Գործունեությունը դադարեցրած, երեք հոգանոց հիմնարկն ահռելի փողեր է տվել «Նաիրիտ 2»-ին եւ «Երեւան ՋԷԿ»-ին, մասնավորին

Գործունեությունը դադարեցրած, երեք հոգանոց հիմնարկն ահռելի փողեր է տվել «Նաիրիտ 2»-ին եւ «Երեւան ՋԷԿ»-ին, մասնավորին

Նոր տարվա առաջին որոշումներից էր «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի լուծարումը: Հիմնավորումն այն էր, որ ընկերությունն էլեկտրաէներգիա չի արտադրում, չունի գույք, որն օտարվել է դեռ 2015 թվականին, ունի շուրջ 14,343 մլրդ դրամի չհավաքագրված պարտքեր՝ էներգետիկ տարբեր ձեռնարկություններում, եւ ընդամենը երեք աշխատող: 

Հասկանալի է, որ նման ընկերությունը վաղուց պետք էր լուծարել եւ գումարը լցնել բյուջե: Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը հիշեցնում է, որ այս որոշումը բուն Որոտանի ՀԷԿ-երի համալիրի շահագործման հետ կապ չունի, քանի որ այն վաղուց մերը չէ եւ շահագործվում է ամերիկացիների կողմից: «Որոտանի» արտադրական հզորությունները 2015 թվականին վաճառվել են ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին: Ընկերությունը ՀԷԿ-երը գնել էր 180 մլն դոլարով եւ այժմ շահագործում է: «Ընկերության հաշվին մնացին դրամական միջոցներ՝ մոտ 3 մլրդ դրամ, մի բան էլ քիչ: Հիմա որոշում է կայացվել այդ պետական ընկերությունը լուծարել»,- ասում է Վահե Դավթյանը: 

Բայց եթե «Որոտան ՀԷԿ»-ի առքուվաճառքն ավարտվել էր դեռ 6-7 տարի առաջ, ինչո՞ւ այն ժամանակ ընկերությունը չէր լուծարվել: «Այդ ընկերության միջոցով «Նաիրիտի», Երեւանի ՋԷԿ-ի ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ի դեբիտորական պարտքերն են կառավարվել»,- պատասխանում է  փորձագետը: Ի՞նչ պարտքերի կառավարում է իրականացվել ՊՆ-ի ենթակայության տակ գործող ու վաղուց գոյություն չունեցող ընկերության միջոցով, գուցե փողերի լվացո՞ւմ: Վահե Դավթյանը չբացառեց, սակայն դժվարացավ պատասխանել: 

Եվ այսպես. ըստ կառավարության տվյալների, 2021-ի սեպտեմբերին «Որոտան ՀէԿ-երի համալիր» ՓԲԸ դրամական միջոցները կազմել են մոտ 2 մլրդ 805 մլն: Դրանց մի մասն ավանդադրված է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1 մլն 440 հազար ԱՄՆ դոլարի տեսքով, եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350,000.0 հազ. դրամ: Իր ունեցած փողից առավել ընկերությունը սեպտեմբերի դրությամբ ունի չհավաքած պարտքեր՝ շուրջ 14,343 մլրդ դրամ, որից մոտ 6 մլրդ դրամը հանդիսանում է «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 8 մլրդ դրամը՝ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 46,9 մլն դրամը՝ «Հեր-Հեր ՀԷԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը եւ 131 մլն դրամը՝ պետական բյուջեի պարտավորությունը: 

Ստացվում է, որ գոյություն չունեցող պետական ձեռնարկությունն ահռելի գումարներ է բաժանել գործող ու բարգավաճող ձեռնարկությունների՝ մասնավոր «Հեր-Հեր» ՀԷԿ-ին, չինական «Նաիրիտ 2-ին», «Երեւան ՋէԿ»-ին, որը գործող ձեռնարկություն է: 

Ինչո՞ւ, ի՞նչ եղան պետական այս փողերը, ո՞վ է հավաքելու դրանք, արդյո՞ք մեր էներգետիկայի ոլորտի կառավարիչները, քրեական մարմինները մտադիր են գնալ դրանց  հետեւից: Գրիչս էլ չի պտտվում՝ նշել ՏԻՄ-ում թաթախված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որը ոչ մի կերպ չի ասոցացվում ապաքաղաքական, լրջագույն գիտելիքներ ու կառավարման փորձ պահանջող էներգետիկ ոլորտի  հետ: 

Փաստորեն, կառավարությունն այստեղից-այնտեղից հավաքում է պետական ձեռնարկությունների հաշվեհամարներին մնացած գումարները եւ համալրում իր պահուստային ֆոնդն ու բյուջեն: Սակայն, կարծես, խուսափում է ավելի խոր վերլուծություններ կատարել առկա թվերի շուրջ, եթե պետք է, գնալ դրանց հետեւից ու հետ բերել: 

««Որոտան ՀԷԿ»-ը էներգահամակարգի փողի աղբյուրն էր: Բավական շատ ու էժան էլեկտրաէներգիա էր արտադրում: Այն ծախս չուներ, ու այնտեղ մշտապես փող էր կուտակվում: Այդ գումարները էներգահամակարգի կառավարիչները միշտ օգտագործել են իրենց նպատակների համար, ինչպես ուզել են»,- ասում է համակարգի մեր աղբյուրը: Նա եւս չբացառեց, որ 6-7 տարի շարունակ գույք ու աշխատող չունեցող պետական ընկերությունը, որը, այնուամենայնիվ, հաշիվներ ուներ բանկերում, ֆինանսական լվացքատուն է եղել: Այն կամայականորեն գումարներ է բաժանել, անհասկանալի տրամաբանությամբ, բայց այսօր կառավարությունը հարցեր չունի ընկերությանը: Փողերի հետեւից գնալու, հասկանալու փոխարեն, թե ում եւ ինչու են դրանք բաժանվել, ձեռնարկությունը լուծարվում է «չկա ձեռնարկություն՝ չկա պրոբլեմ» սկզբունքով: Մեր հարցերի պատասխանները Սանոսյանի հիմնարկից ստանալ դեռ չի հաջողվել: Հուսանք՝ կպատասխանեն: