Սիրուհուն ներկայացել է որպես զինվորական դատախազի տեղակալ ու շորթել

Սիրուհուն ներկայացել է որպես զինվորական դատախազի տեղակալ ու շորթել

Սարգիս Մխիթարի Սարգսյանը մեղադրվում է իր սիրուհուց խաբեությամբ 1.920.000 ՀՀ դրամ շորթելու մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Սարգիս Սարգսյանի դատաքննությունը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, նախկինում դատապարտված՝ լինելով դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, ունենալով չմարված դատվածություն, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հոկտեմբեր ամսին համացանցի «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Ռիմա Սմբատի Գրիգորյանի հետ, թաքցրել է իր կողմից նախկինում ամուսնացած լինելու և խնամքին երեք երեխաների առայության հանգամանքը, առաջարկել է հետագայում ամուսնության նպատակով խորացնել հարաբերությունները։

Սրանից հետո, Ռիմա Գրիգորյանի մոտ վստահություն առաջացնելու և իբրև իր կողմից լայն կապեր ունենալու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով ներկայացել է որպես զինվորական դատախազի տեղակալ, ապա, Ռիմա Գրիգորյանի մոտ ստեղծած վստահությունը խորացնելու և իր ունեցած հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով նույն ամսին, գործով չպարզված օրը, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հանդիպել է վերջինիս և նախապես տեղեկացված լինելու Ռիմա Գրիգորյանի կողմից Շիրակի մարզի աղետի գոտու բնակչուհի լինելու հանգամանքի մասին, վերջինիս առաջարկել է իր օգնությունը` իբրև «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակններում որպես աղետի գոտու բնակչուհի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բնակարան ձեռք բերելու հարցում, որից հետո, ստանալով Ռիմա Գրիգորյանի համաձայնությունը` իբրև պարտադիր վճարումներ կատարելու և բնակարան ստանալու գործընթացն արագացնելու պատրվակով 2018 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ռիմա Գրիգորյանից պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ գումար, սակայն, չարաշահելով վերջինիս վստահությունը, խաբեությամբ հափշտակել է այն` Ռիմա Գրիգորյանի պատճառելով խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքի վնաս: