Մերժել Նիկոլին

Մերժել Նիկոլին

Ադրբեջանում հույս ունեն, որ Բրյուսելում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծումը՝ ասել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Ավելացրել է նաեւ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար։ Միանգամից երկրորդ հարցին անդրադառնալով՝ ասեմ, որ դա կարող է այդպես լինել միայն Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի, նրա ընտանիքի եւ նրա «ուսապարկերի» համար:

Ինչպես նաեւ այն խոշոր գործարարների համար, որոնց դեպքում կարեւորը զուտ անձնական շահն է: Սակայն ո՛չ Հայաստանի համար: Հայաստանի համար ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ հատկապես Թուրքիան տեսանելի ապագայում չեն կարող լինել այդպիսին: Դա նույնն է, թե գառն ու գայլը (հատկապես երկրորդի առումով) լինեն լավ գործընկեր: Իհարկե, եթե գան այնպիսի ժամանակներ, երբ Հայաստանը դառնա ավելի հզոր, քան այսօր Իսրայել պետությունն է, այդ ժամանակ Թուրքիան կարող է վերածվել լավ գործընկերոջ: Բնականաբար, ցեղասպանության մեղքն ընդունելուց եւ պատասխանատվություն կրելուց հետո: Իսկ մինչ այդ, անձնական ու թայֆայական շահերով առաջնորդվողներից բացի, միայն խիստ միամիտներն ու նիկոլապաշտները կարող են հավատալ նման տեսլականին:

Անցնենք առաջին հարցին՝ խաղաղ համաձայնագրի տեքստի պատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը համաձայնեցնելուն: Կարծում եմ, որ այս հարցում պետք է մի կողմ դրվեն ձեւականությունները: Այսինքն՝ Փաշինյան Նիկոլը կարող է պարզապես խնդրել իր երբեմնի կիրթ գործընկերոջը, որ վերջինս միանգամից պատրաստել տա համաձայնագրի տեքստը: Որովհետեւ ի՞նչ իմաստ ունի սկզբում աշխատանքային խումբ ստեղծելը, հետո խմբի անդամների միջեւ հանդիպումներ անցկացնելը եւ վերջում միայն համաձայնագրի տեքստ գրելը: Եթե այդ ամենը կարելի է բաց թողնել՝ արագացնելու համար խաղաղության դարաշրջանի մեկնարկը: Որը Փաշինյան Նիկոլի երազանքն է եւ որը, որքան ժամանակն անցնում, այնքան, Նիկոլի խոստովանությամբ, անընդհատ խնդիրների է բախվում: Իսկ խնդիրներ առաջանալն էլ Փաշինյան Նիկոլին ստիպում է անսասան ոգի եւ համառ կամք ցուցաբերել այդ ամենը հաղթահարելու եւ իր առջեւ դրված նպատակին հասնելու համար: Դա՝ մեկ, եւ երկրորդ. խայտառակ պարտությունից հետո Իլհամի մտքով ինչ անցել է, Նիկոլից ստացել է: Իլհամը ստացել է նույնիսկ այն, ինչ երբեւէ մտքով չի անցկացրել. օրինակ՝ «դժբախտ ու դժգույն» Շուշին: Այնպես որ, ինչ էլ գրվի խաղաղության համաձայնագրում, ընդունելի կլինի Փաշինյան Նիկոլի համար: Ինչը նշանակում է, որ ճիշտն անմիջապես ադրբեջանցիների կողմից, բնականաբար՝ Թուրքիայի հովանավորությամբ, տեքստ գրելն ու Նիկոլին ներկայացնելն է: 

Ուրիշ հարց, որ, կրկնվեմ, այդ ամենը բացարձակ ընդունելի չի կարող լինել Հայաստանի համար, սակայն այդ առումով ոչինչ անել չենք կարող: Չենք կարող, քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Մնում է այդ անձին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելը՝ նրան մերժելու միջոցով: