«Հրապարակ»․ Եկեք ժողովրդի տեղը չորոշենք

«Հրապարակ»․ Եկեք ժողովրդի տեղը չորոշենք

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դրժեցին իրենց խոսքը, հրաժարվեցին  Հայրենիքի փրկության շարժման օրակարգից եւ համաձայնեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ  ընտրությունների գնալ:

«Ոչ մեկ ոչ մի բան չի դրժել, Հայրենիքի շարժման օրակարգը եղել է վարչապետի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Իսկ ժամանակավոր կառավարությո՞ւնը՝ Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ: «Մնացյալը տեխնիկական հարցեր են, այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է, որ իրավիճակը շուտափույթ հանգուցալուծվի, եւ երբ որ խոսվում է իշխանության հեռանալու մասին եւ այլն, դա պետք է արվի ամենակարճ տարբերակով, իսկ դա արտահերթ ընտրություններն են»,- ասաց Աբովյանը։ Վստա՞հ եք, որ արտահերթով իշխանությունը կհեռանա, չի գործադրի վարչական լծակները: «Ես վստահ եմ, որ չի կարելի հապաղել, այ, դրանում վստահ եմ, եւ պետք է անել ամեն ինչ, որ այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի»։ Իսկ եթե իշխանությունը վերարտադրվի՞․․․ «Գիտեք, եկեք ժողովրդի տեղը մենք չորոշենք»։ Ես Ձեր՝ որպես ժողովրդի մի մասնիկի կարծիքն եմ հարցնում: «Իմ կարծիքն այն է, որ չի վերարտադրվի։ Իսկ հետո՝ «եթե»-ով չի, էլի, եթե վաղը միջուկային պատերազմ սկսվի՞»,- խոսքը կիսատ թողեց ու հեռացավ Աբովյանը։

Չնայած Ծառուկյան-Փաշինյան համաձայնությանը, ՀՓՇ անդամ երկու կուսակցություններից՝ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից երեկ հայտարարեցին, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում, հատկապես որ այս իշխանությունը կարող է հերթական անգամ ստել։