Որովհետեւ դիլետանտների մի կույտ է հավաքվել այնտեղ

Որովհետեւ դիլետանտների մի կույտ է հավաքվել այնտեղ

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է։

- Ադրբեջանը տարատեսակ ստեր է տարածում՝ տարատեսակ հարթակներում: Իր երկրի շահերի տեսանկյունից վարում է բավականին արդյունավետ քաղաքականություն: Անգամ Լաչինի միջանցքի հետ կապված գրում են, որ Արցախի ճանապարհը փակ չէ, հայերն են իրենց շրջափակել, հայերն են կրակում: Կարճ ասած` ադրբեջանական քարոզչամեքենան իր սեւ գործն է անում, հայկական կողմը լռում է, թշնամի պետության ստերը ջրի երես չի հանում: Ինչո՞ւ:

- Անցյալում նախագահի աշխատակազմին կից հասարակության հետ կապերի կենտրոն կար, որը զբաղվում էր նմանաբնույթ հարցերով: Այսինքն` հայկական կողմը վերահսկում էր աշխարհասփյուռ մամուլը, բացահայտում Ադրբեջանի ստերը եւ վայրկենապես արձագանքում դրանց: Ադրբեջանական ստերին տարբեր եղանակներով էինք արձագանքում՝ պաշտոնական մակարդակով, հոդվածների եւ տարատեսակ տեքստերի, գրքերի եւ ֆիլմերի տեսքով: Այսինքն` մարդիկ աշխատավարձ էին ստանում՝ Ադրբեջանի կեղծ տեղեկությունների ազդեցությունը կանխելու համար: Հասցվում էր Ադրբեջանին հակահարված, եւ նեյտրալիզացվում էին ստերը: Այդ հարցով զբաղվում էին նաեւ մեր դեսպանատները` աշխարհով մեկ: Նրանց գործառույթների մեջ մտնում էր տեղի մամուլի հետ աշխատանք տանելը: 2018 թվականից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սկսեց այդ կառույցը քանդել: Եթե հիշում եք` եկավ Հովհաննես Մովսիսյանը, որն ամբողջովին փոխեց ՊՈԱԿ-ի գործառույթները՝ այն վերածելով ծույլ իշխանավորների քարտուղարության: Այսինքն՝ այն գործերով, որոնցով պետք է զբաղվեին գերատեսչությունների մամուլի քարտուղարները, այդ գործառույթները դրվեցին ՊՈԱԿ-ի վրա: Մամուլի քարտուղարները, ոչինչ չանելով, աշխատավարձ են ստանում: Նիկոլ Փաշինյանը քանդեց բոլոր այն գերատեսչություններն ու կազմակերպությունները, որոնք զբաղվում էին նման հարցերով: Հովհաննես Մովսիսյանն ասաց` այսուհետ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ փոխվել է, եւ մենք չենք կարող անել քայլեր, որոնք կզայրացնեն Ադրբեջանին: Այսպիսով այդ ՊՈԱԿ-ը փակվեց:

- Բայց գործում է կառավարությանն առընթեր տեղեկատվության ՊՈԱԿ-ը: Ինչո՞վ է զբաղվում այն:

- Ոչ մի նորմալ հոդված այս տարիների ընթացքում չեմ տեսել, որ այդ ՊՈԱԿ կոչվածը հրապարակի: Առհասարակ, ոչ մի աշխատանք չեմ տեսնում: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, բոլոր այն մարդկանց, որոնք զբաղվում էին նման հարցերով, խնդիրներով, դուրս մղեց համակարգից: Նրանց փոխարինելու են եկել մարդիկ, որոնց գործառույթները պարզապես անհասկանալի են: Ես չգիտեմ, թե հիմա ինչով են զբաղվում ՊՈԱԿ-ում: Դեռ 2017-ին ՊՈԱԿ-ների միավորման որոշումը կայացվեց (նախագահականի եւ կառավարության՝ Հ․ Գ․), սակայն նախքան 2018-ի իշխանափոխությունը, ՊՈԱԿ-ն իր գործառույթները կատարում էր՝  մենք գրքեր էինք գրում, հոդվածներ հրապարակում, դրանք տարածում: Հայաստանի մասին խոսվում էր աշխարհով մեկ, եւ կանխվում էր ադրբեջանական ստերի տարածումը: Հիմա ոչ մեկը չի զբաղվում այդ հարցերով, որովհետեւ դիլետանտների մի կույտ է հավաքվել, որը փորձում է այժմ պետական քարոզչություն տարածել, թե իբրեւ ղարաբաղցիները պետք է Ադրբեջանի կազմում լինեն, որ դա արդար որոշում է: Ադրբեջանն էլ ասում է` իմ կազմում պետք է լինեն, ուրեմն կանեմ այն, ինչ ուզում եմ: Կկրակեմ, ինչ պետք է, կանեմ, եւ ոչ մի հակազդեցություն չի լինի: Դա պետական ծրագիր է, որը կյանքի է կոչում անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր տերերի հրահանգով: Ինչ վերաբերում է այդ ՊՈԱԿ կոչվածին, պետք է դիմել Գոռ Ծառուկյանին եւ ասել` տղա ջան, դու ինչի՞ համար ես աշխատավարձ ստանում, ո՞րն է քո աշխատանքի բնույթը: Հսկայածավալ գումարներ է հատկացվում այդ կառույցին, կա՞ մեկը, որ կարող է ցույց տալ վերջին 5 տարիների ընթացքում այդ կառույցի կատարած աշխատանքները: Մենք ամեն տարի պարտավոր էինք տարեվերջին ցույց տալ հասարակությանը, թե ինչով ենք զբաղվել տարվա ընթացքում: Կայքեր էին ստեղծվում, գրքեր էին գրվում, ֆիլմեր էին ստեղծվում, հոդվածներ հրապարակվում: Մենք ամեն տարվա դեկտեմբերին մամուլի ասուլիս էինք հրավիրում եւ հասարակությանը զեկուցում, թե ինչով ենք զբաղվել: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե իր հարկերի հաշվին ապրող կառույցն ինչով է զբաղվում: Վերջին աշխատանքը, որ այդ ՊՈԱԿ-ը դուրս է թողել ասպարեզից, իմ պրոյեկտն էր՝  «Վերադարձ» ֆիլմը, որի աշխատանքները սկսել եմ 2017 թվականին, ավարտել 2019-ին։ Նույն այդ ՊՈԱԿ-ը որոշեց, որ պետք չէ իրենց: Մեկուկես ժամանոց ֆիլմ էր, որը պատմում էր Արցախի մասին` Արցախը պատերազմից 20 տարի անց, խոսք անգամ չկար Ադրբեջանի վայրագությունների մասին, սակայն արխիվացրին ֆիլմը: Հասցրի միայն ֆիլմի պրեմիերան կազմակերպել, մի քանի անգամ ֆիլմը ցուցադրել Ստեփանակերտում, մեկ անգամ՝ Երեւանում եւ մեկ անգամ էլ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ։

Ուզում եմ նաեւ խոսել հակաադրբեջանական քարոզչության մասին, որոնք այսօր մարդիկ իրականացնում են իրենց սեփական միջոցներով, առանց պետական աջակցության: Պետությունն անգամ այդ աշխատանքները չի պրոպագանդում, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում իրականում: Վերջերս Գառնիկ Դավթյանը նոր աշխատություն հրապարակեց` «Հայատյացությունը՝ Ադրբեջանում», որը բառի ամենաուղիղ իմաստով անտեսվեց պետության կողմից: Նախկին իշխանությունների ժամանակ Գառնիկ Դավթյանին կհրավիրեին, ինչով կարողանային, օգտակար կլինեին, աշխատանքն անմիջապես կցրվեր դեսպանատներով եւ միջազգային գրադարաններով, այնպես, ինչպես եղավ իմ եւ Անժելա Էլիբեգովայի գրքի հետ, որի օրինակը պահվում է անգամ Կոնգրեսի գրադարանում` տարբեր լեզուներով: Այսինքն` մեր աշխատանքները պետության ջանքերի շնորհիվ հայտնվում էին կարեւոր կառույցներում: Ասեմ ավելին` աշխատանքներ են եղել, որ անձամբ Արմեն Աշոտյանն է տարել Բաքու եւ տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչներին հանձնել:

- Իսկ ինչո՞ւ են դեսպանատներն այսօր այսքան պասիվ:

- Որովհետեւ այսօրվա դեսպանները գնացել են տարբեր երկրներ կայֆեր անելու, ոչ թե աշխատելու: Նրանցից շատերն անգամ չունեն պատկերացում, թե որն է դեսպանի գործառույթը: Մեկ-երկուսն են նորմալ աշխատում, անունները չտամ, որ հանկարծ աշխատանքից չազատեն: Օրինակ` Լիլիթ Մակունցը, որ գնաց ԱՄՆ, նրա գործունեությունից ինչ-որ բան հասկանո՞ւմ եք: Պատերազմ ենք պարտվել, տարածքներ ու զինվորներ ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել, 120 հազար մարդ սովի է մատնվել, Լիլիթ Մակունցի ձայնը որեւէ մեկը լսե՞լ է: Նա գնացել է ԱՄՆ՝ ուղղակի կայֆեր անելու, չունի ոչ մի գործառույթ: Գործ չանելու պատճառներից մեկն էլ այն է, որ նա չգիտի, թե ինչ բան է դեսպանի գործառույթը: Կամ՝ մի Վաղարշակ Հարությունյան կա, զրոյական նախարար է եղել, հիմա էլ զրոյական դեսպան է: