Բժիշկներն առաջարկել են Գրիգորյանի սենյակում «տրենաժոր» դնել

Բժիշկներն առաջարկել են Գրիգորյանի սենյակում «տրենաժոր» դնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդության քննությունը։ Մեղադրող կողմի պնդումներին, թե Գրիգորյանի վիճակն այնքան ծանր չէ, որպեսզի կալանքի հետ անհամատեղելի լինի, պատասխանել ուզեց Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը․

«Յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ, երբ պաշտպանական կողմը միջնորդություն է անում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, մեղադրող կողմն ասում է, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող պահել պատշաճ վարքագիծ։ Ինձ շատ հետաքրքիր է, էդ որտե՞ղ է մեղադրող կողմը տեսել Մանվել Գրիգորյանի բացասական վարքագիծը։ 2018 թվականի վերջ- 2019-ի սկիզբ՝ մեկ ամիս, Մանվել Գրիգորյանը գտնվել է ազատության մեջ։ Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք մեղադրանքի կողմը ստացե՞լ է ինչ-որ զեկույց կամ ինչ-որ մի բողոք, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ գտնվելով, իրեն ոչ պատշաճ վարքագիծ կամ պահելաձև է ցուցաբերել։ Բացի այդ, մեղադրող կողմը նշում է, թե բոլոր բժիշկ փորձագետները նշել են, թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր չէ, վերջում էլ գրված է, որ կարող է կյանքին վտանգ սպառնալ։ Հիմա եթե էդ մարդու առողջական վիճակը ծանր չէ, էդ ինչի՞ց պիտի մահանա, հենց էնպե՞ս պիտի որոշվի, որ պիտի մահանա։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է կալանք կրելու ընթացքում, և կապ չունի, թե նա կալանավայրո՞ւմ է եղել, թե՞ հիվանդանոցում։ Անընդհատ մատնանշում են՝ «Ձեր ընտրած լավագույն հիվանդանոցը, ի՞նչ տարբերություն կալանավայրի սենյա՞կը, թե՞ հիվանդանոցի սենյակը։ Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում․ եթե սահմանափակված է նրա շարժվելու իրավունքը, սահմանափակված է արևի լույսը, մաքուր օդը։ Էսօր բժիշկներն ինձ հետ քննարկում են, ասում են՝ գուցե բերենք տրենաժոր դնենք սենյակում, որ կարողանա քայլել, որ ոտքերը լրիվ հետ չգնա»,- ասաց Ամիրյանը։