Փաշինյանը ոսկեպարցիներին դժոխք է խոստանում, այն դեպքում, երբ այդ խոստումն ինքն արդեն կատարել է

Փաշինյանը ոսկեպարցիներին դժոխք է խոստանում, այն դեպքում, երբ այդ խոստումն ինքն արդեն կատարել է

Նիկոլ Փաշինյանը փորձում է ոսկեպարցիներին համոզել. «Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք»: Առաջարկում է, որ գյուղացիները թողնեն՝ կառավարությունն իր ուզած ճանապարհով գնա, եթե տեսնեն, որ այդ ճանապարհը սխալ տեղ է տանում, իրենք կհրաժարվեն շարունակել: Հետաքրքիր է` ինչո՞ւ են գյուղացիները, շարքային հայ մարդիկ մտածում, որ Փաշինյանն իրենց թշնամին է, դավաճան, հող ծախող, չլինի՞ դրա համար հիմքեր կան, գուցե մարդկանց նախկին փորձն է նման եզրահանգումների տեղիք տվել:

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ այդպես էլ չպատասխանեց «Հրապարակի» լրագրողի հարցին, թե արդյոք իր իշխանությունն ունի՞ լեգիտիմություն, թե 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կորցրել է լեգիտիմությունը: Լրագրողն ասում էր, որ Փաշինյանը եւ ՔՊ-ն նախընտրական շրջանում մարդկանց բոլորովին այլ նախընտրական խոստումներ էին տվել` հետ վերադարձնել Շուշին եւ Հադրութը, տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, խոստանում էր արտագնա աշխատանքի մեկնածներին կրկնակի չհարկել, բայց հետընտրական շրջանում ոչ միայն արցախցիների ինքնորոշման իրավունքին տեր չկանգնեց, այլեւ մատը մատին չտվեց՝ արցախցիների բռնագաղթը դադարեցնելու համար, փոխարենը Ալիեւին էր խորհուրդներ տալիս, թե ինչպես է ավելի արդյունավետ դատարկել Արցախը: Հիշում եք, չէ՞, ասում էր` ավելի ճիշտ կլինի, որ Ալիեւը մի քանի օրով բացի Լաչինի միջանցքը, մի քանի հազար մարդ դուրս գա, հետո նորից փակի, ու այդպես շարունակ, մինչեւ վերջնականապես դատարկվի: Բայց Ալիեւը փաթեթային լուծման գնաց, միանգամից` մի քանի օրվա մեջ կազմակերպեց բռնագաղթը: 

Փաշինյանը Հայաստանում կորցրել է հանրային լեգիտիմությունը, մարդիկ նրան չեն հավատում, նրա ոչ մի խոսք լուրջ չեն ընդունում: Որքան էլ որ նա ասի՝ ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, ուրիշ լուրերի չհավատաք, լուր լինի՝ կգանք կասենք: Լուրեր չնայեք, ինտերնետ չնայեք, ուղիղ մեզնից տեղեկություններն իմացեք: Մնում է, որ լուրեր կամ ինտերնետ չնայելու համար, Փաշինյանի որոշմամբ, անջատեն Ոսկեպարի, իսկ ավելի լավ է՝ ամբողջ Տավուշի մարզի ինտերնետը, ազատ հեռուստաալիքների հեռարձակումը, այդ դեպքում նրանք երաշխավորված ո՛չ լուր կկարողանան նայել, ո՛չ ինտերնետից օգտվել: Կլսեն միայն պաշտոնական լրահոսը: Փաշինյանն էլ կկարողանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրինակով տավուշցիներին ասել` հաղթելու ենք, արդեն հաղթել ենք, ուր որ է՝ հասնելու ենք Բաքու: Բայց մի օր ոսկեպարցիները, մյուս տավուշցիներն արթնանալու են ու տեսնեն, որ Փաշինյանը թուրքին բերել կանգնեցրել է իրենց բնակարանների դիմաց, թուրքն իրենց դուռն է ծեծում՝ պահանջելով, որ տնից դուրս գան, թե չէ կսպանեն: 

Փաշինյանը ոսկեպարցիներին առաջարկում է՝ կառավարությանը թույլ տան՝ աշխատի ինչ-որ լուծում իրենց առաջարկի, եւ իրենք էլ քննարկեն այդ առաջարկը եւ ասեն. «Սա մեր ուզածը չէ, բայց ոնց որ թե կուտվի, բայց ոնց որ թե մոտիկ ա, կարա լինի` ջհանդամ»: Երբ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնեց Արցախի տարածքի մեծ մասը, պայմանավորվեց, որ ռուս խաղաղապահները պետք է գան եւ ապահովեն արցախցիների անվտանգությունը եւ Լաչինի միջանցքով հաղորդակցությունը, արցախցիներն ասացին` սա մեր ուզածը չէր, բայց դե, ինչ անենք` ջհանդամ, կդիմանանք: Անգամ երբ Ադրբեջանն անցած տարվա սկզբին զինված հարձակում սկսեց Արցախի հայկական մնացած հատվածի դեմ, եւ հարյուրավոր զոհերի արդյունքում արցախցիները տեղահանվեցին իրենց հայրենիքից, կորցրին իրենց ունեցվածքն ու սերունդների աշխատանքի արդյունքում կուտակած սեփականությունը, հայտնվեցին Գորիսում, Աբովյանում, Երեւանում, Ռոստովում, Փարիզում կամ Վաշինգտոնում, էլի ասացին՝ սա մեր ուզածը չէր, բայց դե՝ ջհանդամ, կդիմանանք: Ի դեպ, Փաշինյանի օգտագործած «ջհանդամ» բառն արաբերենից եւ օսմաներենից վերցված փոխառություն է եւ նշանակում է դժոխք: Մարդը նույնիսկ մահից հետո, եթե հայտնվում է դժոխքում, ի վերջո այլընտրանք չունենալով` համակերպվում է: 

Հայ ժողովուրդը, հայ հասարակությունը Փաշինյանի գործունեության արդյունքում արդեն առնվազն չորս տարի գտնվում է դժոխքում, դժոխային պայմաններում, եւ ամեն անգամ, երբ Փաշինյանի որեւէ քայլի արդյունքում այդ պայմանները դառնում են ավելի սարսափելի, մարդիկ ասում են. «Կարա լինի` ջհանդամ», ու համակերպվում, փոխանակ հենց Փաշինյանին եւ նրա իշխանությանն ուղարկելու «ջհանդամը»:

ՀԳ. 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչության շրջանակներում այցելել էինք Ոսկեպար: Ոսկեպարցի մի տղամարդ՝ 96 տարեկան, Սարգսյանից պահանջում էր, որ գյուղում գործարաններ կառուցեն`հաստոցաշինական, մեքենաշինական, որ իր տղաները գյուղում աշխատանք ունենան, ոչ թե գնան հասնեն Բերդ կամ Նոյեմբերյան: Սարգսյանը պատասխանում էր, որ տեղը կտրված է, ճանապարհներ չկան, ենթակառուցվածքներ չկան, մասնագետներ չկան, ավելի լավ է` զբաղվեք հողագործությամբ, անասնապահությամբ, բայց այս տղամարդն անդրդվելի էր, ասում էր` նախագահ ես, որ մտքիդ դնես` կբացես, ուղղակի չես ուզում: Հենց այդ խոսակցության ժամանակ էլ Սարգսյանն ասաց. «Ամբողջ կյանքներդ այդպես եք մտածել, որ խիյարը թարս է բուսնել»: Անցել է 11 տարի, բայց ոսկեպարցիներն այլեւս իշխանություն կոչվածից ոչ թե գործարանի կառուցում են պահանջում, այլ գոնե արժանապատիվ ապրելու իրավունքի հնարավորություն, իսկ Փաշինյանը նրանց դժոխք է խոստանում: Բայց նա կարող է համարել, որ այդ մի խոստումն արդեն կատարել է եւ ոչ միայն ոսկեպարցիների համար:

Ավետիս Բաբաջանյան