ, դա Ադրբեջանին զենք մատակարարող թուրքական կամ ադրբեջանական օդանավերին չվերաբերեց: Այդ հանգամանքը, բնականաբար, որևէ արձագանք չստացավ Հայաստանի «ժողովրդավարական» իշխանության կողմից: Սակայն դրան խիստ քաղաքավարի արձագանքեց ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ինչը բավարար չէր: Հայկական մամուլն էլ արձանագրել էր, որ պատերազմի ընթացքում ՌԴ-ն վարկային միջոցների հաշվին Հայաստանին մատակարարել է 1,1 մլրդ ԱՄն դոլարի ռազմական օգնություն: Դա պետք է որ համապատասխաներ իրականությանը, քանի որ Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար (պատերազմի ընթացքում) Սամվել Բաբայանը հետպատերազմյան հարզազրույցներից մեկում ասել էր, որ պատերազմի առաջին մի քանի օրում Ադրբեջանը ոչնչացրել էր Արցախում առկա ՀՕՊ-ի և հեռահար հրետանու 40-ից 60 տոկոսը:

Հ.Գ. Թե որքան անհիմն են արևմտամետների համոզմունքները՝ վկայում է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 2021 թվականի նախընտրական ցուցակի առաջին համար Վահե Գասպարյանի ս. թ. մայիսի 17-ի հարցազրույցի հայտարարությունն առ այն (նյութն առկա է կուսակցության պաշտոնական կայքում), որ հունիսի վերջին ՌԴ-ն պարտություն կկրի Ուկրաինայում: Իսկ հուլիսի կեսերին արևմտյան կողմից արդեն ձայներ են լսվում Վլ. Պուտինի հետ լեզու գտնելու անհրաժեշտության մասին: