Մինչև Նոր տարի նեղանալ չկա

Մինչև Նոր տարի նեղանալ չկա

Зограб Грачевич, совсем этот ГАИ тебя не уважает, слуши… Անգլերեն ասած՝ «Zohrab Grachevich, this traffic police does not respect you at all… Թե ինչու եմ օտար լեզվով ասում այս ամենը, հետո կմեկնաբանեմ, իսկ առայժմ «դալշե» լսեք:

Հա, չմոռանամ ներկայանալ՝ «Լրագրող վարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ: Կազմակերպության անվանումը Ձեզ ոչինչ չի ասի, կարող եք անտեղի «չգուգլել»: Ես եմ այն հիմնադրել իմ սեփական միջոցներով՝ ՀՀ «Traffic police»-ի կյանքը ուրախ դարձնելու նպատակով: Չեք պատկերացնի, թե մեր ոստիկանության սույն բաժանմունքում ինչ հրեշտակներ են աշխատում՝ միանգամայն զուրկ հումորի զգացումից: Որոշել եմ նրանց վրա աշխատել այդ ուղղությամբ: Առայժմ բան չի ստացվում, բայց ես, ինչպես տեսնում եք, հույսս չեմ կորցրել:

Իսկ ո՞վ է Զոհրաբ Հրաչիկովիչը: Ասեմ, որ նա մեր հանրությանն առավել հայտնի է որպես Զոհրաբ Մնացականյան՝ ՀՀ արտգործնախարար: Դա այն մարդն է, որ նստում է մի շենքում, որտեղ կան զանազան այլ նախարարություններ և որտեղ, ներողություն արտահայտությանս համար, շունը տերը չի ճանաչում: Մի անգամ գնացել էինք այնտեղ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դուրս քաշեինք, բայց պատահաբար ուրիշ նախարար ընկավ ձեռքներս… Ի՞նչ պետք է անեինք, հո չէի՞նք ուտելու, ներողություն խնդրեցինք ու բաց թողեցինք…

Թեմայից չշեղվեմ… Վստահաբար, ձեզ արդեն տանջում է այն հարցը, թե ինչ կապ ունի ՀՀ արտգործնախարարը ճանապարհային ուստիկանության հետ: Բացատրեմ: Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, բոլորովին վերջերս, վերանայելով իմ բողոք-դիմումի «քննարկման արդյունքում ստեղծված» նյութերը, պարզել է, որ իմ բողոքն անհիմն է, որ ես, հոյտեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյան փողոցում շուրջ 80 վայրկյան կանգառ եմ կատարել «երկրորդ շարքով» և, հետևաբար, ենթակա եմ տուգանքի՝ 5 հազար դրամի չափով: Խնդիր չկա, ընդունում եմ: Բայց ամբողջ հարցն այն է, որ իմ բողոք-դիմումը բոլորովին այլ բանի մասին էր, ավելի ստույգ՝ ՀՀ արտգործնախարարությունում այդ օրը, այդ ժամին նշանակված մի հանդիպման, որին պետք է ներկա լիներ նաև մի արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյա, որին Երևանի պոռնոգրաֆիկ երթևեկության պայմաններում իմ մեքենայով մի կերպ հասցրել էի ԱԳՆ:

Ես իմ սրտառուչ դիմումի մեջ պարոն Կարապետյանին բացատրել էի, որ կանգառը երկարել է զուտ այն պատճառով, որ ստիպված եմ եղել հենաշարժական լուրջ խնդիրներ ունեցող այդ օտարերկրացուն ուղեկցել մինչև արտգործնախարարության վերելակ, ապա ստիպված սպասել հանդիպման ավարտին, որովհետև չկար երաշխիք, որ կկարողանայի ավելի ուշ վերադառնալ նույն տեղը և նրան հասցնել օդանավակայան: Ես այսքան բան եմ պատմել պարոն Կարապետյանին, իսկ նա ինձ պատասխանել է, որ 80 վայրկյան կանգնել եմ արտգործնախարարության մուտքի մոտ:
Պարոն Կարապետյան, նախ՝ ես չեմ գրել, որ կանգնել եմ մեկ րոպեից էլ պակաս:

Ավելին ասեմ՝ 80 վայրկյանից էլ երկար եմ կանգնել, մոտ 1 ժամ, որովհետև հայտնի չէր, թե երբ կավարտվի արտգործնախարարի հետ հանդիպումը: Իմ դիմումը Ձեզ պետք է հիմք տար ոչ թե վայրկյանաչափին նայելու, այլ մտածելու՝ ՀՀ քաղաքացին միտումնավո՞ր է կատարել այդ խախըումը, թե՞ որոշակի անհաղթահարելի  հանգամանքներով պայմանավորված: Ձեզ համար ավեկի հեշտ է, իհարկե, քաղաքացուն դեմ տալ օրենքը. «Եթե վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պատասխանատվությունը դրվում է այդ անձի վրա»: Դա մենք էլ գիտենք, բայց կարո՞ղ եք ասել, թե ինչու պետք է քաղաքացին ապացուցի իր անմեղությունը, եթե խնդիրը վերաբերում է պետական երկու գերատեսչությունների չհամաձայնեցված գործողություններին: Այսուհանդերձ, եթե պարոն Կարապետյանը շատ է պնդում, կարող եմ նրա աշխատասենյակիղ զանգել արտգործնախարար Մնացականյանին և հեռախոսը փոխանցել իրեն: Թող մի կուշտ շփվեն երկրի արտաքին խնդիրների և Վազգեն Սարգսյան փողոցում երթևեկության կաթվածահար վիճակի շուրջ: