500 մլն դրամ՝ Սյունիքին, քվեարկությունից առաջ

500 մլն դրամ՝ Սյունիքին, քվեարկությունից առաջ

Կառավարությունն իր վերջին նիստում ժեստ արեց ՀՀ մարզերին․ մոտ 2 մլրդ դրամ հատկացրեց՝ հրատապ խնդիրներ լուծելու համար։ Ամենամեծ գումարը՝ 500 մլն դրամ, որոշեցին տալ Սյունիքի մարզին, որը, մեղմ ասած, հայհոյախառն վերաբերմունք ունի Փաշինյանի նկատմամբ։ Ոմանք սա ընտրակաշառք ընկալեցին, իսկ կառավարությունը ներկայացնում է այսպես․ այս գումարն օգտագործելու են «Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով»:

Մյուս 9 մարզերը՝ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի, բոլորը միասին ստանալու են 1,200 մլրդ դրամ։ Այդ գումարները տրվելու են որպես սոցիալական աջակցություն՝ բնակարանային ապահովության, փախստականների կարիքները հոգալու, նպաստներ, օգնություններ բաժանելու, այլ նպատակով։ Անապահով խավին ուղղված այս սուբսիդիայի նախընտրական բնույթն ակնհայտ է։ Բայց ավելի հետաքրքիր է կատարող մարմինների ցանկը։ 9 մարզերի դեպքում գումարները տրվելու են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ մարզպետարանների միջոցով ծախսելու է դրանք «բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու» նպատակով: Եվ միայն Սյունիքի համար բացառություն է արվել։ Այս դեպքում կառավարական փողերը բաժանելու է նիկոլահպատակ մի կառույց՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը։

Ինչո՞ւ է Սյունիքի դեպքում կառավարության սուբսիդիան տրվել հիմնադրամի, իսկ մյուս մարզերի հատկացումները մարզպետարաններն են ծախսելու։ Հարցի պատասխանը մեզ փոխանցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը։ «Կառավարության որոշմամբ հստակ սահմանված է Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին 500 մլն դրամ հատկացնելու հիմնավորումը, որպեսզի մարզում լուծվեն մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր։ Վերեւում նշված է նաեւ, որ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ»։ Ինչո՞ւ է Սյունիքի պարագայում հիմնադրամին տրվում։ «Սյունիքի մարզում ի հայտ են եկել բազմաբնույթ ու հրատապ խնդիրներ, որոնց անհրաժեշտություն է առաջացել արձագանքել առավել օպերատիվ»։

Մարզպետարանը չէ՞ր կարող օպերատիվ արձագանքել։ «Հիմնադրամի միջոցով նշված խնդիրներին արձագանքելու տարբերակը, այսինքն՝ ծախսման հնարավորությունը հիմնադրամի միջոցով առավել լայն է, ինչը կարող է առավել մեծ խնդիրներ լուծել Սյունիքի մարզում, որոնք առավել հրատապ են եւ կենսական, առավել լայն սպեկտրով հարցեր են այնտեղ լուծվելու»։

Քանի որ Սյունիքը լավ չի տրամադրված կառավարության հանդեպ, վտանգ չկա՞, որ գումարները ծառայեցվելու են նախընտրական քարոզչությանը։ «Ես նշեցի, թե ինչի համար է հատկացվում այդ գումարը։ Կառավարությունը բոլոր մարզերին վերաբերվում է համաչափ։ Հաշվի առնելով Սյունիքի մարզում առկա կենսական ու հրատապ խնդիրները, այս որոշման հիմնավորումը դրանով է պայմանավորված»,- պատասխանեց ՏԿԵՆ խոսնակը։

Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը 2016 թվականին ստեղծել է այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը։ Դրա գլխավոր դոնորը, որը տրամադրում էր գումարների 90 տոկոսից ավելին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Հիմնադրամը մարզում խոշոր ներդրումային ծրագրեր էր իրականացնում եւ, ըստ կանոնադրության, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր ղեկավարվում է Սյունիքի մարզպետի կողմից։ Բայց այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դադարեցրել է այս կառույցի ֆինանսավորումը։ «Հիմնադրամի խորհրդում կա կոմբինատի ներկայացուցիչ՝ մեր գերմանացի գործընկերներից, սակայն այդ մասնակցությունն այսօր պասիվ բնույթ է կրում»,- ասում է կազմակերպության հիմնադիր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Ինչո՞ւ։ «Իրենք փոխել են հիմնադրամի տնօրենին, հոգաբարձուներին, եւ այդ հիմնադրամում հիմա անհասկանալի կերպարներ են, եւ հիմա կոմբինատն այլեւս չի ֆինանսավորում այդ հիմնադրամը, քանի որ միջոցները մսխելու ռիսկը մեծ է»,- ասաց նա։

Վահե Հակոբյանի համոզմամբ, կառավարության կողմից Սյունիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը պատահական չէ, 500 մլն դրամը ծառայեցվելու է նախընտրական քարոզչությանը։ «Իմ համոզմամբ՝ այդ կես միլիարդը Սյունիքին հատուկ հատկացրել են, որ կարողանան այդտեղ ինչ-որ գործողություն ծավալել՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ։ Սյունիքն է իրենց խնդիրը, դրա համար էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեն Սյունիքի նկատմամբ։ Բայց աստված չանի, որ իրենք այդ գումարներով փորձեն ընտրակաշառք բաժանել»։

Մեր հարցին, թե կարո՞ղ է արդյոք հիմնադրամը հաշվետու լինել ՀՀ բյուջեի միջոցների համար, եթե այն պետական մարմին չէ, նախկին մարզպետը պատասխանեց․ «Այս մարդիկ իրենց տան հաշվետվությունը չեն կարողանում տալ, ինչպե՞ս են բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու։ Ոնց որ «Հայաստան» հիմնադրամինը ներկայացրին, այնպես էլ սա են ներկայացնելու»։

Վերջում հիշեցնեմ, որ Սյունիքի զարգացման հիմնադրամը ժամանակին կապանցիների համար լավ գործեր էր անում՝ կինոթատրոն կառուցեց, Կապանի օդանավակայանը վերակառուցեց, տրանսպորտի ուղեվարձն էր սուբսիդավորում, որ մարդիկ կարողանային տրանսպորտից 70 դրամով օգտվել։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը, սակայն, արվել է հեղափոխությունից առաջ՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, եւ վերաբերում է զբոսավարների դպրոցի ստեղծմանը։ Այսօր այս կազմակերպությունը ոչ մի աշխատանք չի կատարում։ Անգամ ակտիվ հասարակական կյանքով ապրող սյունեցիները դրա ներկայիս վիճակի մասին ոչինչ չգիտեն։ Թե ինչու է կառավարությունը որոշել այսքան մեծ գումար տրամադրել չգործող հիմնադրամին, միայն կռահել կարելի է։