ՊՆ-ում էլ է փնթիությունն աշխատաոճ 

ՊՆ-ում էլ է փնթիությունն աշխատաոճ 

Քաղաքացին պետական գերատեսչությունից առաջին տպավորությունը ստանում է պաշտոնական կայքից. ինչ են իրեն մատուցում, որքանով են հավաստի ներկայացված տեղեկությունները եւ այլն: Մեր պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում թագավորում է փնթիությունը:
Այս անգամ ՀՀ պաշտպանության նախարարության կայքի «վրայով ենք անցել»: Բնական է, որ շատ տեղեկություններ չկան՝ գաղտնի են, բայց ոչ գաղտնի տեղեկությունն էլ առանձնապես ամբողջական չի ներկայացվում:

Օրինակ, «Ազգային հերոսներ» բաժնում ներկայացված են նախորդ տարիներին նման բարձր կոչում ստացած գործիչները: Իսկ 2020 թվականին հինգ զինվորական՝ տավուշյան մարտերի մասնակից կապիտան Ռուբեն Սանամյանը, արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ գնդապետ Վահագն Ասատրյանը, գնդապետ Գարեգին Պողոսյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ՀՀ Ազգային հերոսի կոչում են ստացել: Վահագն Ասատրյանը՝ հետմահու: Այս մարդկանց անունները չկան պաշտպանության նախարարության կայքում, թեեւ կոչումները շնորհվել են 2020 թվականի հոկտեմբերին՝ ավելի քան երկու ամիս առաջ: Այսպիսով բացահայտվում է մեր խայտառակ պարտության եւս մեկ պատճառ: Ի տարբերություն առաջնագծի հերոսների, պաշտպանության նախարարության տաքուկ սենյակներում նստող վայ-հերոսները, մեղմ ասած, ահավոր դանդաղ են արձագանքում փոփոխություններին, զարգացումներին, շարժերին: Բոլոր հարթություններում՝ ռազմաճակատից մինչեւ հասարակության հետ կապեր:

Կամ՝ ո՞վ գիտի, գուցե ՊՆ-ում մի բան գիտեն ու վստահ են, որ այս մարդիկ հերոսներ չեն, ու չարժե նրանց նկարը դնել Շառլ Ազնավուրի կամ Հովհաննես Չեքիջյանի նկարների կողքին: Ամեն դեպքում՝ սա մեր «թավշյա» պետական համակարգում եզակի դեպք չէ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ