«Ամպուտացված ամպեր». Երկու պատերազմների արանքում

«Ամպուտացված ամպեր». Երկու պատերազմների արանքում

Մարտի 23-ին Արվեստանոց մշակութային կենտրոնում տեղի կունենա հայ ժամանակակից արձակագիր Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպեր» գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի 4-րդ գիրքն է, որը տպագրվել է «Ակտուալ արվեստ» հրատարակչության «Ջեբգիր» մատենաշարով։ Վեպի հիմքում 44-օրյա պատերազմի սարսափներն են, իսկ ավելի կոնկրետ՝ գրողն է` պատերազմի կենտրոնում: Գրողի ներքին պատերազմը (նոր ոճի, նոր լեզվի, նոր գրականության փնտրտուքը, բառերի ու տառերի հետ կռիվը) բախվում է արտաքին պատերազմի հետ (հազարավոր մարդկային ու տարածքային կորուստներ, հայրենիքի վերացման վտանգ, էքզիստենցիալ վախ): 

«Գրողի գլխում՝ այդ սարսափի մեջ, իրար են հյուսվում այդ 2 պատերազմները, եւ արվեստագետն իրեն զգում է որպես մի մեծ պատերազմի դաշտ, որտեղ նյութականն ու աներեւույթը միաձուլվում են իրար՝ դառնալով մի վեպ, որում գրքերը, արվեստը նրա միակ զենքերն են՝ պայքարելու ու ողջ մնալու այդ երկու պատերազմներում: Լինել թե չլինել կամ չլինելով լինել՝ այդ լի չլինելիության մեջ: Այսպիսի հարցերի առաջ է կանգնած գրքի հերոսը: Բայց նա պաթետիկ հայրենասիրությամբ չի խոսում իր երկրի ապագայի մասին: Նա ընդունում է, որ ամեն մեկիս սուրբ պարտքն է գեթ մեկ անգամ պարտվելը: Ու ծնկել նորից ծնվելու համար, ու ավելացնում, որ միայն քերթված լեզուն կարող է նոր քերթվածք ստեղծել: Ամբողջ վեպը դա պոետիկ ակտ է բառերի ու լեզվի հետ: Գիտակցության հոսք, սյուրռեալիզմ, պոստէկզոտիզմ, դադաիստական դադարներով, ֆուտուրիստական դժոխք: Այս վեպը լեզվի մանիֆեստ է: Գովք այն գրողին, ով սպիտակ թղթի վրա մշակում է Մաշտոցի մաշկը ու նույնիսկ մաշկում Մաշտոցին, որպեսզի իր գրքում նոր այբուբեն բեմ բարձրացնի: Իսկ պատերազմը թքած ունի նրա կռվի վրա: Նա ունի իր օրենքները ու կուլ է տալիս մարդկանց իրենց երազանքների հետ, որոնց այստեղ մարմնավորում են ամպերը: Կտրված ձեռքերը գրողին ձեռք չեն մեկնում: Նրան օգնության են հասնում մեծերը, որոնցից շատերը նույնպես զոհերն էին այս արտաքին ու ներքին պատերազմի: Նալբանդյանի Մեռելահարցուկից մինչեւ Չարենցի Երկիր Նաիրի կամ Նիհիլի, ԲԱՌբիտուրատներ խմող Ադամովից մինչեւ Կախվածին Գորկի (ի դեպ՝ 44-ամյա), Լենինի ծծերից մինչեւ զոոֆիլ Օժյեռաս աստծո գառ-բառ բռնաբարող ու այսպիսի ճամփորդություն դեպի լեզվի եզրը. այս ամենն իրար հյուսվելով՝ դառնում է «Ամպուտացված ամպեր» վեպը: Գրողը հասկանում է, որ միայն վերանալով կարելի է վերանայել քո անցած ճանապարհը: Այս վեպը գրողի կործանման մասին է ու նրա փառահեղ պարտություն-պատմությունը աշխարհի պատերազմում»,- ասում է գրքի հեղինակը: