Հայաստանը՝ տարածաշրջանային քաոսի խաչմերուկում

Հայաստանը՝ տարածաշրջանային քաոսի խաչմերուկում

«Արաբական գարուններով» սկիզբ առած, Թունիս, Ալժիր, Եգիպտոս, Եմեն երթուղով Սիրիա հասած փոփոխությունների ալիքն ընդամենը սկիզբն էր այն մեծ վերադասավորումների, որ դեռ լինելու են Երկիր մոլորակի մեզ հայտնի տարածքներում։ 

Որ Սիրիայից հետո վերադասավորության հաջորդ թնջուկը լինելու էր Կովկասում՝ ամենամոտ ապագայում ներքաշելով նաեւ Թուրքիային, գոնե ինձ համար պարզ է շատ վաղուց։ Քանիցս այս մասին ասել եմ մտերիմներիս։ Մոլորակը կառավարող ուժերի կողմից իրագործվող այս ծրագիրը, իհարկե, ամեն տարածաշրջանում ունի տեղական սպասարկուները, որ իշխանափոխություն-հեղափոխության արդյունքում տապալելով նշված երկրներում իշխանությունը՝ բազմել են նրանց տեղը՝ ամենատարբեր վատ ճակատագրերի արժանացնելով նախկին իշխանության ղեկավարներին։ Ասադին տապալել չհաջողվեց, իսկ ինչ եղավ տապալված պարագլուխների հետ՝ բոլորիս է հայտնի։ 

Ի՞նչ է լինելու Հայաստանում․ սա է այսօր մեր գերխնդիրը։ Երկիրն այսօր տարածաշրջանային քաոսի խաչմերուկում հայտնվելու վտանգի տակ է։ Դժվար չէ ենթադրել, որ իշխանությունը կորցրած նախկին էլիտան իր առաջնորդներով հայտնվել եւ դեռ հայտնվելու է հեղափոխության մամլիչի տակ։ Արդեն պարզ է, որ հեղափոխության հեղեղը սրբելու է որոշ ուժերի նաեւ ֆիզիկապես։ Լավ, ի՞նչ ենք ունենալու տապալված համակարգի փոխարեն․ սա է հարցերի հարցը։ Օր-օրի փոխվող աշխարհում ի՞նչ է լինելու Հայաստանի եւ Արցախի հետ, ի՞նչ արժեհամակարգով պետություն եւ ժողովուրդ ենք ունենալու արդյունքում։ Մերժել ենք տասնամյակների իշխանությունը, համակարգաստեղծ բարձրագույն պաշտոնյաներից ոմանք էլ անցնում են քրեական գործերով, երկրորդ նախագահը կալանավորված է․․․

Մի հարց եւս․ ինչո՞ւ են երրորդ հանրապետությունում իշխանության գալիս բերդերից՝ դրանով ամենաամուր թվացող ժողովրդավարական իշխանությունն էլ կասկածի տակ դնելով։ Մշտապես գործող իշխանությունների հետ պայմանավորվելու սովոր Ռուսաստանն արդյոք չի՞ պայմանավորվի Փաշինյանի հետ՝ Սեդրակիչ-Վլադիմիրովիչ եղբայրությունից սահուն անցում կատարելով Վովաեւիչ-Վլադիմիրովիչ եղբայրության։

Երբ տարիների հեռվից եմ նայում «Սասնա ծռեր» խմբավորման 2016 թ․ հուլիսյան գործողություններին եւ անմիջապես այնտեղ հասած Նիկոլ Փաշինյանի վարքին, միանգամայն այլ պատկեր է այն օրերի համեմատությամբ։ «Սասնա ծռերի» հետ քաղաքական գործունեությունից հրաժարվեց Պավլիկ Մանուկյանը, ով այն օրերին դրսում գտնվող իր կողմնակիցներին ՊՊԾ գնդի ներսից հրահանգել էր՝ Նիկոլին գցել աղբանոցը։ Իսկ հիմա՝ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է գնում «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ում ազատության պահանջով էին «ծռերը» մտել ՊՊԾ գունդ։

Այն, որ ՀՀ-ում իշխանության համար միշտ էլ լուրջ պայքար է եղել, գաղտնիք չէ։ Որ այդ պայքարին մասնակցել են տարբեր մեծ ու միջին խմբավորումներ, դա էլ տարբեր տարիների մամուլում լիուլի տիրաժավորված է։ Այսօր, հայացք ձգելով հետանկախության Հայաստանում քաղաքական իրադարձություններին, որպես հիմնական խաղացողներ կամ խաղը կառուցողներ՝ տեսանելի են մի քանի հոգի, 3 նախագահները՝ իրենց բացարձակ իշխանությամբ եւ քաղաքական-տնտեսական հնարավորությամբ, Վանոն ու Վազգենը։ Այս 5 անունների կողքին դժվարանում եմ նշել հավասար մեկին եւս, ով նույնքան ազդեցություն ունեցած լինի։ 

1999-ի հոկտեմբերի 27-ից եւ Վ․ Սիրադեղյանի քաղվտարանդիությունից հետո գնալով պարզ դարձավ, 2003-ից հետո էլ ակնհայտ էր, որ հետագա քաղաքական խաղը ՀՀ-ում կառուցվելու է երեք նախագահների եռանկյունու սկզբունքով․ դրան կարող էր եւ կարող է խանգարել միայն ֆորսմաժորը։ 

Արտաքին քաղաքական ստվերային առումով դժվար է ասել, բայց ներքին քաղաքականության մեջ, տեսանելի առումով, այդպես է։ Հիմնական խաղացողները նախագահներն են։ Հիմնադրված քաղկազմակերպությունները, իրենց առաջնորդներով, մեծամասամբ ծառայել եւ ծառայում են նախագահներին։ Քաղաքական գործընթացներից զատ, կա նաեւ տարիքի խնդիր, եւ սրանով է պայմանավորված նաեւ, որ նախագահներից յուրաքանչյուրը փորձել է աճեցնել իրեն փոխարինողին։ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի մասով փոխարինողի անունն այդքան էլ հայտնի չէ, իսկ, ահա, Սերժ Սարգսյանի համար պարբերաբար շրջանառվել եւ շրջանառվում է փեսայի՝ Միքայել Մինասյանի անունը։ Նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավարն էլ սեպտեմբերյան հեռուստահարցազրույցում չհերքեց Միքայել Մինասյանի շուրջ սպասվող կոնսոլիդացիաների մասին լուրը։
 

Այսօր տեղի ունեցող եւ ունենալիք մի շարք իրադարձություններ եմ ես նկատի ունեցել «Միքայել Մինասյանի ապագա իշխանությունն ուրվագծող 7-րդ ԱԺ-ն» («Հրապարակ», 2018թ․ դեկտեմբեր) հոդվածը գրելիս։ Գնալով ակնհայտ է դառնում թիվ մեկ շախմատիստի՝ ոսկերչական ճշգրտության խաղ վարելու կարողությունը։ Համենայնդեպս, առ այս պահը Սերժ Սարգսյանը կարողանում է ողջ քաղաքական դաշտն իր ներկապնակով օգտագործել հանուն Միքայել Մինասյանի ապագա անվտանգ իշխանավարման։ ՀՀԿ-ի իշխանության տարիներին մեծ լծակների տիրապետած մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցումն ու նրանց պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի իշխանության վճռականությունը եւս կարող է նպաստել Մ․ Մինասյանի ապագա իշխանության ամրապնդմանը։

Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ