Մտորումներ Մակրոնի մասին և նրա շուրջ

Մտորումներ Մակրոնի մասին և նրա շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա, մեղմ ասած՝ խիստ չափազանցված են: «Եվրոպայի առաջնորդները պետք է պատրաստվեն առաջիկա տարիներին Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը»,- այս մասին նա ասել է El Mundo պարբերականին՝ Փարիզում տեղի ունեցած եվրոպական առաջնորդների հավաքից հետո:

BBC-ն էլ տեղեկացնում է, որ Մակրոնն ավելի հեռուն է գնացել՝ չբացառելով Ուկրաինային նոր տիպի օգնություն տրամադրելու հնարավորությունը, այն է՝ արևմտյան ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա: «Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա, բայց ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի պարտությունն անհրաժեշտ է Եվրոպայում անվտանգության և կայունության համար»,- ասել է Մակրոնը:

Ամենայն հարգանքով Ֆրանսիայի ընտրված նախագահի հանդեպ՝ կուզենայի սակայն նշել, որ նրա այս հայտարարությունները չեն բխում ոչ Եվրոպայի և ոչ էլ մանավանդ Ֆրանսիայի շահերից: Ի՞նչ կարիք կա «բոբո» սարքել մի երկրից, որի դաշնակիցն ես եղել առնվազն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ և, չի բացառվում՝ նույն դիրքերում հայտնվես նաև Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կամ ավարտին, երբ կրկին կանգնես քո երկրի պետականության կորստի առջև: Եթե Ֆրանսիան իր պատմության մեջ գոնե մեկ անգամ հաղթած լիներ Ռուսաստանին, թերևս փորձեինք հասկանալ պարոն Մակրոնին: Բայց, ախր, նման բան էլ չի եղել: Եվ, առհասարակ, պատմության մեջ այդ ե՞րբ է հավաքական Արևմուտքը կամ հավաքական Եվրոպան հաղթել Ռուսաստանին: Գուցե պարոն Շոլցի՞ն հարցնենք, որի նախնիները վերջին հարյուր տարիներին ամենասերտ «շփումներն» են ունեցել ռուսների հետ: Ես նկատի չունեմ միայն վերջին աշխարհամարտերը: Հատկապես հուզիչ էին ռուս-գերմանական շփումները 1980-ականների վերջին, երբ քանդվում էր Բեռլինի պատը, որպեսզի գերմանացի ժողովուրդը կրկին միավորվեր: Իսկ Ֆրանսիան երբևէ հուզմունք ապրե՞լ է Էլզաս-Լոթարինգիա շրջանի համար, որ այդպես էլ կմնար Գերմանիայի կազմում, եթե 1944 թվականին դաշնակիցները  չազատագրեին այն և սկուտեղի վրա չտային Ֆրանսիային: Այսօր այդ տարածքներում են գտնվում Վերին Հռենոս, Ստորին Հռենոս և Մոզել ֆրանսիական դեպարտամենտները: Եվ որտեղի՞ց Մակրոնին այն վստահությունը, որ դրանք կրկին չեն անցնի Գերմանիային, եթե հանուն Ուկրաինայի Արևմուտքը ևս մեկ անգամ պարտվի Ռուսաստանին:

Այսուհանդերձ կուզենայի հասկանալ Մակրոնի հակառուսական կեցվածքի բուն պատճառը: Խնդիրները գուցե տնտեսակա՞ն են և ոչ քաղաքական: Արդյոք Ռուսաստանը դադարե՞լ է Ֆրանսիայի համար շուկա և էներգակիրների հուսալի մատակարար լինելուց: Հարգարժան տիկին Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ ասում էր դեպի Հեռավոր Արևելք ձգվող Եվրոպայի բոլոր ճանապարհներն անցնում են Ռուսաստանով: Մերկելը չէր սխալվում: Եթե Մակրոնը գիտի Եվրոպայի՝ Խաղաղ օվկիանոս հասնելու այլ ճանապարհներ, խնդիր չկա, կարելի է դրանք քննարկել: Այլընտրանք ունենալն, առհասարակ, լավ բան է, բայց արժե՞ պատերազմ հայտարարել ամենակարճ ճանապարհները տրամադրող երկրին՝ հանուն երևակայական այլընտրանքների: Մակրոնը, կարծեմ, գազի այլընտրանքային մատակարար էլ էր ճարել ի դեմս ԱՄՆ-ի: Այսօր ի՞նչ է, Ֆրանսիան ռուսական գազ չի՞ գնում, որ Եվրոպա է հասնում ադրբեջանական խողովակներով՝ շրջանցելով այն Ուկրաինան, որ հենց Եվրոպայի և Արևմուտքի դրդմամբ ելավ Ռուսաստանի դեմ:

Էմանուել Մակրոնը եվրոպական հզոր երկրի ընտրված նախագահ է, և ես չէ, որ նրան պետք է բացատրեմ իր լավն ու վատը: Բայց այս մասին որոշեցի գրել, որովհետև ինձ համար թանկ են Հայաստանի և Ֆրանսիայի լավ հարաբերությունները և պատմական առնչությունները: Եվ այսօր ես մտահոգ եմ այդ հարաբերությունների գլխին կախված վտանգների պատճառով: Հայոց ցեղասպանությունը ճանաչած, Ցեղասպանության հերքումը քրեականացրած երկրի ղեկավարը մեծամեծ պատիվներով է ընդունում Հայաստանի Հանրապետության մի վարչապետի, որ պատրաստվում է այդ նույն Ցեղասպանությունն ուրանալ սահմանադրությամբ: Անկեղծորեն՝ չեմ հասկանում Մակրոնին: Մեծ երկրի ղեկավարը կարող է ինձ չհարգել, Բայդենին չհարգել, Պուտինին չհարգել, Շոլցին չհարգել, բայց իր երկրի օրենքները չհարգել ուղղակի չի կարող: