Լրատվամիջոցների հարցերը լուծելու ձեւն էլ գտան

Լրատվամիջոցների հարցերը լուծելու ձեւն էլ գտան

Ֆինանսների նախարարությունը՝ փոխնախարար Արմեն Հայրապետյանի ղեկավարմամբ, որոշել է ավարտին հասցնել լրատվամիջոցների դեմ սկսված հակաժողովրդավարական գործընթացը։ 
Դեռեւս 2019 թվականին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, եւ սահմանվեց, որ «Շահումով խաղերի մասին» գովազդը պետք է սահմանափակվի, եւ էլեկտրոնային կայքերում դրանց սփռումը չպետք է զբաղեցնի տվյալ կայքի ծավալի 20 տոկոսից ավելին։ Այն ժամանակ արդեն հասկանալի էր, որ դա չաշխատող օրենք է, քանի որ առաջին հերթին խաղային բիզնեսը գործելու եւ ծաղկելու է՝ անկախ գովազդից, քանի որ գովազդի հազարավոր հարթակներ կան, որոնք իշխանությունը չի կարող սահմանափակել։

Բայց դա էլ չէր խնդիրը, այլ այն, որ «կայքերի 20 տոկոս ծավալ» ասվածն անհեթեթություն է, եւ նման բան մտածողը պարզապես պատկերացում չունի, թե ինչ է կայքը, եւ ինչքան է դրա ծավալի 20 տոկոսը։ Բայց, այնուամենայնիվ, իշխանությունը շատ էր ուզում լրատվամիջոցներին խփել եւ կրճատել վերջինիս եկամուտները, ուստի այդ կիսատ-պռատ օրենքն ընդունեց։ Հետո կիրառման ժամանակ արդեն ի հայտ եկան այդ թերությունները, եւ պարզվեց, որ այդ «20 տոկոս» ասվածը հնարավոր չէ չափել, եւ առավել եւս՝ չափող, հսկող, պատժող մարմինը չկա։ Քանի որ լրատվադաշտը շատ բազմազան է եւ անվերահսկելի, ահռելի ռեսուրսներ են հարկավոր նման բան անելու համար։

Հետո, ինչպես մեզ պատմեցին, այդ օրենքով եւ մամուլի գործունեությունը սահմանափակելու խնդրով շահագրգիռ կողմերը սկսեցին գնալ սույն օրենքի կիրառման ետեւից։ Ճիշտ է՝ մենք հազարավոր օրենքներ ունենք, որ թղթի վրա ընդունվել են, բայց պրակտիկ կյանքում չեն աշխատում, բայց իշխանություններին առավելապես հետաքրքրում են մամուլն ու ազատ խոսքը․ նրանք 3 տարի շարունակ պրպտում են, թե ինչպես սահմանափակեն խոսքի ազատությունը, ինչպես անեն, որ լրատվամիջոցների թիվը կրճատվի, եւ իրենց ուղղված քննադատությունը քչանա։ Իսկ դրա լավագույն ձեւը մեր եկամուտներին խփելն է, ուստի կառավարության տարբեր կաբինետներում, մեր երկրի բյուր խնդիրները թողած, սկսեցին քննարկել, թե ինչպես անեն, որ «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները կյանքի կոչվեն, եւ «Խաղային բիզնեսի մասին» գովազդը կայքերում կրճատվի։ 

Ըստ այդմ, մի երկար-բարակ շղթա է գործել․ նախ զեկուցել են, որ օրենքն այդ տեսքով չի աշխատում։ Կարծեմ՝ ՊՎԾ-ն է եղել հարցը բարձրացնողը։ Հետո սկսել են մտածել, թե ինչպես անել, որ աշխատի։ Մի «խելոք» գլուխ առաջարկել է այդ 20 տոկոսի փոխարեն կիրառել նոր մեթոդ՝ արգելել ժամը 7-ից հետո խաղային բիզնեսի գովազդը, ինչն ավելի հեշտ վերահսկելի կլինի։ Իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվի, կպատժվեն, եւ իրենք էլ տուգանքով պետբյուջեն կլցնեն։ Երկուսը՝ մեկում։ Ու ֆինանսների նախարարությունը՝ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել այդ նոր նախագիծը կյանքի կոչելուն։ Նոր նախագիծ են մշակել՝ առանց մամուլի եւ խմբագիրների հետ քննարկելու։ Այն բերել են ԱԺ, իրենց «ուսապարկերի» կողմից առաջին ընթերցումն անցկացրել են, իսկ այսօր կանցկացնեն երկրորդ ընթերցմամբ։ Եվ պատերի տակ կուրախանան, թե մամուլի հարցերն այսպես հեշտ ու հանգիստ՝ օրենսդրական փոփոխությամբ լուծեցին։ Երկրում ծառացած ոչ մի հարց չեն կարողանում լուծել, բայց իրենց շահերից բխող հարցերում անչափ հնարամիտ են ու օպերատիվ։

Միայն մի փաստ նշեմ՝ նման օրինագիծն ընդունելուց հետո ակտիվ կայքերը կկորցնեն իրենց եկամտի 50-60 տոկոսը եւ ստիպված կլինեն կիսով չափ կրճատել իրենց աշխատակազմերը, քանի որ երկրում ծանր տնտեսական վիճակ է, եւ առանց այս օրենքի էլ գովազդատուների նվազում կա, իսկ եթե խաղային բիզնեսի գովազդի եկամտից էլ զրկվենք, ապա որոշ կայքեր կփակվեն, մյուսները ստիպված կլինեն մեծ կրճատումներ անել, որ ինչ-որ կերպ գոյատեւեն։

Եվ մամուլից քաղաքականություն գնացած ու մեր երկրի գլխին այսքան փորձանքներ բերած վարչապետ Փաշինյանն այս մի խնդիրն էլ «կլուծի»՝ ընդդիմադիր, ազատ լրատվամիջոցները կզրկվեն ֆինանսական անկախությունից։