Հայ տեսական ռազմարվեստը և պատերազմական իրողությունները

Հայ տեսական ռազմարվեստը և պատերազմական իրողությունները

«Մենք պատմության քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»: Հայ ժողովուրդը պատմության քառուղիներում մաքառման իր սեփական ուղին ունի՝ ունենալով և փառահեղ հաղթանակներ, և ջախջախիչ պարտություններ, մաքառել օտարի լծի դեմ, բայց պահպանել ազգային ինքնությունը ներկա աշխարհի մոտ 200 պետությունների շարքում։ Ժամանակ առ ժամանակ հայ ժողովուրդը առերեսվել է ազգ-պետություն գաղափարին դավաճանելու հետևանքով պետականության հիմքերի թուլացմանը կամ կորստին, որի ապացույցը վերջին 30 տարիների թվացյալ ամուր պետականության հիմքերի երերումն էր, որը վերապրեցինք Արցախյան գոյմարտի ողջ ընթացքում։ Ներկա պահին ունենք այլընտրանք. վերանալ, ինչպես հերթական անհեռանկար, թույլ ազգի պատմության թատերաբեմից կամ հառնել մոխիրներից՝ հաղթելով մեր ներսում ապրող թշնամուն, դառնալով մեկ բռունցք հանուն մեկ ընդհանուր գաղափարի։ Առաջնայինը յուրաքանչյուր քաղաքացու, հայ մարդու անհատական անձնվեր մոտեցումն է, քանի որ շղթայական է ամեն ինչ, ամեն քաղաքացու առողջ պետականամետ մտածողությունը և ապրելակերպը ավանդ կբերեն մեր ազգին։

Յուրաքանչյուրիս մեծ ցանկությունն է` Արցախի ուժն ու ամբողջականությունը վերականգնելը, սակայն նայելով հարցին սթափ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ այս վիճակում անհնար է դարձել այդ ցանկության իրագործումը։ Մենք պետք է գնահատենք առաջնահերթ խնդիրները, հասկանանք, քննարկենք 44-օրյա պատերազմի նման ավարտը, ի ցույց դնենք հանրությանը բոլոր դավաճանական արարքները, հրապարակայնորեն պատժենք բոլոր ապիկարներին։ Վերջիվերջո, պարտավոր ենք հասկանալ, գիտակցել «Ազգ-բանակ-պետություն» գաղափարի կարևորությունը ոչ միայն խոսքով, այլև գործով, յուրաքանչյուրս պարտավորված լինենք մեր վերապրածի և մեր գալիքի համար։ Ազատությունը վաստակել է պետք։ Մենք պետք է այնպես կայանանք`  որպես պետություն, որ հակառակորդը չփորձի մոտենալ մեր սահմաններին։ Ամուր բանակ, հզոր պետություն՝ սա է միակ հանգիստ, արժանապատիվ կյանքի ճանապարհը։ Պետք է մեր միջից դուրս գա պարտվողի, թույլի հոգեբանությունը, որ մեզ պետք է օգնեն։

Ո՜չ, այսօրվա աշխարհում դատապարտված են մահվան նման մտածողությամբ առաջնորդվող պետությունները։ Այդ օրինակով նայենք այն մարդկանց դատողություններին, ովքեր համաձայն էին ամեն տարածքային կորստի, միայն թե դադարի կռիվը, և հանգիստ շարունակեն ապրել։ Այդ կերպով մենք կորցրինք մեր հուսալի դարպասը՝ հայրենիքի մի մասը, և օրըստօրե ավելի է վտանգվում պետականության լինելիության հարցը. նորանոր ոտնձգություններ սահմանին, հուսահատված, պառակտված, բայց միևնույն ժամանակ հողի կարոտով, վրեժի ծարավով բանակ։ Հիմա պայքարելու, միասնական լինելու ճիշտ ժամանակն է, համախմբված հանդես գալու բոլոր ոլորտներում, ահագնացող վտանգը գնալով ավելի է սաստկանում։ Թերթելով պատմության էջերը՝ կտեսնենք, որ թուրքերը, հայտնվելով պատմության թատերաբեմում, միանգամից են սկսել նվաճողական կռիվներ մղել, զբաղվել քոչվոր կյանքով, ապրել՝ տեղից տեղ գնալով, գրավել ավերելով։ Վերջիվերջո, նրանք ոչինչ չեն տվել համաշխարհային քաղաքականությանը։

Մենք ունենք կորսված հայրենիք՝ Արևմտյան Հայաստանը, Մեծ եղեռնի ճանաչման և փոխհատուցման հարցը, որոնք խաղալիք են դարձել ինչպես նախկին, այնպես էլ ներկա աշխարհիս ձեռքին։ Արժևորելով ու գնահատելով մեր բոլոր ժամանակների նվիրյալներին, տեսնելով առկա գերխնդիրները՝ կոչ եմ անում` լինել միասնական։ Մեզ պատել է մեծ վիշտ, սակայն լոկ սգալով ոչինչ չենք կարող փոխել։ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար». մեր միակ արժանապատիվ ուղին պայքարելն է հանուն միասնական ու հզոր պետության:

Սարգիս Բեգոյան