Զելենսկին, Квартал-95-ն ու իրական կյանքը

Զելենսկին, Квартал-95-ն ու իրական կյանքը

Հերթական կոմեդիան կամ տրագիկոմեդիան ռուս-ուկրաինական լարվածության ներկա սագայում սկսվեց այնտեղից, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում նախագահ Բայդենը հայտնել էր, որ ամերիկյան կողմի գնահատականով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամում առկա է մոտալուտ, վերահաս պատերազմի սպառնալիք, վերջնահաշվում պատերազմ կսանձազերծվի, թե ոչ` կախված է լոկ ՌԴ նախագահ Պուտինի որոշումից, սակայն եթե, այնուամենայնիվ, նա որոշի գնալ ռազմական էսկալացիայի, գործողությունները կսկսվեն փետրվարին: Դա թելադրված է աշխարհագրական միջավայրով եւ բնակլիմայական պայմաններով: Ուկրաինայի տարածքի համարյա կենտրոնով անցնում է Դնեպր գետը, որից արեւելք, դեպի Ռուսաստան տարածվում է հսկայական Մերձդնեպրյան հարթավայրը: Ձմռան ամիսներն հարթավայրի մակերեւույթը ծածկված է սառույցով, եւ փետրվարին սառցե շերտն այնքան է կարծրանում, որ զինտեխնիկան կարող է տեղաշարժվել:

Զելենսկին, «վերահաս պատերազմ» բառերը լսելուց հետո, հավանաբար, այլեւս անընդունակ է դառնում որեւէ իրողություն ընկալելու, այդ թվում` աշխարհագրական իրողություններ, եւ միտքը լարում է մի ուղղությամբ, թե ինչ լարախաղացությամբ հաջողացնի Ուկրաինայից դուրս ամենքին համոզել, թե Ռուսաստանից իրական վտանգ է բխում, Ռուսաստանը զինուժի, զինտեխնիկայի հսկայական զորաշարժ է իրականացրել` 3 կողմից շրջապատելով Ուկրաինան, հետեւաբար, Կիեւին պետք է տրամադրել առնվազն պաշտպանական զինատեսակներ, ընդսմին՝ հսկայական ծավալներով, միլիոնավոր, միլիարդավոր դոլարների արժողության: Միաժամանակ, նույն լարախաղացությամբ, Ուկրաինայի ներսում էլ Զելենսկին ցանկանում է նույն հաջողությամբ համոզել, թե պատերազմի սպառնալիք կա, սակայն անպայման չէ, որ դա պատերազմի վերածվի, խուճապի մեջ պետք չէ ընկնել, երկրի տնտեսական-ֆինանսական շուկաները պետք չէ ցնցումների ու անկայունության հորձանուտը նետել: 

Այն, որ Զելենսկուն ձեռնտու է միեւնույն իրականության տարբեր ընկալումներ ունենալը, պարզունակ հաշվարկ է եւ կռահելի: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում մեր տեղական խեղկատակն է փորձում, վարչապետի աթոռը զբաղեցնելով հանդերձ, հալածյալ ու ընդդիմադիր ներկայանալ: Անձի նույն երկվությունն էլ Զելենսկին էր փորձում միջազգային արենայում խաղալ` Ռուսաստանի հետ բախման թեմայով, անգամ ասուլիս հրավիրեց, աշխարհին դասեր տվեց, թե ինքն ավելի լավատեղյակ է Ուկրաինայի ներքին իրադրությանը, քան օտարերկրյա ղեկավարները: Մինչեւ, ի վերջո, հասավ նրան, որ Վաշինգտոնից հայտարարեցին, թե «Մենք հասկանում ենք, որ նախագահ Զելենսկին տարբեր լսարանների առջեւ տարբեր խնդիրներ է ձգտում լուծել, բայց, ի վերջո, նա պետք է կայուն մի դիրքորոշման հանգի: Եթե պրն Զելենսկին երկրից դուրս հարյուր միլիոնավոր դոլարների զենք ու զինամիջոցներ է խնդրում, ապա երկրի ներսում էլ պետք է խիզախություն ունենա՝ ասելու, թե ինչու է դա անում»: 

Միով բանիվ, Զելենսկուն բացատրեցին, որ կյանքը գուցե բեմ է, բայց դա Квартал-95-ի հանդիսասրահ չէ, որ խեղկատակություն բեմադրես, այն էլ՝ պատերազմի թեմատիկայով: Պետք է անպատասխանատվությանը վերջ տալ եւ գիտակցել, որ ներկայիս գլոբալ աշխարհում, անկախ նրանից, թե ում ես խոսքդ ուղղում եւ ինչի ես ձգտում, քեզ բոլորն են լսում եւ եզրակացություններ անում: