Տեր-Պետրոսյանի շրջապատում շատ արժանավոր մարդիկ կան, որոնց պոտենցիալը պետք է օգտագործել, դա իր սեփականությունը չի

Տեր-Պետրոսյանի շրջապատում շատ արժանավոր մարդիկ կան, որոնց պոտենցիալը պետք է օգտագործել, դա իր սեփականությունը չի

Իշխանությունը շաբաթ-կիրակի գտավ նախագահի իր բաղձալի թեկնածուին, որին փնտրում էր Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած։ Թեկնածուն նախկին ՀՀՇ-ական, ապա՝ ՀԱԿ-ական, երբեմնի կարկառուն լեւոնական, իսկ այսօր բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։ 2018-ի հեղափոխությունից տարիուկես անց նա լքեց առաջին նախագահի թիմն ու նետվեց Փաշինյանի գիրկը, իսկ այսօր հավակնում է պետության գլուխը դառնալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անցած տարի անդրադառնալով ՀԱԿ-ից իշխանություն գնացած կադրերին, դա բնորոշել էր «առնետավազք», եւ ապագա նախագահին եւս այդ բառով են բնորոշում։ Մարդիկ վրդովվում են, որ պատերազմից հետո, երբ առաջին նախագահը Նիկոլին «ազգակործան պատուհաս» է անվանել, նրա թիմակիցը, իր պաշտոնական կենսագրությունից ջնջելով ՀԱԿ ադամության ժամանակահատվածը, անդամագրվել է ՔՊ-ի կառքին: Մինչդեռ Վահագն Խաչատրյան-Խաչատուրյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ ցուցակում էր, կուսակցության վարչության անդամ էր։

Ի դեպ, երեկ լրագրողները նրան հարցրել էին ՀԱԿ-ի անդամությունը թաքցնելուց՝ ԲՏԱ նախարարը լղոզել էր. «Ես համարում եմ ինձ անկուսակցական, 2017-ից ես՝ ինքս, իմ մեջ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որը ճշտվում է»:

Տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀԱԿ վարչության արդեն նախկին անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորաթուխ նախարար Վահագն Խաչատրյանը տարիներ առաջ ամենաակտիվ ընդդիմադիրներից էր` մասնակցում էր բոլոր քննարկումներին, նախկինների օրոք վարվող տնտեսական քաղաքականությունն էր կոշտ քննադատում։ 2012-ի հուլիսին նա առաջինը բարձրաձայնեց, որ սահմանին գազը թանկացել է, բայց հանրությանը չեն հայտնում, եւ գազի պարտք է կուտակվում, որը սպառողների քթից է դուրս գալու։ 2013-ի դեկտեմբերին Հայաստանն այդ պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդին» վաճառեց իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, բայց սպառողի համար գազը չթանկացավ: Թանկացավ 2019-ի հունվարի 1-ից, եւ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը, ըստ որի՝ հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարեր 150 դոլար, իսկ պարոն Խաչատրյանը չահազանգեց այս մասին։ 

Դա այն ժամանակահատվածն էր, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր էր դրել՝ ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում էր թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով հեղափոխությունից մեկ տարի անց սկսել էր քննադատել Նիկոլ Փաշինյանին։ 2019-ի սեպտեմբերից Վահագն Խաչատրյանը լրագրողների համար ընդհատակ անցավ, մինչդեռ դրանից առաջ նոն-ստոպ ռեժիմով հարցազրույցներ էր տալիս, վերլուծում տնտեսական պրոցեսները, գովերգում Փաշինյանին, ԵՊՀ-ում նրա հետ հանդիպումներից մեկի ժամանակ էլ բառացիորեն շնորհակալություն հայտնեց մեզ «ազատություն» տալու համար։ Պարզվեց՝ 2019-ի հուլիսից նա Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ է դարձել։ Եվ, ըստ ամենայնի, այդ պահից սկսեց նախապատրաստվել նախարարի պաշտոնին նրա նշանակումը։

Ի դեպ, Վահագն Խաչատրյանը նաեւ Տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր եւ չէր թաքցնում ռեկտոր դառնալու հավակնությունները։ 2019-ի հունիսի 28-ի խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու հարցը, Վահագն Խաչատրյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին էր հակադրվել, որն օտար լեզուների իմացություն էր պահանջում դասախոսներից: Նա խիստ նյարդայնացած հայտարարել էր․ «Ես վտանգ եմ տեսնում, որ էս լեզուների նկատմամբ էսպիսի վերաբերմունքը կբերի նրան, որ մեզ մոտ ուղղակի լեզվաբանները կգան։ Ես՝ ինքս, անձամբ էդպիսի խնդիր եմ ունեցել 92 թվականին՝ Իտալիայում․ իմ թարգմանիչը՝ իբրեւ կառավարման մասնագետ, սկսեց պատասխանել հարցերին իմ փոխարեն։ Ես դրա համար եմ զարմանում, որ ինչու չեք մտածում, որ առաջինը մասնագիտականն է, ինչո՞ւ եք մասնագիտական գիտելիքն ու լեզվի իմացությունը դրել մեկ հարթության վրա… Մի բան էլ ասեմ՝ ես ինձ կարոտում եմ նորմալ հայերեն խոսելիս։ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, այդ մաքուր հայերենը մոռացել են»։ 2021 թ․ փետրվարին նա ընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ, իսկ 2022 թ․ հունվարի 10-ին վերընտրվել է այդ պաշտոնում։ 

Ինչպիսի՞ն էր Վահագն Խաչատրյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում․ կարծիքներն ու հուշերը հակասական են: Ոմանք նրան որպես բանիմաց, պրոֆեսիոնալ պաշտոնյա են հիշում, իսկ ոմանք ասում են, որ «պրոֆեսիոնալ» սկիզբ դրվեց կոռուպցիոն գործարքներին։ Մասնավորապես, սկսվեցին հողահատկացման կասկածելի որոշումներ կայացվել, պետական շենք-շինությունների վաճառքների հետ կապված մութ պատմություններ եղան: Ու թեեւ Խաչատրյանն ասում է, որ ինքն է խնդրել, որ «Ջրերի խանութի»` այժմ «Սիլ Պլազայի» շենքը գնի Խաչատուր Սուքիասյանը, բայց այն միակ կասկածելի գործարքը չէր։
 

Այսինքն, եթե խոսում ենք 90-ականների թալանի ու զեղծարարությունների մասին, ապա դրանց անմիջական մասնակիցներից մեկն էլ 92-96 թթ․ Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր: Երեկ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իր հետ Փաշինյանը դեռ չի խոսել, եւ իր համար անակնկալ էր, որ կարող է դառնալ ՀՀ նախագահի պաշտոնի մասին «գոնե մտածող մարդ»: «Ես իմ գործն անում էի, գործս շատ էր, ես ինչ-որ ձեւով կարողացա իմ համեմատաբար ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ կյանքին, բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ընձեռվել է, որովհետեւ ինքնաճանաչողության մի շրջան էր: Գնահատողները դուք պետք է լինեք եւ այն մարդիկ, որոնք ակնկալիք ունեն մեր նախարարությունից»: 

ՔՊ-ում, գոնե ներքեւի օղակներում, եւս անակնկալի են եկել թեկնածուի ընտրությունից, նրա մասին իմացել են մամուլից, մինչ այդ վարչությունում բուռն քննարկումներ են ծավալվել նախնական թեկնածու Արայիկ Հարությունյանի շուրջ: Նրա թեկնածությունը վարչության անդամների մեծամասնության համար եղել է անընդունելի, որից հետո Փաշինյանն այլընտրանքային տարբերակ է առաջարկել, ու քանի որ Արայիկ Հարությունյանի ֆոնին Վահագն Խաչատրյանին կարելի է լավ թեկնածու համարել, ընդունել են որոշում։ ՔՊ խմբակցությունում երեկ մինչեւ օրվա երկրորդ կեսը չէին քննարկել հարցը, պատգամավորներն այդ պատճառով խուսափում էին կարծիք հայտնելուց:

Հովիկ Աղազարյանը, սակայն, չթաքցրեց՝ կուզեր, որ թեկնածուն իրենց` ՔՊ թիմից լիներ, բայցեւ հավելեց․ «25 հոգով ենք հեղափոխություն արել, այդքան պաշտոնյա ո՞նց թիմից առաջադրեինք»։ 
Խոցելի չի՞ լինելու այս թեկնածուն` հենց միայն առնետավազքի, իր սկզբունքներին դավաճանելու, ճամբարափոխ լինելու պատճառով։ «Ցավոք սրտի, այնքան, որքան Տեր-Պետրոսյանն է հասկանում, Հայաստանում ոչ ոք չի հասկանում, դրա համար ես նրա անունը դրել եմ սեւ հանճար, որովհետեւ երբեմն իր իմացածն օգտագործում է ի չարս հայ ժողովրդի, բայց սա այդ դեպքը չէ: Առնետավազք ասում են, երբ նավը կործանվում է, լքում են. ինչո՞ւ ՀԱԿ-ը կործանվո՞ւմ էր։ Իսկ սկզբունքների մասով, կարծում եմ, Տեր-Պետրոսյանի շրջապատում շատ արժանավոր մարդիկ կան, որոնց պոտենցիալը պետք է օգտագործել, դա իր սեփականությունը չի»։

Աղազարյանը նախագահի իր թեկնածուներն ուներ՝ Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, ասում է՝ ուրիշ արժանավորներն էլ կան, բայց կընդունի այն որոշումը, որը կայացրել է վարչությունը։