Հիմա կոռուպցիայի դեմ պայքարու՞մ ենք, թե՞ չէ

Հիմա կոռուպցիայի դեմ պայքարու՞մ ենք, թե՞ չէ

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները երեկ երեկոյան հայտնվել էին կառավարության շենքի դիմաց եւ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանց դժգոհությունը կապված է դպրոցի տնօրենի՝ Շուշանիկ Ոսկանյանի նշանակման հետ։ Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ արդեն 200 ծնող ստորագրել է, որպեսզի նորանշանակ տնօրենին ազատեն աշխատանքից։ «Եթե Շուշանիկ Ոսկանյանին չհեռացնեն, երեխաներին հանելու ենք այդ դպրոցից, տանենք ուրիշ դպրոց»,- ասաց ծնողներից մեկը։ Վաղարշապատի այս դպրոցում արդեն քանի օր է՝ դասադուլ-գործադուլ է ընթանում։ Աշակերտներն ու նրանց ծնողները սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն: Դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Էսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:

Ի՞նչ նախապատմություն ունի Շուշանիկ Ոսկանյանը։ 2018 թվականի մայիսին՝ թավշյա հեղափոխությունից հետո, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցը մի մարդու պես պահանջեց տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը: Աշակերտներն ու նրանց ծնողները Ոսկանյանին մեղադրում էին կաշառակերության, դրամահավաքության, երեխաների հետ կոպիտ վարվելու մեջ: Բարձր դասարանցիները նույնիսկ գումարի չափի մասին էին խոսում՝ մինչեւ ծրարով 20 հազար դրամ չենք տալիս, քննությունից բարձր գնահատական չենք ստանում: Մինչեւ հեղափոխությունը դպրոցում այդ մասին լռել են. վախեցել են: Համարձակվել են խոսել միայն հեղափոխությունից հետ: Հասկանալով, որ հրաժարական չտալու դեպքում այլ մութ գործեր են ջրի երես դուրս գալու, Շուշանիկ Ոսկանյանը 2018-ի մայիսին, իր դիմումի համաձայն, դադարեցրեց լիազորությունները:

1,5 տարի անց Ոսկանյանի անունը նորից դրվեց շրջանառության մեջ, այս անգամ արդեն՝ Էջմիածնի 8-րդ հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում: Ինչպե՞ս է ստացվել, որ մրցույթում 1 ձայն պակաս ստացած Ոսկանյանն է նշանակվել։ Դպրոցում ասացին, որ կառավարման խորհրդի 8 հոգուց մեկը, որը ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն է մարզպետարանում, չի մասնակցել մրցույթին: 7 ձայնից 4-ն Էսթեր Գալստյանն է ստացել, 3-ը՝ Շուշանիկ Ոսկանյանը: Մրցույթը համարվել է անվավեր, քանի որ 5 նվազագույն ձայն հավաքող չի եղել: Մրցույթի արդյունքները ներկայացվել են փոխվարչապետին, որի առաջարկության հիման վրա էլ մարզպետարանում աշխատանքային պայմանագիր են կնքել կոռուպցիայի մեջ մեղադրվող ու 3 ձայն հավաքած Շուշանիկ Ոսկանյանի հետ:

Մենք պարզեցինք նաեւ, որ 8-րդ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն Արմավիրի մարզպետի խորհրդական, նախկին ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանն է: Եվս երկու անդամ, որոնք, ամենայն հավանականությամբ, քվեարկել են Ոսկանյանի օգտին, մարզպետարանի աշխատողներ են: Դե, իսկ երրորդը, որ ԿԳՄՍ ներկայացուցիչն է մարզպետարանում, բացակայել է մրցույթից:
Հենց այս սխեման է, որ կասկած է գցել դպրոցի աշխատակազմի սիրտը: Նվեր Պետրոսյանն էլ մարզում «մաքուր» մարդու համբավ չունի, եւ մարդկանց մոտ կասկածներն ավելի են խորացել։ Շուշանիկ Ոսկանյանը որոշել է ամեն գնով տնօրեն դառնալ՝ անգամ գյուղի համընդհանուր դիմադրության պարագայում:

Ստացվում է՝ կառավարությունը մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար է տանում, մյուս կողմից սողանցքներ թողում դրա համար: Անբացատրելի է այստեղ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի դերը. փորձառու ՀՀԿ-ականները «օբյեկտիվության եւ անաչառության» ջատագովին կա՛մ բարեխիղճ մոլորության մեջ են գցել, որ 3 ձայնը 4-ից մեծ է համարել, կա՛մ համոզել են, որ Շուշանիկ Ոսկանյանն անփոխարինելի է, ու դպրոցի տնօրենի պաշտոնում նրան չունենալը անդառնալի կորուստ կլինի հանրակրթության համար: