Արամ Հարությունյանից պահանջում են և՛«մուծվել», և՛ նստել, և՛ ցուցմունքներ տալ

Արամ Հարությունյանից պահանջում են և՛«մուծվել», և՛ նստել, և՛ ցուցմունքներ տալ

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն արդեն մոտ մեկ տարի է՝ փախուստի մեջ է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, որ նա այն անձն է, որի մասին ԱԺ ամբիոնից 2018-ի վերջին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ «վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի» առնչությամբ շուտով մեղադրանք է առաջադրվելու ԱԺ պատգամավորներից մեկին։ «100 տոկոսանոց ապացուցված գործ է, բայց մենք արդեն 2 ամիս մի պաշտոնական նամակի պատասխանի ենք սպասում: Որ օրը ստացվեց, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու»,- ասել էր ՀՀ վարչապետը։ Հաջորդ օրը եւեթ մամուլը բացահայտեց, որ խոսքը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է։ Իսկ օրեր անց պարզ դարձավ, որ Արամ Հարությունյանն անհետացել է անհայտ ուղղությամբ, եւ իրավապահները չեն կարողանում նրան գտնել։ Հիշեցնենք նաեւ, որ նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների եւ բողոքի հիման վրա։ Կարող ենք ասել, որ այս հանցագործի փախուստին նպաստեց անձամբ վարչապետը՝ լրագրողական հին սովորությամբ, ժամանակից շուտ առաջինը հայտարարելով սույն քրգործի մասին։ 

Գլխավոր մեղադրյալն այդպես էլ չգտնվեց, իսկ գործով մեղադրանք առաջադրվեց երեք անձի՝ Արաքս Դիլանյանին, Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, ում հաշվի համարներին կամ անձամբ փոխանցել է Սիլվա Համբարձումյանը՝ իր մատնանշած 14 միլիոն դոլարը: Շոշափվում էր նաեւ Սեւանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանի անունը, եւ Ս․ Համբարձումյանն ասում էր, որ 6 մլն դոլար էլ տվել է կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով: Այս անձանցից Արաքս Դիլանյանին, Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին կալանավորեցին, իսկ մյուսները փախուստի եւ հետախուզման մեջ էին։ Ընդ որում, կալանքից մի քանի օր անց Արմեն Խաչատրյանը ցանկալի ցուցմունքները տվեց եւ ազատվեց, ավելի ուշ փոխեցին Դիլանյանի խափանման միջոցը։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ կալանավորվեց ՄԱՊ-ի Ալիկը՝ Ալիկ Պետրոսյանը, որին նույնպես մեղադրում են Արամ Հարությունյանի հետ փողեր լվանալու մեջ։
Կրթության ազգային ինստիտուտի, բնապահպանության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, ով Արամ Հարությունյանի վաղեմի ընկերն է եւ հրաժարվեց նրա դեմ ցուցմունքներ տալուց, կալանքից ազատվել է ընդամենը 10 օր առաջ՝ մեկ տարվա ազատազրկումից հետո։ Այժմ դատաքննությունը շարունակվում է, որը հայտնի չէ, թե երբ կավարտվի։

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ չկա գլխավոր գործող անձը՝ գործը քննում են առանց նրա, ով, ըստ նախաքննության մարմնի, կատարել է բուն հանցանքը։ Եթե դատարանը չպարզի հանցագործության հանգամանքները եւ գլխավոր մեղադրյալի մեղքի չափը, ինչպե՞ս կարող է պարզել, թե նրան օժանդակած անձինք ինչ են արել եւ ինչ պատժի են արժանի։
Մեր տեղեկություններով, փախուստի մեջ գտնվող Արամ Հարությունյանն այս ողջ ընթացքում փորձել է բանակցել իրավապահների եւ իշխանությունների հետ՝ իր վերադարձի եւ մաքրվելու պայմաններն են քննարկել։ Մի պահ, նրա մերձավորները վստահ էին, որ հարցը լուծվում է, եւ շուտով ամեն ինչ կավարտվի, ինչպես ավարտվել է Սերժի Վաչոյի, Արմեն Ավետիսյանի եւ այլոց դեպքում։ Բայց պարզվում է՝ իշխանությունների ախորժակը մեծ է, եւ Բուլկի Արամն ի վիճակի չէ դա բավարարել։

Ինչ են պահանջում Արամ Հարությունյանից։ Մեր տեղեկություններով, իշխանությունը նրանից պահանջում է վճարել մեծ «փրկագին», ինչին նա պատրաստ է։ Մեզ ասացին, որ նա անգամ պատրաստ է հրաժարվել Տիգրան Մեծ փողոցում գտնվող հայտնի շենքից, որն անկախ գնահատողների կողմից գնահատվել է 22 միլիոն դոլար։ Պատրաստ է անգամ ուրիշ գույք էլ նվիրել պետությանը։ Բայց միայն նվիրատվությամբ հարցը չի լուծվի։ Նրանից պահանջում են ե՛ւ ունեցվածքը զոհաբերել պետությանը, ե՛ւ ներկայանալ իրավապահներին ու գնալ բանտ, եւ ամենակարեւորը՝ ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակվա այլ ղեկավարների դեմ։ Ահա, այս պահանջների փաթեթն է, որ իրագործման ենթակա չէ, ուստի Արամ Հարությունյանը շարունակում է թաքնվել քննությունից եւ սպասել, մինչեւ ինչ-որ բան կփոխվի։