Օրենքները չեն արգելում, եթե բռնել են ավտորիտարիզմի ճանապարհը

Օրենքները չեն արգելում, եթե բռնել են ավտորիտարիզմի ճանապարհը

«Հրապարակը» զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

Մեր զրուցակցին նախ խնդրեցինք ամփոփել ընդդիմության պայքարի ընթացքը։ «Մայիսի 1-ից ընդդիմադիր ուժերը՝ դիմադրության շարժման ձեւաչափով, հավաքների ազատության հիմնարար սահմանադրական իրավունքն էին իրացնում, որը, իմ գնահատմամբ, արդարացի էր, որովհետեւ երկրում մի շարք անվտանգային ու անկյունաքարային խնդիրներ կան գրեթե բոլոր բնագավառներում։ Այդ թվում, եթե արձանագրում ենք փաստացի, որ ունենք իրավիճակ, որ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է խարխլված ու վտանգված, ու մի  շարք իրավական գործընթացների ոչ իրավական  պրոցեսի ենք ականատես եղել՝ որպես էպոպեա ստորագրված միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի, որոնք մեր պետական վավերացման գործընթացը չեն անցել։ Այն դեպքում, երբ մեր Սահմանադրությունը նախատեսում է, որ  քաղաքական եւ ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը պետք է ներպետական վավերացում անցնեն։ Այն ենթադրում է Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այնուհետեւ՝ ԱԺ-ի կողմից վավերացման գործընթացը»,- նշեց Գոհար Մելոյանը։ 

Սահմանադրագետի խոսքով, այն խնդիրները, որոնք արժանի են հանրության ուշադրությանը եւ մեր հայկական հանրությունը, պետականությունը կանգնեցրել են լրջագույն սպառնալիքների առջեւ՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական-սոցիալական, թե՛ առողջապահական եւ հատկապես իրավական առումներով, խարխլում են իրավական պետության հիմնասյուներն ու սկզբունքները։ Սակայն իշխանությունը որոշել է պատժել ընդդիմությանը՝ իր իրավունքներն իրացնելու համար։
«Այս պրոցեսին զուգահեռ, երբ  ընդդիմադիր պատգամավորները սահմանադրական իրենց հիմնարար իրավունքներն էին իրացնում, մեկնարկեց պատգամավորներին մանդատներից զրկման պրոցես։ Ճիշտ է՝ Սահմանադրությունը նման հնարավորություն թույլ է տալիս։ Այս պրոցեսը մեկնարկել էր, այսպես կոչված,  մեկ օրացուցային  կիսամյակում՝ պատգամավորների նիստերից ու քվեարկություններից բացակայության հիմքով։ Ընթացակարգը հետեւյալն է․ համապատասխան պրոցեսը մեկնարկելուց հետո ԱԺ խորհրդում որոշում է կայացվում՝ դիմել Սահմանադրական դատարան, իսկ իշխող ուժը՝ ՔՊ խմբակցությունը, ունի այդքան անհրաժեշտ ձայն, որպեսզի այդ պրոցեսը մեկնարկի ու այնուհետեւ ուղարկվի ՍԴ։ Սակայն պետք է ընդգծեմ, որ սա մի քանի կողմ ունի՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական։ Առաջին հերթին արդեն իսկ խնդրահարույց է իշխող ուժի տեսանկյունից, որ իրենք բացարձակ մեծամասնություն են կազմում։ Օրենսդիր մարմնում ունենք իրավիճակ, երբ ձեւավորվել է մի իշխանություն, որը չունի կոալիցիոն գործընկեր ո՛չ գործադիր եւ ո՛չ էլ օրենսդիր իշխանությունում։ Եվ շատ վտանգավոր իրավիճակ է առ այն, որ եթե 2015 թ․ սահմանադրական բարեփոխումների հիմնական անկյունաքարային փոփոխությունն այն էր, որ մենք անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձեւաչափին, դա ենթադրում էր, որ խորհրդարանի  դերը պետք է բարձրացվի, եւ խորհրդարանը պետք է վերահսկողություն իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ»,- ասաց սահմանադրագետը։

Մելոյանն ընդգծում է, որ այսօր հակառակ պատկերին ենք ականատես լինում՝ խորհրդարանը կառավարվում է գործադիր իշխանության կողմից եւ, ըստ էության, ծառայություններ է մատուցում գործադիր իշխանությանը։

«Այդ մասին են վկայում հիմնական լիազորությունը, օրենքների ընդունման պրոցեսը, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը, որն այս վերջին 4 տարիների ընթացքում բավականաչափ նորմայից դուրս եկած է՝ մեղմ ասած։ Եթե, օրինակ, մենք ունենք մի շարք միջազգային  չափորոշիչների հիման վրա բարեփոխված օրենսդրություն՝ մասնավորապես նորմատիվ իրավական ակտերի մասով նախագծեր, հանրային քննարկումներ, օրենսդրական նախաձեռնություններ՝ հատկապես հանրային-հասարակական հարաբերությունների լայն շրջանակներին առնչվող, օրենքներին վերաբերող հանրային լսումներ եւ այլն, ապա այս ամենը մեծապես այլեւս չի կիրառվում։ Օրենքների մեծամասնությունը զուտ  քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է ընդունվում, ինչին եւ առերեսվում ենք այսօր։ Օրենքը բերվում է արտահերթ կարգով, արտահերթ նիստ է հրավիրվում, եւ մեկ-երկու օրում անկյունաքարային նշանակության կարգավորումներ են փոփոխության ենթարկում»,- ասաց սահմանադրագետը։

Նրա գնահատմամբ՝ պատգամավորներին մանդատից զրկելու պրոցեսը որպես հերթական անգամ հանրության վրա ազդելու մանիպուլյատիվ «պատժիչ գործիք» է օգտագործվում։ «Ես կարծում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն այնպես չէ, որ կառչած են իրենց մանդատներից, եւ համոզված եմ, որ հարկ եղած ժամանակ իրենք կհրաժարվեն այդ մանդատներից։ Ուղղակի մի քանի հարց կուզեի բարձրացնել․ նախ՝ մոլորություն էր տարածված հատկապես 2021 թ․ ընտրություններից հետո, որ եթե, օրինակ, ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնեն։ Նախ պետք է ընդգծեմ, որ, ըստ ցուցակի, այդ նույն խմբակցությունների հաջորդական համարներն են շարունակում։ Կա մոլորություն, որ եթե այդ  ուժերը չներկայացվեն խորհրդարանում, ավելի պակաս ձայն հավաքած ուժերը հնարավորություն կունենան ներկայացվածություն ունենալու, բայց սա որեւէ կերպ իրականությանը եւ օրենսդրական կարգավորումներին չի համապատասխանում։ Եվ եթե որեւէ անձ, ըստ ցուցակի, չստանձնի մանդատը, մեր երկրում մասնակի քաղաքական ճգնաժամ է  ստեղծվելու՝ առ այն, որ օրենսդիր մարմնում ներկայացված կլինի բացառապես մեկ ուժ։ Հակառակը՝ բացառապես մեկ ուժ միանձնյա կարող է ստանձնել գործադիր եւ օրենսդիր մարմինների իշխանությունը։ Իսկ ես պատահական չեմ նշում, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիրը կառավարում է օրենսդիրին, եւ դա մեզ տանում է դեպի ավտորիտար ռեժիմի ձեւաչափ։ Երբ օրենսդիրն ու գործադիրը միահյուսված են, սա հենց ավտորիտար իրավիճակ է, քանի որ ժողովրդավար, իրավական պետության հիմնական հենասյունն իշխանությունների տարանջատման սկզբունքն է, այսինքն՝ իշխանության ճյուղերը վերահսկում եւ հակակշռում են միմյանց, ու պատահական չեն այն մանրամասն կարգավորումները, որ տրված են թե՛ Սահմանադրությամբ, թե՛ սահմանադրական օրենքներով։ Հենց այդ բալանսի ապահովումն է ժողովրդավարական, իրավական պետության հիմնական հենասյուներից մեկը։ Բայց, այո, իրենք հնարավորություն ունեն առավել ակտիվ պատգամավորներին մանդատներից զրկելու, եւ, ամեն դեպքում, ես չեմ զարմանա՝ իրավական գործիքակազմն իրենք ունեն։ Եվ ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական տեսանկյունից էլ իրենց համար կառավարելի մարմիններն ունեն, որպեսզի կյանքի կոչեն այդ ծրագիրը»։