ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը՝ Արցախյան ընտրությունների մասին

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը՝ Արցախյան ընտրությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադարձել է մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններին առնչվող հարցին, որն ուղղվել է «Москва-Баку» կայքի կողմից։ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի համար ելակետ է այն, որ ընտրությունները անհրաժեշտ են, որպեսզի բնակչության կենսագործունեությունը նորմալ հնարավոր լինի ապահովել։

«Սրանով հանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Վերջինիս կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների արդյունքում, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն»,- ասել է նա։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաեւ նկատել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների մասով գոյություն ունի նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը եւ հավելել է, որ Մոսկվան չի կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա գործընթացը ինչ որ կերպ կախված է այդ միջոցառումից։