Տեղ են ազատում Սասուն Խաչատրյանի եղբոր համար

Տեղ են ազատում Սասուն Խաչատրյանի եղբոր համար

Այս շոուն, որ խորհրդարանում կազմակերպվում է՝ դատավորների ընտրության առումով, իրականում ոչ թե ընտրություն է, այլ նշանակում։ Բանն այն է, որ իբրեւ թե մրցակցային առաջարկ է ներկայացվում խորհրդարանին՝ առաջարկելով 1 տեղի համար 3 թեկնածու, սակայն բոլորը գիտեն, թե ով է լինելու ընտրվողը։ Ասենք՝ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել են Կարեն Համլետի Աղաջանյանի, Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի եւ Կարեն Հովհաննեսի Թումանյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել են Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Ալվարոյի Թումանյանի, Գայանե Հայկազի Մազմանյանի եւ Սերգեյ Գուրգենի Մեղրյանի թեկնածությունները: Սակայն Վճռաբեկի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում ընտրվելու է Ելիզավետա Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության կազմում Լիզա Գրիգորյանը, իսկ Վճռաբեկի քաղաքացիական պալատում Սերգեյ Մեղրյանը։ 

Բանն այն է, որ Ելիզավետա Դանիելյանն աշխատում էր վճռաբեկ դատարանի քրեական պալատում, նրան տեղափոխում են Հակակոռուպցիոն պալատ, որպեսզի տեղ բացեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի համար, ով ԲԴԽ անդամ էր, հիմա էլ ուզում է դատավոր աշխատել։ Իսկ Դավիթ Խաչատուրյանին չէին կարող նշանակել Հակակոռուպցիոն պալատում, քանի որ կառաջանար շատ ցցուն շահերի բախում՝ երկու եղբայրների գործառույթների առումով։ Լիզա Գրիգորյանը որոշ ծառայություններ է մատուցել եւ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է։ Իսկ Սերգեյ Մեղրյանին ազատել են ԴԱՀԿ պետի պաշտոնից՝ հավանաբար նախապես խոստանալով դատավոր նշանակել։ Այնպես որ Արմեն Դանիելյանը չի ընտրվելու այդ պաշտունում։

Մի հետաքրքիր նյուանս եւս․ թեկնածուների բոլոր եռյակների մյուս երկու թեկնածուները գիտեն, որ իրենք չեն ընտրվելու։ Համակարգում նրանց «պռավադնիկ» են անվանում, որոնք ֆոն են ստեղծում, շիրմա են՝ այս նախապես որոշված խաղում։ Դա է պատճառը, որ շատերը հրաժարվում են այս ամոթալի դերից եւ միայն արմենդանիելյաններն են համաձայնում դառնալ «պռավադնիկ»։