Բացառիկ հայ մարզիկների թոփ ութնյակն ու գրանցած հաջողությունները

Բացառիկ հայ մարզիկների թոփ ութնյակն ու գրանցած հաջողությունները

Մարդկությունն իր գործունեության բոլոր ոլորտներում միշտ ձգտել է առաջընթացի, կյանքի բարելավման, եւ մեծ սպորտն այդ տեսակետից չի տարբերվում մյուս ասպարեզներից, մանավանդ երբ այստեղ կարեւոր է պրոֆեսիոնալ մոտեցումը: Ակամա հիշեցի 60-70-ական թվականները, երբ ծանրամարտի երեք տարբեր վարժությունների հանրագումարով (պոկում եւ հրում վարժություններից առաջ գործում էր եւս մեկ մրցաձեւ` սեղմում) ծանր քաշայինները երազում էին գերազանցել 500 կգ սահմանագիծը: Այս ձգտումները եկեք համեմատենք մեր օրերի, ավելի կոնկրետ` վերջերս ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրանցված ցուցանիշների հետ, երբ զուտ հրում վարժությունում, գերծանր քաշում չեմպիոնի պատվին արժանացած հայ դյուցազն Վարազդատ Լալայանը բարձրացրեց 250 կգ ծանրաձողը: Եվ, ընդհանրապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր փոքրիկ երկիրն այդ մրցումներում թիմային հաշվարկով կճանաչվի լավագույնը: Էլ չեմ ասում, որ անցյալ տարի էլ Հայաստանի հավաքականը չեմպիոն հռչակվեց Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Հիշենք մեր ծանրամարտի լեգենդ Սերգո Համբարձումյանին, ով աչքի ընկավ 1938 թվականին` եռամարտում գրանցելով 433,550 կգ արդյունք, եւ տապալեց աշխարհի «ամենաուժեղ մարդ» ճանաչված գերմանացի Յոզեֆ Մանգերի համաշխարհային ռեկորդը` գերազանցելով 8,550 կգ, իսկ յոթ տարի անց, երբ Մոսկվայում հանդիսավորությամբ նշվում էր երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը, մեր հսկան Կարմիր հրապարակում հայտնվեց ծանրաձողով, որի ծայրերից կախված էին հսկա փուչիկներ հիշեցնող սարքեր: Ապա իջեցրեց փուչիկները, որից դուրս նետվեցին 10-11 տարեկան երկու թիմ ներկայացնող պատանի ֆուտբոլիստներ, որոնց թույլ տրվեց կարճ ժամանակամիջոցում միմյանց հետ մտնել անսովոր մրցման մեջ... զարմանալի տեսարան էր: Քանի որ խոսք գնաց ծանրամարտի մասին, ինչպես չհիշել եւս մի հրաշագործի` Յուրի Վարդանյանին: Նա հայազգի միակ ծանրորդն է, ով 5 անգամ նվաճել է Եվրոպայի եւ 7 անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը 82,5 կգ քաշային կարգում, սահմանել 43 համաշխարհային ռեկորդ, որոնցից հինգը` մոսկովյան օլիմպիադայի ժամանակ: Ընդհանրապես, Յուրի Վարդանյանն արժանացել է 111 ոսկե մրցանակի, պարգեւատրվել Լենինի շքանշանով...

Իսկ օլիմպիական նվաճումներով, որոնցից երեքը՝ ոսկե մեդալ, մեր գլխավոր հերոսը հանրահայտ մարմնամարզիկ, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանն էր: Նրա որդին` Էդուարդը, հաջողությամբ շարունակեց հոր ավանդույթը, նույնպես ճանաչվեց անվանի մարմնամարզիկ, չեմպիոնի կոչմանն արժանանալով մոսկովյան օլիմպիադայում: Քանի որ խոսք գնաց հայր-որդի էստաֆետի մասին, հիշենք նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին (1988 թ.), 24 տարի անց էլ փոխչեմպիոնի կոչում նվաճած որդուն` Արսենին: Վերջինս թեեւ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց տաղանդավոր սպորտսմեն է` հայրն ու որդին լուրջ նվաճումներ են գրանցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Հաջորդ լեգենդը խորհրդային տարիներին ռինգում լուրջ հետք թողած շնորհաշատ բռնցքամարտիկ, շատ պատանիների կուռքը դարձած՝ թեթեւ քաշային կարգում 50-ականներին Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակված, Մելբուրնի օլիմպիադայի (1956թ․) ոսկե մեդալակիր Վլադիմիր Ենգիբարյանն է: Նա իր անցկացրած 86 մարտերից 84-ում հաղթանակ է տարել, 15 տարի շարունակ հեղինակավոր մրցումների է մասնակցել եւ միայն մեկ անգամ է նոկդաունում հայտնվել, այն էլ, ինչպես ինքն է խոստովանել, մրցակցի` Անատոլի Գրեյդերի ոչ թե հարվածի, այլ կոպտորեն հրելու պատճառով: Մեր տաղանդաշատ մարզիկը, ըստ գերմանական «Շպորտ էխո» թերթի հարցումների արդյունքների, կուբացի Թեոֆիլո Սթիվենսոնի եւ հունգարացի Լասլո Պապի հետ աշխարհի լավագույն եռյակն է կազմել: Ենգիբարյանն առաջիններից է Հայաստանում, ով իր սիրած մարզաձեւի զարգացման համար նախաձեռնեց ու հիմնեց բռնցքամարտի մասնագիտացված դպրոց, որն այսօր էլ մեծ հեղինակություն է վայելում պատանիների շրջանում: Անձամբ ինքն էլ հարգված է եղել աշխարհով մեկ: Նա 12 անգամ այցելել է ԱՄՆ, ճանաչվել Նոր Օռլեան եւ Կենտուկի նահանգների պատվավոր քաղաքացի:

Մեր մարզական պատմությունում, անտարակույս, շարունակ հիշատակվելու է Շավարշ Կարապետյանի անունը` ոչ միայն այն պատճառով, որ 1972-79 թվականներին նա եղել է ստորջրյա լողի Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր: Այսօր էլ մարդիկ հիացմունքով են արտասանում նրա անունը՝ մտաբերելով այն ողբերգական դեպքը, որ տեղի ունեցավ 1976-ին, երբ ուղեւորներով լեցուն տրոլեյբուսն ընկավ Երեւանյան լիճը: Պատահաբար ու բարեբախտաբար, հենց այստեղ իր եղբոր հետ պարապմունքներ էր անցկացնում Շավարշը: Նա առանց վայրկյան կորցնելու, նետվեց ջուրը եւ ջարդելով տրոլեյբուսի պատուհանները՝ մեկ-մեկ դուրս բերեց հուսահատված ուղեւորներին, նրանց փոխանցելով եղբորը, ով տուժածներին հասցնում էր ափ: Այսպես փրկվեց ավելի քան երկու տասնյակ մարդու կյանք: 1984 թ. Աստղագետների համաշխարհային միությունը, ի պատիվ այդ աներեւակայելի սխրանքի, Շավարշ Կարապետյանի անունով կոչեց տիեզերական մոլորակներից մեկը:

Այժմ գանք մեր օրեր եւ հիշենք մի անուն, որն աշխարհի հայերը հիացմունքով ու հպարտությամբ են արտաբերում. Հենրիխ Մխիթարյան: Եվ խոսքը սոսկ ֆուտբոլի մասին չէ, այլ նաեւ բազմաշնորհ մարզիկի արժանիքների, օրինակ՝ նրա, որ հայ մարզիկն ազատ կերպով կարողանում է բացատրվել 8 լեզուներով: Հայերենից ու ռուսերենից բացի, նա պատանեկան տարիներին սովորել է ֆրանսերեն (90-ական թվականների սկզբին Մխիթարյանների ընտանիքը 5 տարի ապրել է Ֆրանսիայում) եւ պորտուգալերեն (Հենոն 14 տարեկան էր, երբ Երեւանի «Փյունիկից» տեղափոխվեց Բրազիլիա, որի պետական լեզուն պորտուգալերենն է, մեկ մրցաշրջան անցկացնելով տեղի «Սան Պաուլու» թիմում): Զուգահեռ յուրացրել է նաեւ ուկրաիներենը, գերմաներենը, անգլերենն ու իտալերենը: Ինչ վերաբերում է խաղային հմտություններին, ապա նա շատ բան ժառանգաբար ստացել է հորից` Համլետ Մխիթարյանից: Երեւի ոչ բոլորը գիտեն, որ Հենոյի հայրը 1980 թվականից հանդես է եկել մեր առաջատար թիմում` «Արարատում», ընդ որում՝ ութ մրցաշրջան է անցկացրել, դառնալով թիմի ռմբարկուներից մեկը` բոլորից շատ` 18 գոլ է խփել ԽՍՀՄ 1984 թ. առաջնության ժամանակ: Հատկանշական է, որ Մոսկվայի «Դինամոյի» դարպասը Համլետին հաջողվել է գրավել չորս անգամ, եւ ինչն է այստեղ ոչ պակաս հետաքրքիր` գոլերից մեկը համամիութենական մրցումներում մեր թիմի համար թվով անսովոր ու հոբելյանական էր` 1000-րդը: Իսկ շնորհաշատ Հենոն հրաշալի ու բացառիկ ցուցանիշներ է գրանցել եվրոպական բոլոր չորս երկրներում ունեցած ելույթների ընթացքում: Գերմանիայում ու հատկապես Անգլիայում ձեռք բերած բարձր կոչումները, եվրոպական գավաթների համար պայքարում արձանագրված նվաճումները, ինչ խոսք, հրաշալի են: Նույնը կարելի է ասել իտալական «Ռոմայում» եւ «Ինտերում» գրանցված ցուցանիշների մասին: Ի դեպ, հենց այսօրվա տվյալներով, «Ինտերն» Իտալիայի չեմպիոնի կոչման բացահայտ հավակնորդն է, ինչը չի կարող չուրախացնել բոլորիս: Այն էլ ասենք, որ Հենրիխն իտալական մարզասերների ամենահարգված ֆուտբոլիստներից է, այստեղ նույնիսկ երգ է ձոնված ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի: Խոսուն թիվ է եւ այն, որ Հենրիխ Մխիթարյանը 11 անգամ ճանաչվել է տարվա թիվ մեկ ֆուտբոլիստ Հայաստանում:

Դժվար թե գտնվի գոնե մեկ մարզիկ, ով չերազի մասնակցել օլիմպիական խաղերին: Իսկ ահա հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայաստանի միակ մարզիկն է, ում բախտ է վիճակվել հանդես գալու նման երեք ստուգատեսների (2012թ., 2016 թ. եւ 2020 թ.), էլ չասեմ, որ առջեւում չորրորդ ելույթն է: Հարկ է ընդգծել՝ նա միակն է, ով բոլոր այդ մրցումներից տուն է վերադարձել որպես մրցանակակիր. Ռիո դե Ժանեյրոյից` որպես բրոնզե, Լոնդոնից` ոսկե, Տոկիոյից` արծաթե մեդալակիր: Սա, անտարակույս, բացառիկ ցուցանիշ է: Դրա հետ մեկտեղ ինչպե՞ս չհիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը մեգանվաճումներ է գրանցել նաեւ միջազգային այլ ասպարեզներում` նա աշխարհի քառակի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն է: Պատահական չէ նաեւ, որ Արթուր Ալեքսանյանին բազում անգամ Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել մարզական մեկնաբանները: 

Կարելի է հիանալ նաեւ մարմնամարզության շահինյանաազարյանական բարի ավանդույթներն արժանիորեն շարունակող Արթուր Դավթյանով, ում ելույթները ցանկացած միջազգային ասպարեզում մշտապես հիացրել են մարզասերներին: Հատկապես հրաշալի են ստացվում բարդ հնարքներով հարուստ նրա հենացատկերը: Պարզապես հիացմունքի են արժանացել Արթուրի ելույթները Կահիրեում եւ Կոտբասում կայացած աշխարհի գավաթի խաղերում: Անկասկած, նա Փարիզում էլ կարժանանա բարձր գնահատականների:

Եվ վերջում ամենաանսովոր ցուցանիշների մասին, որ գրանցվել են մարզական պատկառելի ստուգատեսներում: Դրանցից մեկի հեղինակն ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Լեյբրոնն է, ով հանդես է գալիս Լոս Անջելեսի «Լեյքերս» թիմում: Իր 21-րդ մրցաշրջանում նրա վաստակած միավորների թիվն անցավ 40 հազարից: Ձեզ կհետաքրքրի նաեւ, թե ովքեր են այսօր աշխարհի ամենահարուստ մարզիկները: Այդ ցուցակը գլխավորում է վերստին բասկետբոլիստ, «Չիկագո Բուլսի» նախկին խաղացող Մայքլ Ջորդանը, որի վաստակած գումարը կազմում է 3,3 մլրդ դոլար (դրա մեջ մտնում են աշխատավարձը, բոնուսները, մրցանակները, տարբեր կարգի ելույթների վարձը եւ հոնորարը): Նշենք նաեւ ձեզ հայտնի այլ հանրահայտ մարզիկների անուններ. ֆուտբոլիստ Ռոնալդուի անվան դիմաց գրանցված գումարը` 1,58 մլրդ, որը 5-րդ ցուցանիշն է։ Հաջորդ տեղերում են բասկետբոլիստ Ջեյմս Լեբրոնը` 1,53 մլրդ, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին` 1,48, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 1,38 մլրդ դոլար: Իսկ այժմ՝ ամենամեծ աղմուկ հանած «Կայծակ» մականունով սպրինտերի` կարճ տարածության վազորդ, ջամայկացի Ուսեյ Բոլտի մասին: Նա 2012, 2016 եւ 2020 թթ․ օլիմպիական խաղերի ութնյակի չեմպիոն է` երեքական անգամ ոսկե մեդալ է շահել 100 եւ 200 մ վազքերում եւ երկու անգամ՝ 4x100 մ փոխանցավազքում: Ուշադրություն․ Բոլտին է պատկանում 100 մ վազքի համաշխարհային ամենաաներեւակայելի ռեկորդը` 9,58 վայրկյան:

Միսակ Նազարյան