Հրապարակվել է անորակ թարգմանված փաստաթուղթ

Հրապարակվել է անորակ թարգմանված փաստաթուղթ

Բնական է, որ քաղաքական, փորձագիտական շրջանակներում՝ լուրջ, իսկ վարորդա-կենսաթոշակառու-գեղամիջյան հարթությունում՝ պակաս լուրջ, քննարկվում է հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայ-ռուս-ադրբեջանական հայտարարությունը: Քննարկվում է բոլոր հարթություններում, բացի մեկից՝ թարգմանության որակի, հայերենի անաղարտության: Վարչապետի պաշտոնական կայքում դրված հայտարարությունը հայերեն չէ: Չգիտեմինչերեն է, ուղղակի հայերեն հասկացող մարդիկ հասկանում են, թե ինչ է գրված:

1. Չորս կետանոց առաջարկի առաջին կետում նշված է. «աջակցում ենք… առաջարկը»: Աջակցում են առաջարկին, ոչ թե առաջարկը:

2. Հայերենում նախադասության մեջ մեծատառ գրվում են հատուկ անունները: «Կողմեր», «աշխատանքային խումբ» անունները հատուկ չեն եւ պետք է գրվեն փոքրատառով:

3. Հայտարարության երրորդ կետում նշված է՝ «…գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն…»։ Եթե մեկ ենթախումբ չէ, այլ՝ ենթախմբեր, հետեւաբար՝ կազմերը տարբեր կլինեն: Այստեղից հետեւում է՝ «կհաստատեն կազմերը», ոչ թե «կազմը», եւ՝ «որոնցում կներառվեն», ոչ թե «որում»:

4. Հայտարարության չորրորդ կետում գրված է. «…հատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքները»: Տարածքը չեն հատում: Հատում են սահմանը կամ, ասենք, գետը: Տարածքն օգտագործում են, վերահսկում, տարածքով անցնում են:
Սխալներ էլի կան: Ռազմի դաշտում կապիտուլացված՝ հայրենիքի մի մեծ հատված թշնամուն նվիրած, մեր ազգային արժանապատվությունը ոտնատակ տված իշխանությունը ռուսերեն-հայերեն թարգմանության հարցում էլ գրագետ չէ եւ ոտնատակ է տալիս մեր պետական լեզուն: Թավշյա իշխանությունը գլուխ չի հանում ոչ միայն արտաքին, ներքին քաղաքականությունից, այլ նաեւ այն երկրի պետական լեզվից, որի կառավարումն իր ձեռքերում է:

ՀԳ. Թող ոչ ոք չասի, թե ներկայացված սխալները տեխնիկական վրիպակներ են: Մանր հանցագործություններ չեն լինում, ձու գողացողը ձի էլ կգողանա: Շատ թերություններ ու բացեր մանր ու աննշան որակեցինք, բանի տեղ չդրեցինք, դրա համար ունենք այսօրվա ստորացված վիճակը: Վարչապետի պաշտոնական կայքում անորակ թարգմանված փաստաթուղթ հրապարակելը մեծ վրիպում է, եւ պատասխանատուն պետք է պատժվի:

Արեգ Մարգարյան